Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ հունվարի 22-ից Հայաստանում նոր սահմանափակումներ մտցվեցին։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ այստուհետ հյուրանոցներ, հանրային սննդի օբյեկտներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և մշակութային այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստման, կա՛մ թեստավորման հավաստագիր։
Բացառություններ սահմանվեցին անչափահասների, հղիների, առնվազն երեք ամիս առաջ կորոնավիրուսով վարակաված, ինչպես նաև պատվասման հակացուցում ունեցող մարդկանց համար։
Հանրային սննդի օբյեկտներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը ստուգայցերով հետևում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։ Այլ կազմակերպություններում կանոնների պահպանմանը հետևում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ): Այն տնտեսվարողները, որոնց մոտ հայտնաբերվում են սահմանված նորմերի խախտումներ, զգուշացվում են կամ տուգանվում՝ հարյուրից երեք հարյուր հազար դրամի չափով։
Հունվարի 23-ին «Զարթոնք» կուսակցության նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հայտարարելով, որ տեսչական մարմնի ստուգումներն անօրինական են։ Զոհրաբյանի գրառումը կամ հրապարակած տեսանյութը տարածեցին մի քանի կայքեր (news.am, yerevan.today, a1plus, live24.am)։
Արա Զոհրաբյանը, սակայն, սխալվում է․ տեսչական մարմինների ստուգայցերը և տուգանքներն անօրինական չեն։ Անդրադառնանք նրա պնդումներին առանձին-առանձին։
Կարանտինի ընթացքում ստուգայցերը
Զոհրաբյանն իր գրառման մեջ նշել է, որ տեսչական մարմինը ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացնել ստուգաթերթի և հանձնարարագրի հիման վրա՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն: Նա հավելել է, որ տեսչական մարմինն, այդ օրենքը շրջանցելով, առանց նախնական ծանուցման, ստուգայց կարող է կատարել միայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա, և մեջբերել է այդ օրենքի 17․5-րդ հոդվածի մի քանի կետեր․
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածն, իրոք, ինչպես Արա Զոհրաբյանն է նշում, սահմանում է, որ ստուգումներն անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա։
Իսկ եթե կարճ ներկայացնենք «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17․5 հոդվածը, որը մեջբերել է Զոհրաբյանը, ապա կստացվի հետևյալը․
Քանի որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը միայն կառավարության՝ կարանտին հայտարարելու որոշմամբ սահմանված կանոնների առկայության դեպքում է տեսչական մարմիններին թույլատրում առանց նախազգուշացման ստուգայցեր իրականացնել, իսկ Հայաստանում գործող հակահամաճարակային կանոնները առողջապահության նախարարի հրամանով են սահմանվել, Զոհրաբյանը պնդում է, որ տեսչական մարմինը չի կարող, առանց նախապես ծանուցելու, ստուգայցեր իրականացնել։
Օրենքը մեջբերելիս, սակայն, նա բաց է թողել 17․5-րդ հոդվածի 9-րդ կետը, որտեղ ասվում է, որ տվյալ հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ առողջապահության նախարարը։
Բացի այդ՝ 2020-ի սեպտեմբերին՝ արտակարգ դրության ավարտից հետո, երբ Հայաստանում, կառավարության որոշմամբ, սահմանվեց կարանտին, առանձին հավելվածով հաստատվեցին կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։ Այս հավելվածում նշվում է․ «Տնտեսական գործունեության առանձին տեսակների, ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում: Սույն կանոնի պահպանման նկատմամբ սահմանվում է վեահսկողություն՝ օրենքով սահմանված կարգով»:
Այսինքն, ըստ կառավարության որոշման՝ կարանտինի ընթացքում տնտեսվարողների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն Առողջապահության նախարարության սահմանած սանիտահամաճարակային անվտանգության կանոննեը պահպանելու դեպքում։
Հայաստանում գործող կարանտինը, կառավարության որոշմամբ, երկարաձգվել է մինչև 2022-ի հունիսի 20-ը, իսկ նախարարի՝ սանիտարական կանոններ հաստատելու մասին հրամանը դեռևս ուժի մեջ է։ Հաշվի առնելով, որ որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով սահմանված է, որ առողջապահության նախարարն է կարանտինի ընթացքում սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ հաստատում, ըստ կառավարության որոշման էլ տնտեսվարողները պետք է գործեն՝ ըստ այդ կանոնների, տեսչական մարմինը կարող է կարանտինի ընթացքում, առանց նախազգուշացնելու, ստուգայցեր իրականացնել՝ հիմնվելով միայն նախարարի հրամանի վրա։
Ստուգայցերի ընթացքում տուգանքները
Արա Զոհրաբյանը նաև վստահեցնում է, որ տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի խախտման համար տուգանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով։ Պատճառաբանությունն այն է, որ օրենսգրքի այս հոդվածն առնչվում է կարանտինի որոշմամբ կիրառվող սահմանափակումներին։ Զոհրաբյանի խոսքով՝ այս դեպքում կիրառելի է օրենգրքի 42-րդ հոդվածը, որն ավելի քիչ տուգանք է նախատեսում։
«Բոլոր ստուգայցերն անօրինական են, իսկ այս ընթացքում կիրառված վարչական տուգանքները՝ վիճահարույց»,- ասում է Զոհրաբյանը։
Նրա այս պնդումը ճիշտ կլիներ, եթե ճիշտ լիներ նախորդ պնդումը։ Ինչպես արդեն տեսանք, կարանտինի ընթացքում հակահամաճարակային կանոնների սահմանումը վերապահված է հենց ԱՆ-ին։ Հետևաբար, տրամանաբանական է, որ ստուգայցերի ընթացքում խախտումներ հայտնաբերելիս տուգանքներ են նշանակվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով։ Այս հոդվածը, հիշեցնենք, վերաբերում է կարանտինի ընթաքում գործող սահմանափակումները խախտելու դեպքերին։
Իսկ Արա Զոհրաբյանի նշած 42-րդ հոդվածը վերաբերում է ընդհանրապես սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու դեպքերին։
Այսպիսով, Արա Զոհրաբյանը սխալվում է․ տեսչական մարմինները կարող են առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական կանոնների վերահսկողության նպատակով, առանց նախազգուշացնելու, ստուգայցեր իրականացնել, քանի որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը առողջապահության նախարարին թույլ է տալիս կարանտինի ընթացքում սահմանել սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ։ Բացի այդ՝ կառավարության՝ կարանտին սահմանելու որոշմամբ տնտեսվարողների գործունեությունը թույլատրված է շ միայն ԱՆ-ի հաստատած կանոնները պահպանելու դեպքում։
Գլխավոր լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայից»
Աննա Սահակյան
comment.count (0)