1lurer.am: ՀՀ Կառավարության անդամներն այսօր Կառավարության նիստի ընթացքում հավանություն տվեցին որոշման նախագծին, ըստ որի` 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա:
Ինչպես հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախագիծը բխում է Կառավարության ծրագրի՝ գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի առաջանցիկ աճն ապահովելու նպատակից:
«Նշեմ նաև պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով սահմանված է որպես սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ կբարձրանան նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:
1) նվազագույն կենսաթոշակի չափը` 28600 դրամ (26500 դրամի փոխարեն).
2) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
ա․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն).
բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (30000 դրամի փոխարեն).
գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն).
3) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)։
Կբարձրացվեն նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28600 դրամ (26500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37000 դրամ (26500 դրամի փոխարեն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կենսաթոշակների շարունակական բարձրացումը Կառավարության պարտավորությունն է, մյուս կողմից ընդգծեց, որ այդ պարտավորությունն առավել արդյունավետ դարձնելու միջոցն իրենք տեսնում են առավել արդյունավետ և առավել զարգացած և զարգացող տնտեսություն ունենալու մեջ:
«Տնտեսությունն է գեներացնում այն գումարները, որոնք մենք հնարավորություն ենք ունենում ծախսելու սոցիալական կարիքների վրա, և ուզում եմ մի այսպիսի զուգահեռ բերել. մենք կենսաթոշակների նվազագույն չափը ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց ուզում եմ ընդգծել, որ այս տարի գիտության ոլորտում դարակազմիկ չափերով աշխատավարձեր և ֆինանսավորում ենք ավելացնում. մենք հույս ունենք, որ կրթության և գիտության տեխնոլոգիաների ոլորտներում մեր կատարած ներդրումները ի վերջո շղթայորեն բերելու են այնպիսի էֆեկտի, որտեղ մենք հնարավորություն կունենանք ավելի գործունակ և էֆեկտիվ սոցիալական ապահովության համակարգ ունենալ:
Սա Կառավարության մոտեցումն է տնտեսությանը, սոցիալական համակարգին, և այս ուղղությամբ մենք պետք է լրջորեն առաջ շարժվենք:
2022 թվականին մենք տնտեսական աճի հավակնոտ նշաձող ենք դրել, և մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերը, որպեսզի ապահովենք տնտեսական աճի այն ցուցանիշը, որը որպես նշաձող մեր առջև դրել ենք»,- ասաց վարչապետը:
comment.count (0)