ՀՀ գլխավոր դատախազությունն ու Պաշտպանության նախարարությունը չեն կողմնորոշվում, թե իրենցից ով է իրավասու պատասխանել լրատվամիջոցից ստացված հարցմանը, ինչի արդյունքում խախտվում են տեղեկության տրամադրման օրենքով սահմանված ժամկետները։
Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 18-ին տելեգրամյան «Mika Badalyan» ալիքում, ապա նաեւ ֆեյսբուքյան «Ազատագրում» էջում հրապարակվեց տեղեկություն՝ Ջերմուկի հատվածում երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Ավելի ուշ նույն «Ազատագրում» էջը հայտնեց, որ ադրբեջանցիները տեղափոխվել են Երեւան՝ կից հրապարակելով լուսանկար։
Հաշվի առնելով սա՝ Infocom-ը դեկտեմբերի 20-ին գրավոր հարցմամբ դիմեց Գլխավոր դատախազությանը՝ հետաքրքրվելով՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ տեղեկությունը։ Իրականությանը համապատասխանելու դեպքում խնդրել էինք հայտնել՝ դեպքի առթիվ հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ, եթե այո, ապա Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով, եւ նախաքննական ո՞ր մարմինն է այն քննում։ Խնդրել էինք հայտնել նաեւ, թե ինչ կարգավիճակ ունեն հիշյալ անձինք, ինչ խափանման միջոց է ընտրված նրանց նկատմամբ, եւ որտեղ են պահվում նրանք։ Հնարավորության դեպքում խնդրել էինք հայտնել նաեւ գերեվարման հանգամանքները, ինչպես նաեւ՝ թե քանիսն են նրանք, եւ միայն զինվորական, թե նաեւ քաղաքացիական անձինք են։
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն՝ նշելով․ «Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»։ Նկատենք, որ ՊՆ հաղորդադրության մեջ առկա ձեւակերպումները պատահական ձեւակերպումներ չեն․ սահմանը խախտելը, մասնավորապես, պետական սահմանն ապօրինի հատելը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ անձը ձերբակալվում է կամ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի կայացրած որոշման հիման վրա, կամ որեւէ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա։
Հարցումն ուղարկելու հաջորդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, Դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա․ Չախոյանի որոշմամբ մեր հարցումը վերահասցեագրվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ա․ Զաքարյանին՝ կից գրությամբ․ «Հարգելի՛ պարոն Զաքարյան, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։
Դեկտեմբերի 29-ին ՊՆ ռազմական ոստիկանության պետ Ա․ Զաքարյանը պատասխանեց Դատախազությանը՝ նշելով, որ հարցումը դուրս է ՊՆ ռազմական ոստիկանության լիազորություններից։ Պատասխանում, մասնավորապես, գրված է․ «Հարգելի՛ պարոն Չախոյան, հայտնում եմ, որ համաձայն ՀՀ «Ռազմական ոստիկանության» մասին օրենքի 4-րդ հոդվածի՝ Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ ՌՈ-ն ապահովում է նաեւ զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ խափանումը, ինչպես նաեւ Լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունը։ «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Մ․ Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին հարցումը դուրս է ՀՀ ՊՆ ՌՈ լիազորություններից, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ ՌՈ-ն չի տիրապետում նման տեղեկատվության»։
2022 թվականի հունվարի 5-ին Գլխավոր դատախազությունը դարձյալ պատասխան նամակ ուղարկեց ՊՆ-ին՝ պատճենը տրամադրելով նաեւ մեզ։ Այս անգամ պատասխանը գրված էր Գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գ․ Բաղդասարյանի կողմից եւ հասցեագրված էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին։ Ներկայացնելով հարցման նախապատմությունը եւ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանը՝ Գ․ Բաղդասարյանը գրել էր․ «Հարգելի՛ պարոն Սարգսյան, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինված հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ Հետեւաբար, ակնհայտ է, որ ՀՀ ՊՆ զորամասերի պահպանության տեղամասերը, որոնցում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները իրականացնում են մարտական հերթապահություն, գտնվում են ՀՀ ՊՆ իրավազորության ներքո, իսկ այդ հատվածներում կատարված առերեւույթ հանցագործությունների դեպքերով մինչդատական քրեական վարույթի նախնական փուլը պետք է իրականացվի հետաքննության մարմին հանդիսացող զորամասերի հրամանատարների կամ ռազմական ոստիկանության կողմից։ Ավելին, դեռեւս 2021 թ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում` mil.am-ում, հաղորդագրություն է հրապարակվել առ այն, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ Ուստի, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Խնդրում եմ քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։
Դատախազության այս նամակը ստանալուց հետո բազմաթիվ անգամներ զանգահարեցինք ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից խոստացան ճշտել, թե ինչ փուլում է հարցումը, եւ զանգահարել։ Քանի որ պատասխան զանգեր այդպես էլ չստացանք, տարբեր օրերի նորից զանգահարեցինք թե՛ հիշյալ վարչություն, թե՛ վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա։ Այդ դեպքերում տեղեկությունը դիմողին տրվում է հարցումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է նրան՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Թեեւ մենք լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին չէինք տեղեկացվել, բայց որոշեցինք սպասել 30 օր՝ ժամկետի հաշվարկը սկսելով հարցումը ՊՆ նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին վերահասցեագրելու օրվանից, այսինքն՝ այս տարվա հունվարի 5-ից։ Սակայն այդ ժամանակը եւս լրացավ, իսկ պետական մարմինների կողմից նշված դեպքի վերաբերյալ որեւէ տեղեկություն մեզ այդպես էլ չտրամադրվեց։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)