Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ ևս միացավ համապետական շաբաթօրյակին: Մինչ աշխատանքներին անցնելը, նա զրուցեց լրագրողների հետ և կարևորեց քաղաքացիների կողմից մաքրություն պահպանումը:
Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը, տուգանքներ սահմանելուն, Արարատ Միրզոյանը նշեց. «Իրավական կարգավորման անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ ամեն ինչ պատժի մեխանիզմի վրա չէ հիմնված»:
Նա նշեց, որ դիսոնանս չի տեսնում պաշտոնի և շաբաթօրյակին մասնակցելու միջև: «Նորմալ է, առավել ևս հիմնական աշխատանքները բաց եմ թողել, ուշացել եմ»,-ասաց նա:
Ըստ ԱԺ նախագահի՝ քաղաքային իշխանությունը չի հասցնի մաքրել, եթե քաղաքացիները շարունակաբար աղբը նետեն գետնին, թեև նշեց, որ իհարկե միայն քաղաքացիների հոգատար վերաբերմունքն էլ բավարար չէ: Նա նկատեց, որ աղբարկղերը իրարից հեռու են դրված:
Անդրադառնալով աղբի վերամշակման գործարանի անհրաժեշտությանը՝ ԱԺ նախագահը նշեց, որ դա վաղուց պահանջված մի բան է, և գործադիրը հետևողականորեն և համառորեն աշխատում և մտածում են այդ ուղղությամբ: «Մի քիչ տեխնիկանական խնդիր կա: Ամեն դեպքում աղբի վերամշակման համար որոշ ընկերություններ ասում են, որ շուկան փոքր է, բայց արվում է աշխատանք, տեսնենք ինչ կստացվի»,-ասաց նա:
Արարատ Միրզոյանը գեղեցկության, հոգեհարազատության տեսանկյունից Երևանը գնահատեց տասից` տասը բալ, իսկ մաքրության տեսանկյունից վեցից ավելի չգնահատեց և ավելացրեց, որ խնդիրը միայն մաքրությունը չէ, այլ նաև փոշին, ծառերի պակասը:
comment.count (0)