2021թ․ հոկտեմբերի դրությամբ թրաֆիքինգի դեպքերի առթիվ հարուցված գործերով 13 անձ է տուժող ճանաչել, 4-ն` անչափահաս․ ամփոփ տվյալներ
15:01 - 13 հունվարի, 2022

2021թ․ հոկտեմբերի դրությամբ թրաֆիքինգի դեպքերի առթիվ հարուցված գործերով 13 անձ է տուժող ճանաչել, 4-ն` անչափահաս․ ամփոփ տվյալներ

2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներն ընդգրկող ժամանակահատվածում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 25 անձի է նույնականացրել որպես մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհ, նրանցից 8-ն անչափահաս են։ ՀՀ ոստիկանությունը նույն ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 13 անձի է տուժող ճանաչել, 4-ն՝ անչափահաս։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են նախարարությունց եւ Ոստիկանությունից։

Նույնացման հանձնաժողովի կողմից անձին թրաֆիքինգի զոհ ճանաչելը եւ իրավապահ մարմինների կողմից քրեական գործի շրջանակում տուժող ճանաչելն իրարից անկախ գործընթացներ են, չեն պայմանավորում մեկը մյուսին, այդ իսկ պատճառով, տրամադրված թվերի միջեւ առկա է որոշակի տարբերություն։

ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ մարդու թրաֆիքինգը շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն են, ինչպես նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով։

Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը պատժվում է 5-14 տարի ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։

Վերջին տասնամյակում չափահաս անձանց թրաֆիքինգի ամենաշատ դեպքերը Ոստիկանությունն արձանագրել է 2012-ին, 2013-ին, 2014-ին եւ անցյալ՝ 2021 թվականին։ 2012-ի համեմատ, այդուհանդերձ, դեպքերը նվազել են։ 

Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե չափահասների թրաֆիքինգի դեպքերի առթիվ 2012-2021թ․ հոկտեմբերը քանի քրեական գործեր են հարուցվել


2012-ին հարուցված 13 քրեական գործերից մեկը մինչ օրս նախաքննության փուլում է, եւս մեկը՝ 2019-ին հարուցված քրեական գործերից։ Նախաքննության փուլում են նաեւ 2020-ին հարուցված վեց քրեական գործերից հինգը, մինչեւ այս տարվա հոկտեմբերը հարուցված յոթ քրգործերից 4-ը։

Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե չափահասների թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերն ինչ ճակատագրի են արժանացել


2012-ին Ոստիկանությունը տուժող է ճանաչել 14 չափահաս անձի, 2013-ին՝ յոթ, 2014-ին՝ յոթ, 2015-ին՝ չորս անձի, 2016-ին՝ տասնմեկ անձի, 2017-ին՝ 3 անձի, 2018-ին՝ մեկ անձի, 2019-ին՝ չորս անձի, 2020-ին՝ վեց անձի, 2021-ի հունվարից հոկտեմբերը՝ ինն անձի։ 

Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերով տուժող ճանաչված չափահասներից քանիսն են իգական, քանիսը՝ արական սեռի ներկայացուցիչ


ՀՀ ոստիկանությունը վերջին տասնամյակում անչափահասների թրաֆիքինգի ամենաշատ դեպքեր արձանագրել է 2013 թվականին։ Նման դեպքերը, Ոստիկանության տվյալների համաձայն, 2013-ի համեմատ չեն աճել։

Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե անչափահասների թրաֆիքինգի դեպքերի առթիվ 2012-2021թ․ հոկտեմբերը քանի քրեական գործեր են հարուցվել

 

2012-ին եւ 2013-ին հարուցված քրգործերն ուղարկվել են դատարան։ Դատարան են ուղարկվել նաեւ 2015-ին, 2017-ին, 2018-ին հարուցված գործերը, իսկ 2019-ին, 2020-ին, 2021-ին հարուցված քրեական գործերը հոկտեմբերի դրությամբ դեռեւս նախաքննության փուլում են գտնվել։ Կարճված եւ կասեցված գործեր չկան։

 

Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե անչփահասների թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերն ինչ ճակատագրի են արժանացել


2012-ին Ոստիկանությունը տուժող է ճանաչել 4 անչափահաս անձի, 2013-ին՝ դարձյալ 4, 2015-ին՝ մեկ անչափահասի, 2017-ին՝ դարձյալ մեկ անչափահասի, 2018-ին՝ երկու, 2019-ին՝ չորս անձի։ Թեեւ 2020-ին երեք քրգործ է հարուցվել, որեւէ անչափահաս հոկտեմբերի դրությամբ չի ունեցել տուժողի կարգավիճակ, 2021-ին տուժող է ճանաչվել չորս անչափահաս։

Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործերով տուժող ճանաչված չափահասներից քանիսն են իգական, քանիսը՝ արական սեռի ներկայացուցիչ
Made with Flourish

Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքը։ Այն նպատակ ունի հայտնաբերել թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձանց, պատշաճ նույնացնել նրանց, արդյունավետ ապահովել աջակցությամբ, պաշտպանությամբ եւ հասարակությանը սոցիալական վերաինտեգրմամբ՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, ինչպես նաեւ հասարակական, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության ընթացակարգերի ձեւավորմամբ: 

Օրենքը սահմանում է, որ մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված է համարվում այն անձը, որն այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ։ Իսկ հավանական զոհի նույնացման համար հարկավոր է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված լինելը հավաստող կամ հերքող տեղեկությունները, փաստերը, ապացույցները եւ այլ նյութեր ներկայացնել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով:

Նույնացման հանձնաժողովը կազմավորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու հասարակական կազմակերպությունների, ՀՀ գլխավոր դատախազության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից, որոնք նույնացման հանձնաժողովում հանդես են գալիս հավասար իրավունքներով: Հասարակական կազմակերպությունները եւ պետական մարմինները նույնացման հանձնաժողովում ներկայացված են անդամների հավասար քանակով: Նույնացման հանձնաժողովի նախագահն է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը: 

Քանի որ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014-ին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն, օրենսդրությամբ նախատեսված կարգով, մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման գործընթացն իրականացրել է 2015 թվականից սկսած՝ ինչպես տեղեկանում ենք նախարարություն ուղարկած մեր հարցման պատասխանից։ Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ 2015 թվականին նույնացվել է 7 անձ, 2016թ․-ին՝ 17 անձ, 2017թ․-ին՝ 11 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2018 թ․-ին՝ 9 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2019թ․-ին՝ 8 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2020թ․-ին՝ 9 անձ, որից 5-ն՝ անչափահաս, եւ նախորդ տարվա սկզբից մինչեւ հոկտեմբերը, ինչպես նշեցինք, 25 անձ, որից 8-ն՝ անչափահաս։

Նախարարությունը մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերին, այդ թվում՝ հատուկ կատեգորիայի զոհ* հանդիսացող անչափահասներին տրամադրում է հիմնական աջակցության տեսակները, այդ թվում՝ կացարանի ապահովում, բնաիրային օգնություն, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն, օժանդակում՝ անհրաժեշտ փաստաթղթերի վերականգնման գործընթացում, թարգմանչական ծառայությունների մատուցում, օժանդակում աշխատանքի տեղավորման եւ հիմնական կրթության ապահովման հարցում։ Աջակցության այս տեսակների մատուցումն ապահովվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում ծրագրի շրջանակում, որն իրականցվում է դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպության կողմից։

Գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ նախարարության կողմից իրականացվող մյուս ծրագրի շրջանակում առաջնային կարիքները հոգալու համար միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում թրաֆիքինգի եւ շահագործման զոհերին (այդ թվում՝ հատուկ կատեգորիա հանդիսացող զոհերին)՝ 250,000 դրամի չափով։

«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից 2019 -2020թ. մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել «Թրաֆիքինգի եւ մարդկանց շահագործման դեմ պայքարի վեցերորդ՝ 2020-2022 թթ. ազգային ծրագիրը», որն ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թվականի N 909-Լ որոշմամբ։ Թրաֆիքինգի եւ մարդկանց շահագործման դեմ պայքարի վեցերորդ ծրագրով ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը եւ ներառված են 6 հիմնական բաժնում` 

  • մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում, 
  • մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման կանխարգելում, երեխաների թրաֆիքինգի եւ շահագործման կանխարգելում, 
  • մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, 
  • պաշտպանություն եւ աջակցություն, 
  • միջազգային համագործակցություն, 
  • ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում եւ գնահատում»:

Նախարարությունից հարցման պատասխանում նշել են, որ Ազգային ծրագրով առանձնացված գործողություններով նախատեսվում է առավել ընդգրկուն ու համապարփակ դարձնել մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարը, համախմբել ներգրավված կողմերի ուժերը, նպաստել մասնագետների կարողությունների հզորացմանն ու որակավորման բարձրացմանը, երեւույթի առավել արդյունավետ կանխարգելմանը, զոհերի նույնացմանը, բարելավել աջակցությունը եւ հստակեցնել պաշտպանության մեխանիզմները՝ հաշվի առնելով նաեւ երեխայի լավագույն շահը:

Ինչ վերաբերում է Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին, նախարարությունն ընդգծել է, որ այն ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի գործընթացում կարեւոր դերակատարում ունի։ «Այն ղեկավարում է ՀՀ փոխվարչապետը․ պարբերաբար հրավիրվող նիստերում քննարկվում են ոլորտի խնդիրները, քաղաքականության առաջնահերթ ուղղությունները»։ 

Գերատեսչությունից ընդգծել են, որ 2021 թվականի հուլիսի 30-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը հայտարարվել է Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարին ուղղված տեղեկատվական եւ կանխարգելման արշավ, որի շրջանակում կազմակերպվել են բազմաթիիվ քննարկումներ, իրականացվել են մարզային այցելություններ, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ։

Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության եւ նախարարության տրամադրած տվյալների որոշակի տարբերությանը, ապա նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնել են, որ, օրինակ, դեպքը կարող է բացահայտված լինել ավելի շուտ, բայց նույնացման գործընթացը տեղի ունենա ավելի ուշ։ 

* Հատուկ կատեգորիայի զոհ - մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձ, որը հայտնաբերման պահին եղել է երեխա կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձ եւ այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ։

Ի հավելումն նշենք, որ ՀՀ ոստիկանությունը կենտրոնացված հաշվառում չի իրականացնում, թե չափահաս կամ անչափահաս անձանց թրաֆիքինգի համար քանի անձ է դատապարտվել։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել