Դատախազը պարտավոր է բողոքարկել իր կողմից ապօրինի համարվող դատական ակտը․ Գագիկ Ջհանգիրյանի պնդումը սխալ է
19:44 - 09 փետրվարի, 2022

Դատախազը պարտավոր է բողոքարկել իր կողմից ապօրինի համարվող դատական ակտը․ Գագիկ Ջհանգիրյանի պնդումը սխալ է

Հանրային հեռուստաընկերության եթերում հաղորդավար Պետրոս Ղազարյանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցի ժամանակ, ի թիվս այլնի, երեկ անդրադարձ է կատարվել նաեւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործին։

Մասնավորապես, Պետրոս Ղազարյանը մի քանի հարց է հնչեցրել, որոնք այս օրերին բարձրացնում է Բորիս Բախշիյանի պաշտպանական թիմը։ Դրանցից մեկը այն է, թե ինչու ՀՀ գլխավոր դատախազությունը չի բողոքարկել այն դատական ակտը, որի կայացման համար այժմ քրեական հետապնդում է իրականացվում դատավորի նկատմամբ։

Հիշեցնենք՝ հունվարի 31-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ-ին՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար։ Դատավորը անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձ է, եւ Սահմանադրության համաձայն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել առանց ԲԴԽ համաձայնության։ Նույն օրը ԲԴԽ-ն միաձայն որոշել էր բավարարել երկու միջնորդությունները, ինչից հետո Բախշիյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ 

Խոսքը Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելու մասին է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն 2021 թ․ դեկտեմբերի 3-ի դատական նիստից առաջ Նվեր Մկրտչյանի պաշտպանը դատարան գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով, որ Երևանում մեկ այլ գործով անհետաձգելի քննչական գործողության է մասնակցելու, ինչի պատճառով դատարան ներկայանալ չի կարող: Նա միաժամանակ հայտնել է, որ իր պաշտպանյալ Նվեր Մկրտչյանին տեղյակ է պահել իր չներկայանալու մասին, եւ վերջինս ցանկություն չի հայտնել առանց իրեն մասնակցել նիստին: Դատարանը, անհարգելի գնահատելով Մկրտչյանի չներկայանալը, վերացրել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը եւ կալանավորելու որոշում կայացրել։ Պետրոս Ղազարյանը հենց այդ որոշումը նկատի ունի, քանի որ այն, Դատախազության կողմից չբողոքարկվելով, մտել է օրինական ուժի մեջ, եւ փաստորեն, որոշման կայացումից գրեթե երկու ամիս անց նույն այդ որոշման համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

Դիմելով Գագիկ Ջհանգիրյանին՝ Ղազարյանը նշել է․  «Ձեր ընդդիմախոսները ասում են՝ եթե հարցը կալանքն էր, որ մարդը չի եկել դատարան, եւ դատավորը որոշել է նրան կալանավորել, ապա ինչո՞ւ նույնիսկ Դատախազությունը դա չի բողոքարկել»։ Ի պատասխան հարցին՝ Ջհանգիրյանը ասել է․ «Սա երեւի թե հնարավոր է ասել, որովհետեւ Դատախազության հաղորդագրության մեջ այդ մասին բարձրաձայնվել էր, այդ անձի կալանքի որոշումը տվյալ անձը ինքը արդեն բողոքարկած է եղել Վերաքննիչ դատարան, հետեւաբար Դատախազությունը պարտադրված չէր բողոքարկելու, այլ Դատախազությունը կգար եւ պարտավոր էր գալ Վերաքննիչ դատարան եւ իր դիրքորոշումը հայտնել բողոքի վերաբերյալ, կալանքի հիմնավորվածության կամ ոչ հիմնավորվածության վերաբերյալ»։

Իրականում, սակայն, «Դատախազության մասին» ՀՀ օրենքը իմպերատիվ պահանջ է ներկայացնում դատախազին՝ բողոքարկելու այն դատական ակտը, որը ինքը ապօրինի է համարում։ Մասնավորապես, օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որը, իր կարծիքով, հիմնավոր չէ կամ ապօրինի է։ 

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ դատախազի մասնակցությանը, դա սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, որի 390-րդ հոդվածի համաձայն՝ Վերաքննիչ դատարանում դատական նիստերին դատախազի մասնակցությունը պարտադիր է։

Կալանավորման հիշյալ որոշումը չբողոքարկելու հանգամանքին օրերս անդրադրաձել էր նաեւ Դատախազությունը։ Վերջինս պարզաբանում էր տարածել՝ նշելով․ «Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ իր պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար: Այնտեղ դատախազը պնդելու էր առաջին ատյանի դատարանում արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ կալանավորումն ակնհայտ ապօրինի է: Սակայն ամբաստանյալի ազատ արձակվելուց հետո նշված բողոքը վերաքննիչ դատարանից հետ է վերցվել»։ Նշենք, որ դա պայմանավորած է եղել այն հանգամանքով, որ կարճ ժամանակ անց դատարանը վերացրել է կալանավորման որոշումը եւ անձին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել։

Հավելենք, որ գործնականում բազմաթիվ են քրեական գործերը, որոնց շրջանակում կայացված դատական ակտերը միաժամանակ բողոքարկվել են եւ պաշտպանների, եւ Դատախազության կողմից։

Այսպիսով,  Գագիկ Ջհանգիրյանի պնդումը, թե Դատախազությունը պարտադրված չէր բողոքարկել իր կողմից ապօրինի համարվող դատական ակտը, սխալ է եւ չի համապատասխանում օրենքի պահանջին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել