«Կարան, չէ՞, էն ձորովը կյան-էթան»,- տան լուսամուտից ձեռքն ուղղելով ադրբեջանական դիրքերի կողմը՝ որդուն հարցնում է Տեղ գյուղի բնակիչ Սուսան Մաթեւոսյանը։ «Հա՜, խե՞ չեն կարա։ [Հայկական կողմի] պոստեր կա ամեն դեպքում, բայց դե․․․»,- ասում է որդին՝ Ռաֆիկ Մկրտչյանը, ու տիկին Սուսանը հույսը մեկ մեր զինվորների, մեկ էլ երկնքի վրա է դնում, թե՝ «պոստեր կան, բայց դե աստված չանի էլի․․․»։
Մկրտչյանների տան պատուհանից երեւում է Թրուսի խութ կոչվող բլուրը, որտեղ պատերազմից հետո տեղակայվել են ադրբեջանցիները։ Տեղ գյուղի տներն էլ, ինչպես Արավուսում, այդ բլրից ամբողջությամբ հակառակորդի դիտակետում են։
«Երեկոյան դռները-բանը փակում ընք, թուրքի պյան ա էլի, մեկ էլ տեսար՝ մի պյան արեցին, վախումըս, էլի՜»,- վառարանի մոտ տաքանալու հրավիրելիս մեր զրույցի ընթացքում ասում է տիկին Սուսանը՝ շեշտելով, որ նախկինում՝ մինչեւ պատերազմը, դուռ-դարպաս բաց էին քնում․ «Հլա անասուններն էլ տյուս չեն եկալ հանդ։ Թե էդ վախտն էլ հինչ կլինի, հիմա գոմումն ենք պահում․․․»,- ասում է տանտիկինն, իսկ որդին շարունակում՝ ամբողջ գյուղում մի ծառ չկա, որ թիրախում չլինի։
Սուսան Մաթեւոսյանը
Մկրտչյանների ընտանիքը պատերազմից հետո կորցրել է արտը․ «Մեր հողը ցանած ա մնացել իրանց, չեն թողացալ, որ հնձենք»,- ափսոսանքով ու տխրությամբ ասում է տիկին Սուսանը, որդին՝ շարունակում՝ տարածքների հիմնական մասն անցել է ադրբեջանցիներին, գյուղացու հոգսն ավելի ծանր է դարձել․
«Կոպիտ հաշվարկով՝ երեւի 1000-1500 տոննա բերք [ցորեն, գարի] ա մնացել իրանց տարածքներում, եւ իրանք չեն էլ թույլատրել, որ հունձ կատարվի, խոչընդոտել են ամեն անգամ։ Անձամբ ես ներկա եմ եղել մեր տրակտորիստ տղաների հետ, քանի անգամ ենք փորձել, որ հունձը կատարենք, չեն թողել։ Զինված գալիս, հարձակվում են տրակտորիստի վրա, ի՞նչ անի էդ տրակտորիստը, հո կլուչով կամ քլունգով չի գնալու հելնի ավտոմատավոր մարդկանց դեմը։ Եսիմ»։
Ռաֆիկ Մկրտչյանը մեկ այլ խնդրի մասին էլ է բարձրաձայնում․ ասում է՝ գարնանը մարդկանց եթե ոչ տոննաներով, ապա կիլոգրամներով ազոտական պարարտանյութ է պետք լինելու, իսկ պարարտանյութի գինը, գաղտնիք չէ, Հայաստանում թանկացել է․
«Էդքան չարչարանքը, էդքան սերմը հողի մեջ ա, բայց էսօր ազոտական պարարտանյութի մի մեշոկը քսան հազար են սարքել, գյուղացին ո՞նց անի, որ քսանով պարարտանյութ առնի, 8-9 հազարով դիզվառելիք առնի, տրակտորիստի ծախս, էս մեկ, էն մեկ, ո՞նց ապրի գյուղացին, կարող ա մինուսով էլ գնա, եթե տենց հաշվում ես, էդ ա նշանակում»։
Զրուցակիցս հույս ունի՝ այս հարցով պետության աջակցությունը կունենան։ Հիշեցնում է՝ մարդկանց աշնանը սերմեր բաժանել են, մի տանը՝ հեկտարի համար մոտ 300կգ․ դա մարդկանց շատ է օգնել, բայց այլ խնդիրներ են լինելու ապագայում, գյուղացին միայնակ չի կարողանա լուծել դրանք։
Խոսքի մեջ պարզվում է՝ այս տարեսկզբին Տեղ գյուղից գերեվարված հովիվը՝ Սուրիկ Մաթեւոսյանը, Ռաֆիկի մոր՝ տիկին Սուսանի հորեղբոր որդին է․
«Անասուններին արոտ ա տարալ, մի քանի օր առաջ եկալ են, զրուց են արալ, ասալ են՝ մեր սահմանը չբերես։ Բայց տեղ չկա, պյան չկա գծած, էլի տարել ա արածացնելու։ Դե՜, մարդ ա էլի, ախար սոված անասունն աչքին ցավ ա տված, ասալ ա՝ խոտ ա էլի, թո ուտեն։ Էտա կյան, իրան միանգամից վիրունեն, տանեն»,- պատմում է նա։ Հովվին ռուս խաղաղապահների միջնորդությամբ են վերադարձրել, բայց անասուններին մինչեւ հիմա չեն տվել՝ ինչպես ասում է տիկին Սուսանը․ «Տանն էլ ինչքան գառներ կային, լրիվ սատկալ են, էդ երեք հարյուր հատն էլ մնացել ա իրանց»։
Արտ ու արոտները կորցնելու պատճառով գյուղում շատ մարդիկ իրենց անասունների մի մասը վաճառել են կամ մորթել, այդ թվում՝ Մկրտչյանները։ Տիկին Սուսանն ասում է՝ ընդամենը մի խոշոր եղջերավոր են պահել, մնացածը՝ ծախել, որդին էլ հավելում է՝ խոշոր եղջերավոր անասնապահությամբ զբաղվելն այլեւս ձեռնտու չէ գյուղացու համար նաեւ այն պատճառով, որ այսօր անասնապահության համար խոտի մեկ տուկը 2 հազար դրամ արժե․ «Մսի կիլոն, որ համեմատում ես, մարդիկ 0-0 են ապրում անասնապահությամբ»։
Տեղ համայնքի Տեղ գյուղում այսօր 518 տնտեսություն կա, 2154 բնակիչ։ Այստեղ մարդիկ գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ են իրենց ապրուստը վաստակել, իրենց սարերի հովին ապրել խաղաղ, մինչեւ վերջերս, մինչեւ պատերազմը, երբ մի կողմից մտածում ես ընտանիքիդ ֆիզիկական անվտանգության մասին, մյուս կողմից՝ ապրուստի։
Թվերը, որ կներկայացնենք ստորեւ, առավել խոսուն ցույց կտան պատկերը պատերազմից հետո այս գյուղում, քան որեւէ այլ մեկնաբանություն։
2020-ին գյուղում 4517 խոշոր եղջերավոր անասուն է եղել, 2021-ին՝ 2593, 2022-ին՝ 1776։
2020-ին գյուղում 27392 մանր եղջերավոր անասուն է եղել, 2021-ին՝ 12650, 2022-ին՝ 6510։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)