Միայն մեկ ճանապարհ՝ դեպի Խոզնավար ու վտանգի դեպքում միայն մի ելք՝ դիտարկվող
22:35 - 10 փետրվարի, 2022

Միայն մեկ ճանապարհ՝ դեպի Խոզնավար ու վտանգի դեպքում միայն մի ելք՝ դիտարկվող

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար փոքրիկ գյուղը սահմանամերձ է դարձել․ գյուղն ադրբեջանցիների դիտակետում է երեք կողմերի բարձր բլուրներից։

Խոզնավար գնալու ու գյուղից դուրս գալու միայն մի ճանապարհ կա, որն էլ առանձնապես անվտանգ չէ, հակառակորդի համար տեսանելի ու դիտարկվող է․ լարվածության դեպքում ադրբեջանցիներն այդ ճանապարհն էլ կարող են փակել։ Սա գյուղում հիմնական մտահոգություններից մեկն է։

ՀՀ ԶՈՒ ծառայողները սահմանին հսկողություն են իրականացնում, գյուղացի տղամարդիկ էլ իրենց նախաձեռնությամբ գիշերները հերթապահություն են անում՝ հանկարծ հակառակորդը փորձ անի սադրել, անակնկալի չգան․

«Ժողովուրդը ցանկություն ա հայտնել, որ գյուղի մեջ գոնե հերթապահություն անեն, պոստերը (հայկական ԶՈՒ դիրքերի մասին է խոսքը,- հեղ․) կանգնած են, հա, բայց գյուղի միջին պիտի լինի հերթապահություն, որ մի բան լինի, գոնե մեկը մեկին ձեն տա»,- ասում է Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը՝ նշելով՝ երեկոյան 5-6-ից մինչեւ առավոտ տղամարդիկ հսկում են գյուղը․ վտանգն օդում կախված է։

Վահան Զաքյանը

Խոզնավարը Սյունիքի՝ սահմանամերձ դարձած այն բնակավայրերից է, որ պատերազմից հետո արոտավայրեր է կորցրել, ու գյուղացիները ստիպված կրճատել են անասնագլխաքանակը։ Հիմա գյուղացիները 434 խոշոր եղջերավոր անասուն են պահում, 1626 ոչխար, բայց նախկինում շատ են եղել, ինչպես ասում է Վահան Զաքյանը։ Հիմա, երբ արոտները կորցրել են, հովիվներն անասուններին ստիպված սահմանին մոտիկ են արածեցնելու տանում։ 

Գյուղապետն ասում է՝ չեզոք գոտու տարածքում մնացած ահռելի տարածքով արտերն էլ չեն կարող հնձել, հակառակորդը չի թողնում․

«Վերեւ՝ Սեւ լճի տակը 100 հեկտարի չափով տեղ ա մնացել թուրքի տրամադրության տակ, ժողովուրդը խոտն ըտեղից ա բերել»։ 

Խոզնավարը մոտ է Սեւ լճին, որի տեղանքում անցյալ տարվա մայիսին ադրբեջանցի զինծառայողները հատել էին ՀՀ պետական սահմանն ու ներխուժել մեր երկրի ինքնիշխան տարածք՝ խորանալով մինչեւ 3,5 կմ․ լարվածություն էր առաջացել նաեւ Սոթք-Խոզնավար հատվածում։ 

Խոզնավարի բնակիչ Քրիստինե Կարապետյանի ընտանիքը մինչեւ վերջին զարգացումները անասնապահությամբ է զբաղվել, բայց իրենց տունն էլ անմասն չի մնացել պատերազմի դառը հետեւանքներից․ 80 խոշոր եղջերավոր անասուն են ունեցել, հիմա բոլորը վաճառել են, հարց է տալիս՝ որտե՞ղ պահեն։ Նախկինում նա աշխատել է գյուղապետարանում, հիմա ոչ ինքն աշխատանք ունի, ոչ ամուսինը։

Երկու որդի ունեն՝ 6-ամյա Ալենն ու 3-ամյա Արմանը։ Քրիստինեն ամեն ինչից զատ առաջին հերթին երեխաների անվտանգության մասին է մտածում։ Երբ անգամ մտքի ծայրով անցնում է՝ հանկարծ լարվածություն կլինի, ադրբեջանցիները գյուղից դուրս եկող միակ ճանապարհը կփակեն, արյունը երակներում սառչում է։ Ասում է՝ ձեռքները ճար լիներ՝ կգնային գյուղից․ վախը սրտներում են քնում։

Ալենը

Ալենը լավ է սովորում դպրոցում եւ ներկել-նկարել է սիրում։ Փոքր եղբայրը բերում, սեղանին է դնում խաղալիք տանկը եւ ցույց տալիս, թե ոնց է աշխատում այդ տեխնիկան, որ նույնքան ողբերգական է, անգամ երբ խաղալիք է։

Արմանը

Խոզնավարի դպրոցը բարեկարգ է, ջեռուցվում է, տեղացիները գոհ են։ Միայն աշխարհագրության ուսուցիչ չունեն եւ 8 ու 11-րդ դասարաններ։ Մանկապարտեզ չկա, բայց հիմա գյուղապետարանի կողքին պատրաստվում են հիմնել։ 

Պատերազմից հետո Խոզնավարի դպրոցից 12 աշակերտ է դուրս եկել, գյուղից 2-3 ընտանիք հեռացել է։ Բայց մնացողներն, ապրողներն ավելի շատ են՝ մտքով, որ մի բուռ այս պետության մի կտորը պահողները հենց իրենք են։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել