«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 18:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ․
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 36 համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Ստորև ներկայացնում ենք վիճակագրական արդյունքները 143 դիտարկված տեղամասերում 08:00-14:00-ի դրությամբ և միջադեպերը՝ արձանագրած շրջիկ դիտորդների կողմից:
Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 37.6%-ում, ընդհանուր՝ առնվազն 167 դեպք: Սակայն եթե հիմնականում դրանք առանձին, եզակի դեպքեր էին, ապա 6 տեղամասերում դրանք կրել են պարբերական, իսկ ևս 2-ում՝ անընդհատ կրկնվող բնույթ: Միաժամանակ, քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքերի և փորձերի հիմնական պատճառներն են եղել քվեարկության կարգի չիմացությունը, քվեարկության գաղտնիությունը չկարևորելը, իսկ 14 տեղամասերում՝ նաև տեսողության խնդիրներն ու լուսավորության բացակայությունը: Դիտորդների գնահատմամբ, այդ դեպքերը պայմանավորված չեն եղել քվեարկության գաղտնիությունն այլ անձի համար բացահայտելու նպատակով:
Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 23․9%-ում: Ընդ որում, այդ տեղամասերից միայն 13-ում է այս խնդիրը պայմանավորված եղել զուտ ընտրողների չիմացությամբ: Միաժամանակ, 2 ընտրատեղամասերում դիտորդները քվեախցիկ մեկից ավելի անձանց մուտքը գնահատում են որպես քվեարկության վերահսկողության ձև: Նշենք, որ այստեղ հաշվի չեն առնվում գրանցված օգնողի միջոցով քվեարկության դեպքերը: Թեև օգնությամբ քվեարկության վերաբերյալ վիճակագրությունը կվերլուծվի քվեարկության ավարտից հետո, այդուհանդերձ, օրվա առաջին կեսին տեղամասերի 23%-ում որպես օգնող անձ էին գրանցվում տվյալ տեղամասի ընտրող չհանդիսացող անձինք, 2 դեպքում օգնող է գրանցվել օգնելու իրավունք չունեցող անձ:
Միայն մեկ տեղամասում է դիտարկվել դեպք, երբ հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել տեղամասի ընտրող չհանդիսացող անձի կողմից օգնությունը, դուրս է հրավիրել նրան տեղամասից և նշանակել այդ գործառույթի իրականացման համար այլ ընտրողի:
Վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 18%-ում: Այս դեպքերի բացարձակ մեծամասնությունը կապված է եղել վստահված անձանց՝ վկայականը տեսանելի կրելու դժկամության հետ: Զուգահեռաբար, վստահված անձանց վկայականների հետ կապված ևս մի խնդիր է ի հայտ եկել: Մասնավորապես, Աշտարակ համայնքի տեղամասերում ՀՅԴ կուսակցության վստահված անձինք ներկայացնում էին «Հայաստան Դաշինք» գրությամբ վկայականներ: Սակայն ինչպես հաջողվեց պարզել ԿԸՀ պարզաբանմամբ (հաստատվել է նաև դիտորդների կողմից), խնդրի պատճառը սխալ տպված վկայականն էր, որը ձեռքով լրացնելիս «Հայաստան Դաշինքը» գրվել է սխալմամբ և ոչ միտումնավոր:
Արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու 4 դեպք, որոնցից միտումնավոր էին արվել միայն երկուսը։
Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 12%-ում, իսկ ընտրողների կողմից քվեակարգի ընկալման հետ կապված խնդիրներ արձանագրվել են տեղամասերի 73%-ում: Ընդ որում, մի քանի քվեաթերթիկներով քվեակարգն օգտագործող Արտաշատ և Վանաձոր համայնքների կշիռն այս բոլոր դեպքերի ընդամենը 13% է, մյուս տեղամասերում օգտագործվել է մեկ քվեաթերթիկի մեջ գրիչով նշում կատարելու միջոցով քվեակարգը:
Դիտարկված տեղամասերից երկուսում նկատվել են տպագիր քարոզչական նյութեր։ Դիտարկվող տեղամասերի 6%-ի շրջակայքում եղել են քարոզչական պաստառներ:
Դիտարկված տեղամասերի 26%-ում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրական ցուցակներից կամ սարքերից։ Ընտրողների անունների բացակայությունը հիմնականում պայմանավորված է եղել անձնագրի վավերականության ժամկետով։ Ընտրողներն ուղղորդվել են ոստիկանության անձնագրային բաժին։ Հատկանշական է սակայն, որ մի շարք դեպքերում անձի անունն առկա է եղել տպված ցուցակներում, սակայն բացակայել է տեխնիկական սարքավորումներից։ Նշված դեպքերում հանձնաժողովները հրաժարվել են թույլատրել ընտրողին քվեարկել։
Տեղամասային դիտորդների դիտարկած տեղամասերից 3-ում գրանցվել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ թեկնածուն փորձել են իրենց վրա վերցնել հանձնաժողովի նախագահի գործառույթները: Նման դեպքեր արձանագրվել են նաև շրջիկ դիտորդների կողմից։
Կուտակումներ գրանցվել են դիտարկված տեղամասերի 23․9%-ում: Ընդ որում, այդ դեպքերի 18%-ը եղել է տեղամասային կենտրոնների շուրջ՝ 50 մ շառավղով: 7 տեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանները որևէ գործողություն չեն իրականացրել կուտակումների վերացման համար։ 5-ի դեպքում ձեռնարկվել են գործողություններ, բայց՝ ոչ բավարար։
Դիտարկված տեղամասերի 5%-ում արձանագրվել է վիճաբանության 9 դեպք: Տեղամասային դիտորդների կողմից քվեաթերթիկները քվեասենյակից դուրս հանելու դեպքեր չեն գրանցվել։ Տեղամասերի շրջակայքում գրանցվել է վիճաբանության 2 դեպք։
Ընտրողների կազմակերպված տեղափոխություն դիտարկվել է 4 տեղամասերում:
Դիտորդական առաքելության կողմից ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանություն է ուղարկվել չորս հաղորդում և մեկ հարցում:
Դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով:
comment.count (0)