Առաջարկվում է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը. ՀԾԿՀ-ում աշխատանքային քննարկում է |armenpress.am|
16:59 - 23 դեկտեմբերի, 2021

Առաջարկվում է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը. ՀԾԿՀ-ում աշխատանքային քննարկում է |armenpress.am|

armenpress.am: Առաջարկվում է Հայաստանում 2022 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մեկնարկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում:

Սակագների վերանայման գործընթացն էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվում է յուրաքանչյուր տարի: Այս տարի ևս սեպտեմբեր ամսին սկսվել է վերանայման գործընթացը: Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի խոսքով՝ այդ վերանայման նպատակն է գնահատել ամբողջ համակարգում տեղի ունեցող գործոնային փոփոխությունները, և հասկանալ, թե փոփոխությունների արդյունքում վերջնական սպառողի սակագնի վրա ազդեցություն ունենում է, թե ոչ: «Այս տարի բոլոր գործոնների ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ եթե գործող սակագները պահպանեինք նույն մակարդակում, ապա համակարգում կունենայինք շուրջ 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք: Եվ, եթե սակագների բարձրացում տեղի չունենար, ապա այս ֆինանսական ճեղքվածքի պատճառով խնդիրներ կունենայինք հաջորդ տարի անխափան և հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հետ կապված: Հետևաբար ստիպված սակագների բարձրացման պետք է գնանք»,-ասաց Ուլիխանյանը:

Առանձին խմբերի համար հանձնաժողովի առաջարկած թվերում փոփոխություններ կլինեն, թե ոչ, ցույց կտան քննարկումները: Հարցը կքննարկվի ՀԾԿՀ-ի դեկտեմբերի 29-ի նիստում: Եթե կայացվի համապատասխան որոշումը, ապա փետրվարի 1-ից նոր սակագները կմտնեն ուժի մեջ:

ՀԾԿՀ-ից տեղեկացնում են, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կկազմի 23.8 մլրդ դրամ: Արդյունքում առաջարկում են սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամ/կՎտժ-ով: Ընդ որում, առաջարկվում է՝սոցիալապես անապահովների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը, սակագները թողնել անփոփոխ, իսկ ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 55 տոկոսը, առաջարկվում է սակագներն ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով: Իսկ բնակիչ-բաժանորդների 25 տոկոսը կազմող՝ ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար առաջարկվում է սակագներն ավելացնել 3.5 դրամ/կՎտժ-ով, իսկ մնացած սպառողների համար առաջարկվում է սակագինն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով:

Ըստ այդ առաջարկի՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային և գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ և 19.99 դրամ: Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն՝ 36.48 դրամ: Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ: Իսկ 400 կՎտժ –ից ավել սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել 53.48 դրամ, գիշերային սակագինը՝  գործող 37.98 դրամի փոխարեն՝ 43.48 դրամ:

Բնակիչ բաժանորդների քանակը 811 հազար 316 է:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկումն անցկացվում է սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել