Երեւանի ավագանին քննարկում է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագիծը։
Որոշման նախագիծում նշված է, որ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի՝ 14.09.2021, 26.10.2021, 30.11.2021 թվականների հերթական նիստերին․
««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երեւան քաղաքի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, իսկ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»,- ասված է նախագծում։
Խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը որոշման նախագիծը ներկայացնելիս նշեց, որ տիկին Մխոյանը ավագանու նիստերից բացակայել է մոտ 20 անգամ, չնայած՝ իրենք տեղեկանքում մի քանի ամսաթիվ են նշել․
«Այդ ժամկետն արդեն իսկ բավարար է օրենքով սահմանված կարգով լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։ Պետք է օբյեկտիվորեն ասեմ, որ բացակայությունների իմ նշած թվի մի մեծ հատվածն օբյեկտիվ պատճառներ ունի, այսինքն՝ տիկին Մխոյանը ֆիզիակապես օբյեկտիվ պատճառով չէր կարող գալ նիստի, մենք այդ ժամանակահատվածը չենք դիտարկել, այլ միայն այն, որն օբյեկտիվ հիմքեր չի ունեցել»։
Գալջյանը նշեց, որ իրենք որոշակի նախնական համաձայնության են եկել, որ Մխոյանը պետք է ակտիվություն դրսեւորի, բայց դա, Գալջյանի պնդմամբ, տեղի չի ունեցել․
«Ստիպված այս ճանապարհով ենք գնում։ Այո, էլի ունենք ավագանու անդամներ, որոնք բավարար բացակայություններ ունեն, այսինքն՝ թույլատրելիի շեմը հայտնել են, բայց ինչու ենք միայն տիկին Մխոյանի հետ կապված այս նախագիծը բերել, քանի որ այս դեպքում միակ լուծումը սա էր, իսկ մյուս դեպքերում այլ լուծումներ կան եւ այլ լուծումներ կտրվեն»,- մեկնաբանեց խմբակցության ղեկավարը։
Ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը հարց հնչեցրեց․ «Լուսինե Մխոյանը, որքանով տեղյակ եմ, ֆիզարձակուրդում է, որքանով եք բարոյական եւ իրավական տեսանկյունից այս մոտեցումը համարում արդարացված»։
Արմեն Գալջյանը պատասխանեց, որ այս հարցն իր կարծիքով այն հարցը չէ, որ պետք է բարոյականության դաշտում քննարկել, քանի որ ֆիզարձակուրդը աշխատանքային հարաբերություններին է վերաբերում․ «Ավագանու անդամի կարգավիճակը գործատու աշխատող հարաբերություններ չի ենթադրում, ամսվա մեջ մեկ անգամ նիստի պետք է գալ, եւ չեմ կարծում, թե ֆիզարձակուրդը կարող է հիմնավոր լինել երկու տարում այդչափ բացակայությունների համար»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Մխոյանի պնդմամբ իրեն ավագանուց հեռացնելը կապ ունի Մարությանին անվստահություն չհայտնելու եւ քաղաքաշինության ոլորտում իր պատկերացումների հետ:
comment.count (0)