Հրաչյա Սարգսյանը երդվեց գործել ի բարօրություն Երևանի բնակիչների
11:45 - 25 դեկտեմբերի, 2021

Հրաչյա Սարգսյանը երդվեց գործել ի բարօրություն Երևանի բնակիչների

Երևանի քաղաքապետարանում քիչ առաջ Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երդմամբ ստանձնեց քաղաքապետի լիազորությունները․ «Ստանձնելով ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազրությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրոմով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»։

Այնուհետև Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար․ «Մեծ պատասխանատվություն է ստանձնել ավելի քան 2800-ամյա քաղաքի՝ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Մեր առջև ծառացած են բազում խնդիրներ, որոնք արդյունավետ և հիմնարար լուծումների կարիք ունեն, և որոնց ճշգրիտ լուծումներից է կախված մեր մայրաքաղաք Երևանի հետագա կայուն զարգացումը։ 2018 թ․-ի ընտրություններից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնք թիմային աշխատանքի արդյունք են, և մեր նպատակն է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա՝ համագործակցելով նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ իրագործել հավակնոտ, բայցև իրատեսական ծրագրերը։ Քաղաքաի կառավարումը և ենթակառուցվածքների զարգացումը համակարգային մոտեցման անհրաժեշտություն ունի և պետք է հիմնված լինի արդյունավետ կառավարման, նորարարական մոտեցումների և ամենօրյա նվիրված աշխատանքի վրա»։

Սարգսյանը կարևորեց  ներդաշնակ և արդյունավետ համագործակցությունը քաղաքական և գործադիր ինստիտուտների միջև․ «Լիահույս եմ և ակնկալում եմ ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական և հասարակական կառույցների կողմից աջակցությունը Երևանի զարգացման ուղղված խնդիրների լուծման հարցում։ Եվ ամենակարևորը, ակնկալում եմ երևանցիների, ՀՀ այլ համայնքների բնակիչների, Արցախի Հանրապետության, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը՝ մեր բոլորի մայրաքաղաք Երևանի զարգացման գործում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել