Նոր հետազոտություններ Հայաստանում՝ աղքատության եւ սոցիալական կարիքների վերաբերյալ․ Լոռու մարզն ամենախոցելին է առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով
19:01 - 14 դեկտեմբերի, 2021

Նոր հետազոտություններ Հայաստանում՝ աղքատության եւ սոցիալական կարիքների վերաբերյալ․ Լոռու մարզն ամենախոցելին է առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով

Դեկտեմբերի 14-ին կայացել է Հայաստանում բազմաչափ աղքատության և համայնքների սոցիալական կարիքների մասին ԵՄ-ի կողմից ֆինանսավորված երկու հետազոտությունների արդյունքների ներկայացումը։ 

Միջոցառման ընթացքում ներկայացված հետազոտությունները իրականացվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ-Հայաստան) և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) կողմից Շիրակի, Լոռու և Տավուշի, Արմավիրի և Սյունիքի մարզերում։ 

«Հայաստանում ցնցումներին դիմացկուն սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդումը ազգային և տեղական մակարդակներում 2021 թվականի ԵՄ-Հայաստան տարեկան գործողությունների ծրագրի առաջնահերթություններից է»,- իր խոսքում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը,- «Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարևոր դեր ունեն աղքատության ու անհավասարության վերաբերյալ դիսկուրս առաջացնելու և ամենախոցելի խմբերի կարիքները բավարարող քաղաքականություններն ու հատկացումները խթանելու գործում»: 

ՀՌԿԿ-Հայաստանի «Համայնքային մակարդակում բազմաչափ աղքատությունը Հայաստանում» հետազոտությունը հայտնաբերել է մի շարք հիմնախնդիրներ․ Լոռու մարզն ամենախոցելին է (71.3%) առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով, Սպիտակում ցուցանիշը 80.1% է: Սպիտակում տնային տնտեսությունների 83,7%-ը, Իջևանի՝ 74,3%-ը, չեն կարող իրենց միս կամ համարժեք բուսական սնունդ թույլ տալ ամեն երկրորդ օրը: Երեք մարզերում աշխատունակ տարիքի (15-75) անձանց կեսից ավելին աշխատաշուկայի մաս չի կազմում (55.9%), իսկ 39.6%-ը երկարաժամկետ գործազուրկ է: Բնակչության միայն 2,4%-ն է նշել, որ ի վիճակի է կոմունալ վճարումները կատարել «հեշտությամբ» և այլն։ Քովիդ-19-ի առումով խոցելի բնակչության տեսակարար կշիռը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում միասին կազմել է 19.7%: Շիրակում (18.8%) այս ցուցանիշն ավելի ցածր է, քան Լոռիում (20.1%) և Տավուշում (20.4%): Այս և մյուս ցուցանիշների վերաբերյալ ՀՌԿԿ-Հայաստանը խնդիրների վրա ուշադրություն դարձնելու և դրանք լուծելու առաջարկների նախնական փաթեթ է պատրաստել: Ստացված տվյալները փաստում են, որ ենթազգային մակարդակում բազմաչափ աղքատության վերհանումը էական քայլ է՝ երկրում համայնքային մակարդակում աղքատությունը հասկանալու և այն հասցեագրելու համար: 

Հանդիպմանը ներկա էին ոլորտի պատասխանատու տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանն իր խոսքում նշել է,- «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գտնվում է սոցիալական պաշտպանության համակարգի բարեփախումների կարևոր հանգրվանում, որի ընթացքում շտկվում են կառավարության, համայնքի, քաղաքացիական հասարակության և բիզնես ոլորտի դերակատարումները։ Այս դերակատարումների լիարժեք տարորոշման համար խիստ օգտակար են անկախ հետազոտություններից ստացված տվյալները, որոնք նպաստում են կառավարության քաղաքականությունները ավելի փաստահենք և հասցեական դառնալուն»։ 

«Տարածքային սոցիալական պլանները այս պահին շատ պահանջարկված են և իսկապես ճիշտ ժամանակն է դրանք կյանքի կոչել։ Այս համատեքստում, որպես սոցիալական ոլորտի մասնագետներ, մենք կարևորում ենք ծրագրի գաղափարը՝ 10-ը համայնքներում մշակելու, ներդնելու և նպաստելու սոցիալական պլանների իրականացմանը»,- իր խոսքում նշել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ՝ Միրա Անտոնյանը։ 

ՀՍԱԱ «Ծրագրի թիրախ համայնքներում սոցիալական կարիքները և ծառայությունների արձագանքը» հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի մի շարք մարզերի տարբեր համայնքներում (Մեծամոր, Արմավիր, Մրգաշատ, Իջևան, Նոյեմբերյան, Գյումրի, Մարմաշեն, Գորիս, Սիսիան, Տաթև) բնակիչների կողմից բարձրաձայնված կարիքներն ու խնդիրները գրեթե նույնն են։ Այսպես, օրինակ, երեխաների՝ հատկապես հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների, համար զարգացման կենտրոնների բացակայությունը, տարեցների համար զբաղմունքի/ժամանցի վայրի բացակայությունը, սոցիալական աջակցության ծառայությունների մատուցման ցածր որակը, չափորոշիչների ոչ հստակ լինելը, սոցիալական աշխատողների և ինտեգրացված սոցիալական ծառայությունների մատուցման պատասխանատուների վերապատրաստման կարիքը, ենթակառուցվածքների՝ ճանապարհների, խմելու ու ոռոգման ջրագծերի անմխիթար վիճակը և այլն։ 

ՀՌԿԿ Հայաստանի հետազոտությունն իրականացվել է «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի շրջանակներում, իսկ ՀՍԱԱ հետազոտությունը՝ «Ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ներ՝ ի նպաստ Հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքների» եռամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել