Մի քանի կետ կա, որոնց համար ես կատեգորիկ մերժում եմ այս պրոցեսը․ Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը բացառապես չի բխում Երեւանի եւ ժողովրդավարության շահերից, երկրորդն այն գործիքակազմն է, շանտաժի ու սպառնալիքի այն լեզուն, որն օգտագործվել է ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար։ Այս մասին այսօր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով ավագանու նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գեւորգյանը՝ նշելով, որ այս քվեարկության արդյունքների օրինականությունը կասկածի տակ է դրվում․
«Այս քվեարկության արդյունքների օրինականությունը կասկածի տակ է դրվում, քանի որ երեկ բացահայտվեց, որ ավագանու անդամներին շանտաժի եւ սպառնալիքների ենթարկելով՝ փորձել են ստորագրություններ կամ վկայություններ կորզել, ինչի առիթով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը։ Հարգելի՛ երեւանցիներ, այս ոչ լեգիտիմ պրոցեսի ընթացքում բացահայտվեց կազմակերպիչների շանտաժային գործելաոճը՝ ավագանու անդամների վրա տարբեր լծակներ կիրառելով՝ ստիպել են կամ վայր դնել մանդատը, կամ ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ»,- ասաց Գեւորգյանը՝ շեշտելով, որ ինչպես այս երեք տարիների ընթացքում, այնպես էլ հիմա, նրանք ունակ չեն եղել պարզ քաղաքական հաշվարկներ իրականացնել․
«Նրանք չէին հաշվարկել, որ գուցե հաջողվի որոշ մասին շանտաժի ենթարկել, բայց ոչ բոլորին։ Այս մարդիկ թրծվել են տարիների պայքարի մեջ։ Մասնավորապես, Լուսինե Մխոյանը եւ Գրիգորի Երիցյանը երեկ բարձրաձայնել են, որ Արմեն Գալջյանը («Իմ քայլը» խմբակցության ղեկավար,-խմբ․) եւ Լեւոն Հովհաննիսյանը («Իմ քայլը» խմբակցության քարտուղար,-խմբ․) իրենց շանտաժի են ենթարկել։ Պարզ դարձավ, որ նրանց միակ մտավախությունը քաղաքապետի աճող, եւ ՔՊ-ի նվազող վարկանիշն է, պարզ դարձավ, որ նրանք պատրաստ են ճնշման տարբեր լծակներ կիրառելով՝ ավագանու անդամներին դրդել բոյկոտի, ազդել նրանց ազատ կամարտահայտման վրա եւ զրկել երեւանցիներին նոր տրանսպորտային համակարգից՝ միեւնույն ժամանակ վտանգի ենթարկելով նույն տրանսոպրտային համակարգը։ Պարզ դարձավ, որ նրանց համար անձնային շահը, կարիերան, պաշտոնը վեր են դասվում հանրային շահից»։
Գեւորգյանը շեշտեց՝ հաշվի առնելով ավագանու անդամների հայտարարությունները, թե ինչպես են իրենց շանտաժի ենթարկել, ակնհայտ է դառնում, որ այս քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել այն պարզ պատճառով, որ ավագանու անդամների որոշման վրա ազդելու նպատակով անօրինական գործիքակազմ է կիրառվել։
Վահե Գեւորգյանն ավագանու անդամներին կոչ արեց քվեարկել իրենց խղճով եւ համոզմունքներով։
Ի դեպ՝ Գեւորգյանը հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին․ «Դուք ընդունո՞ւմ եք, որ շանտաժի կամ այլ սպառնալիքների միջոցով փորձել եք ազդել ավագանու անդամների ազատ կամարտահայտման վրա»։ Գալջյանն էլ արձագանքեց՝ ասելով․ «Ոչ, չեմ ընդունում»։
Հիշեցնենք, որ երեկ Infocom-ի հետ զրույցում Երեւանի ավագանու նախկին անդամ Արփենիկ Մարությանը հայտնել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանն իրեն հաղորդագրությամբ հորդորել է չմասնակցել ավտոբուսների գնման համար գումար հատկացնելու հարցով նիստին, քանի որ ավտոբուսների գնման ընթացակարգը եւ վճարումը չէր համաձայնեցվել կառավարության հետ։
comment.count (0)