Խառնաշփոթ՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնների անվանումների շուրջ․ ե՛ւ ԱԽ-ն, ե՛ւ Սուրեն Սարգսյանը սխալվում են
20:01 - 07 հունվարի, 2022

Խառնաշփոթ՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնների անվանումների շուրջ․ ե՛ւ ԱԽ-ն, ե՛ւ Սուրեն Սարգսյանը սխալվում են

Հայաստանյան պաշտոնական հայտարարություններում եւ լրատվամիջոցներում տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպ են ներկայացվում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնների անվանումները, ինչը տարընկալումների եւ շփոթության առիթ է դառնում։

Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ անվտանգության խորհուրդը մամուլի հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Այցի շրջանակում, ըստ ԱԽ մեկ այլ հաղորդագրության, Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով ԱԽ այս հաղորդագրությանը, ֆեյսբուքյան իր էջում ի թիվս այլնի գրեց․ «Արմեն Գրիգորյանը հանդիպել է ոչ թե Պետքարտուղարի ՏԵՂԱԿԱԼԻ պաշտոնակատարին, այլ պետքարտուղարի ՕԳՆԱԿԱՆԻ պաշտոնակատարին»։

Infocom-ը որոշեց պարզել, թե ինչ պաշտոն է զբաղեցնում ԱԽ հաղորդագրության մեջ հիշատակված Դերեք Հոգանը ԱՄՆ պետքարտուղարությունում, եւ առհասարակ, ինչպես է այն ներկայացվում հայաստանյան մամուլում և պաշտոնական հաղորդագրություններում։

Դա հասկանալու համար դիտարկենք ԱՄՆ պետքարտուղարության կառուցվածքի գծապատկերը, որը հասանելի է Պետքարտուղարության պաշտոնական կայքում։ 

Գծագրից ակնհայտ է, որ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալները (Deputy Secretary of State, նշված են կարմիր գույնով) եւ Եվրոպական եւ Եվրասիական հարցերով բյուրոն (Bureau of European and Eurasian Affairs, նշված է կանաչ գույնով), որում աշխատում է Դ․ Հոգանը, տարբեր հարթություններում են, ընդ որում, գծագրում նշված է այդ բյուրոյի ղեկավարը (Assistant Secretary), այսինքն՝ Դ․ Հոգանը, պայմանականորեն ասած, դրանից մեկ աստիճանով էլ «ցածր» օղակում է։ ԱՄՆ կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ նա զբաղեցնում է հետեւյալ պաշտոնը․ Principal Deputy Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs։ Ուսումնասիրելով ՀՀ կառավարության, Արտաքին գործերի նախարարության, ինչպես նաեւ ԱԽ կայքերի արխիվը՝ պարզ է դառնում, որ այս պաշտոնը պաշտոնական հաղորդագրություններում տարբեր տարիներին տարբեր կերպ է ներկայացվել։ 

Մասնավորապես, 2009 թվականին, երբ այն զբաղեցնում էր Թինա Քեյդենաուն, ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով հետեւյալը․ «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուին»։ Այսինքն՝ ներկայումս Դ․ Հոգանի զբաղեցրած պաշտոնը ՀՀ կառավարությունն այդ ժամանակ թարգմանել է որպես ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ։ Մինչդեռ ԱԽ-ն, ինչպես արդեն նշեցինք, վերջերս այն թարգմանել է որպես ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար։

Ի տարբերություն այս երկու թարգմանությունների՝ 2016, ապա նաեւ 2018 թվականներին Կառավարությունը նույն պաշտոնը թարգմանել է որպես ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ։ Մասնավորապես, 2016 թվականի հաղորդագրությունում գրված է հետեւյալը․ «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին», իսկ 2018 թվականի հաղորդագրությունում՝ «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին»։

Ստացվում է, որ Principal Deputy Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs պաշտոնը հայաստանյան պաշտոնական մամուլում ներկայացվել է երեք տարբեր ձեւերով՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար։

Նույն կերպ չկա միասնական մոտեցում հիշյալ բյուրոյի ղեկավարի (Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs) պաշտոնի թարգմանության հարցում։ Այդ պաշտոնը, ըստ ԱՄՆ կառավարության կայքի, այժմ զբաղեցնում է Քարեն Դոնֆրիդը։ 

Այսպես․ 2001 թվականին ՀՀ կառավարությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է․ «Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական երկրների հարցերով օգնական, դեսպան Էլիզաբեթ Ջոնսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը»: 

Մինչդեռ 2020 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ այն թարգմանված է որպես ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ։ Մասնավորապես, հաղորդագրության մեջ ասված է․ «Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Նույն օրը տեղի ունեցավ ԱԳ նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը»։

Մամուլում առկա ոչ պաշտոնական տարբեր հրապարակումներում եւս այս պաշտոնը ներկայացվում է մեկ որպես ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ, մեկ՝ որպես նույն հարցերով օգնական։ Ավելին, միեւնույն լրատվամիջոցը, կախված սկզբնաղբյուրներից, նույն Քարեն Դոնֆրիդին կարող է ներկայացնել մեկ որպես օգնական, մեկ՝ որպես տեղակալ։

Պարզելու համար, թե իրականում որոնք են Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs եւ Principal Deputy Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs պաշտոնների հայերեն ճիշտ համարժեքները, գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն։

ԱՄՆ դեսպանատնից ստացված պատասխանում, մասնավորապես, ասված է․ «ԱՄՆ պետքարտուղարության կազմակերպական կառուցվածքը դիտարկելիս նկատում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարն ունի երկու առաջին տեղակալ (Deputy Secretary), ապա հաջորդում են տեղակալների եւս երկու մակարդակ՝ Under Secretary եւ Assistant Secretary, որոնք դեսպանության լրահոսում թարգմանվում են համապատասխանաբար որպես պետքարտուղարի տեղակալ եւ փոխպետքարտուղար։ Փոխպետքարտուղարներն էլ իրենց հերթին ունեն մեկ առաջին տեղակալ (Principal Deputy Assistant Secretary) եւ տեղակալներ (Deputy Assistant Secretary)»։ 

Հետեւաբար, Դ․ Հոգանը ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալն է, ուստի ե՛ւ Անվտանգության խորհուրդը, ե՛ւ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նրան սխալ կերպ էին ներկայացրել՝ նշելով, թե նա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կամ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարն է։ «Պաշտոնակատար» եզրույթը, ըստ ամենայնի, շփոթության արդյունք է, քանի որ «deputy» բառը ունի երկու իմաստ․ այն նշանակում է եւ տեղակալ, եւ պաշտոնակատար։ Այդ մասին վկայում են lingvo live եւ cambridge dictionary առավել արժանահավատ օնլայն բառարանները։  Այս դեպքում հասկանալի է, որ Principal Deputy Assistant Secretary-ն հենց պաշտոնի ամբողջական անվանումն է, իսկ որեւէ պաշտոն չի կարող իր մեջ ներառել «պաշտոնակատար» բառը։

Ինչ վերաբերում է Քարեն Դոնֆրիդին (Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs), նա, ըստ Դեսպանատան պատասխանի, ԱՄՆ փոխպետքարտուղարն է (Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով), ուստի շփոթությունից խուսափելու համար առավել նախընտրելի է կիրառել այս տարբերակը, քան մամուլում տարածված օգնական կամ տեղակալ տարբերակները։ Այս Փոխպետքարտուղարը ԱՄՆ պետքարտուղարի եւ Պետքարտուղարի գլխավոր տեղակալների (Deputy Secretary) համար ծառայում է որպես խորհրդական՝ իրականացնելով  Բյուրոյի առաքելությունը, ինչը ներառում է, օրինակ, Եվրոպայում եւ Եվրասիայում ԱՄՆ արտաքին քաղաքականության մշակումը, տարածաշրջանում ԱՄՆ շահերի խթանումը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են միջազգային անվտանգությունը,  Եվրամիության եւ տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ հարաբերությունների համակարգումը, աջակցությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ այլն։ Հաշվի առնելով, որ Դ․ Հոգանը Ք․ Դոնֆրիդի առաջին տեղակալն է՝ հասկանալի է, որ նրա գործառույթները եւս նույն շրջանակներում են։

Հավելենք, որ Դեսպանատնից նաեւ նշել են, որ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնների հայերեն անվանումների միատեսակ կիրառումը ցանկալի է, սակայն դրանք ներկայացվում են թարգմանաբար եւ հնարավոր են զուգաձեւություններ․ «Օրինակ հայերենում կիրառում ենք «պետքարտուղարություն» կամ «պետդեպարտամենտ» բառերը, եւ երկու դեպքում էլ խոսքը ԱՄՆ արտաքին գործերի նախարարության՝ Department of State-ի մասին է։ Լեզուն մշտապես զարգացող երևույթ է եւ ժամանակի ընթացքում թերեւս կլինեն զտումներ ու գոյության իրավունք կստանա այն տարբերակը, որն առավել ճշգրիտ ու համարժեք է արտացոլում այս կամ այն  իրողությունը»,- ասված է պատասխանում։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել