«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն այսօրվա ասուլիսի ընթացքում ամփոփեց դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները։
Նրա խոսքով՝ քվեարկության օրը դաշինքի դիտարկած ընտրատեղամասերում հիմնական խնդիրները վերաբերել են նույն կուսակցության մեկից ավելի վստահված անձանց ընտրատեղամասում գտնվելուն, մեկից ավելի անձանց մուտքին քվեարկության խցիկ (սա չի վերաբերում օգնողներին կամ փոքր երեխաներին), քվեարկության գաղտնիության խախտման այլ դրսևորումներին, օգնությամբ քվեարկության հնարավոր չարաշահումներին, ընտրողներին քվեարկության կարգը պատշաճ չներկայացնելուն, քվեասենյակում իրավունք չունեցող անձանց ներկայությանը, խախտումները գրանցամատյանում չգրանցելուն, դիտորդների իրավունքները խախտելուն, խատումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինների կողմից քայլերի բացակայությանը, տեղամասային կենտոնից դուրս կուտակումներին, քարոզչության և ուղղորդման արգելված այլ դրսևորումներին․
«Գրանցվել են առավել եզակի դեպքերի, երբ հանձնաժողովի անդամները օգտագործել են ալկհոլային խմիչքներ, ծառայություն իրականացնող ոստիկանները թերացել են կուտակումները ցրելու իրենց պարտականությունները իրականացնելու մեջ, հանձնաժողովի անդամները խախտել են վիճակահանության սահմանված հերթափոխը, տեղամասի ներսում ի հայտ էին գալիս քարոզչական նյութեր կամ բանավոր քարոզչություն էր իրականացվում, միևնույն անձինք մեկից ավելի անգամ օգնող էին հանդիսանում կամ օգնող չէին գրանցվում, ընտրողների ստորագրացուցակներին ծանոթանալու միջոցով այդ տեղեկությունը փոխանցվում էր երրորդ անձանց, ընտրողների ցուցակի և էլեկտրոնային գրանցմա սարքի հետ կապված որոշակի խնդիրներ էին լինում և վիճաբանություններ»։
Իոաննիսյանը ներկայացրեց նաև դաշինքի եզրահանգումները դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ․ «Համայնքների մեծ մասում խախտումները էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա, արտացոլում են ընտրողների կամքը և ընտությունները համապատասխանում են ազատ ու արդար ընտրությունների չափորոշիչներին, այդուհանդերձ խնդրահարույց է այն, որ որոշ համայնքներում գործնականում չի եղել մրցակցություն կամ այդ մրցակցությունը չի եղել արդար վարչական ու ֆինսանսատնտեսական ռեսուրսների չարաշահման արդյունքում։ Համարում ենք, որ տեղական մակարդակում ընտրական ավանդույթների էական բարելավման ճանապարհ պետք է անցնենք՝ քաղաքական բանավեճերի խթանման, երկխոսության ձևավորման, հակադիր ուժերի միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման առումով, իսկ ընտրական օրենսդրությունը պետք է էապես բարելավվի՝ ֆինանսատնտեսական ու վարչական լծակներով մրցակցային առավելությունների չեզոքացման ուղղությամբ»։
Հիշեցնենք՝ Հայաստանի 38 համայնքներում երեկ՝ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել․ 36 համայնքներում ընտրություններն անցկացվել են համամասնական, 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։
comment.count (0)