ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանն այցելել են «PROFAL» ընկերության ալյումինե դռների ու պատուհանների և ապակու վերամշակման արտադրամասեր։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ շրջայցի ընթացքում «PROFAL»-ի համահիմնադիր Մերուժան Ավետիսյանն ու ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, զարգացման տեսլականը, իրականացված և նախատեսվող ներդրումային ծրագրերը։
Ներկայումս «PROFAL»-ն ունի ավելի քան 10 արտադրամաս՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և միջազգային ստանդարտներին համապատասխանող արտադրական հոսքագծերով։ Ընկերության արտադրանքի արտահանման ծավալների աճին մեծապես նպաստել է 2018 թվականին ծրագրին պետական աջակցությունը տեխնոլոգիական սարքավորումների և հումքի ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշման կայացման տեսքով։
Հարկային արտոնություն ստանալով՝ ընկերությունն ավտոմատացրել է իր արտադրությունը, ներկրել եվրոպական առաջատար ու գերժամանակակից սարքավորումներ, ավելացրել արտադրական հզորությունները, ստեղծել նոր աշխատատեղեր:
Առաջիկա 2 տարվա ընթացքում «PROFAL»-ը պլանավորում է իրականացնել առավել քան 4 մլրդ ՀՀ դրամի ներդրում նոր գործարանի կառուցման, ինչպես նաև արտադրամասերը գերժամանակակից սարքավորումներով հագեցնելու համար։ Նարեկ Տերյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել ընկերության ընդլայնմանն ուղղված ներդրումային նոր ծրագրի իրականացմանը։
Ընդհանուր առմամբ, 3 տարվա ընթացքում ընկերությունն արդեն իրականացրել է շուրջ 3,4 մլրդ ՀՀ դրամի ներդրում ևս 1,1 մլրդ ՀՀ դրամ հումքի ձեռքբերման համար ու ստեղծել շուրջ 70 աշխատատեղ։ Այժմ ընկերությունն ունի 356 աշխատատեղ։ Ներկայում ընկերության արտադրանքն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, ԱՄԷ և Կարիբյան կղզիներ։
Այցի շրջանակում պաշտոնյաները ծանոթացել են նաև «PROFAL» ընկերության կանաչապատման և լանդշաֆտային դիզայնի ուղղության նոր՝ O2 Gardens նախագծին, որը զբաղվում է 1800-ից ավել բազմատեսակ բույսերի, ծառերի, թփերի ներմուծմամբ, աճեցմամբ և խնամքով, առաջարկում է ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մոտեցումներ, լանդշաֆտային դիզայնի ծառայությունների ամբողջական փաթեթ:
Ընկերությունը O2 Gardens նախագծի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և ջերմատան ստեղծման նպատակով օգտվել է նաև լիզինգի պետական աջակցության ծրագրից։
«PROFAL» ընկերությանն աջակցություն է ցուցաբերել նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը (Enterprise Armenia)՝ տրամադրելով համալիր աջակցություն անհրաժեշտ բոլոր գործընթացներում և պետական մարմինների հետ աշխատանքներում։
comment.count (0)