Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2021թ. դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե մի շարք երկրների հետ բանակցություններ են գնում Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը արտահանելու համար։ Հրավիրված մամուլի ասուլիսը նվիրված էր Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությանը։ «Հայաստանի շուկան բավական փոքր է սպառման անհրաժեշտ ծավալն ապահովելու համար։ Հիմա արդեն մի շարք մերձավորարևելյան երկրների հետ բանակցություններ գնում են, նաև քննարկվում են որոշ աֆրիկյան երկրներ։ Այս ամեն ինչը [պատվաստանյութի արտահանումը – խմբ.] ռուսական գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ, վստահ ենք, որ շուտով հնարավոր կդառնա»,- ասել է նախարարը՝ նշելով, որ դեռ արտահանման պայմանագրեր չկան։ Դեռ 2021-ի սեպտեմբերին Էկոնոմիկայի նախարարությունը և հայկակական «Լիկվոր» դեղագործական ընկերությունը հայտարարել էին կորոնավիրուսի դեմ Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին: Նշվում էր, որ նմուշները ուղարկվել էին Ռուսաստան՝ Գամալեայի ինստիտուտ՝ որակի վերջնական հաստատման նպատակով։ «Լիկվոր» ընկերությունը միայն իրականացնում է պատվաստանյութի շշալցումը՝ ՌԴ-ից ներկրված հումքի հիման վրա, իսկ դրա վաճառքով և արտահանմամբ զբաղվում է ռուսական Human Vaccine ՍՊԸ-ն։ 2022-ի հունվարի 4-ին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանում «Սպուտնիկ Լայթ»-ն այլևս օգտագործվելու է որպես երրորդ՝ բուստեր դեղաչափ։ Պատվաստանյութը գնվել էր ռուսական Human Vaccine ՍՊԸ-ից 25 հազար դեղաչափով՝ հատը մոտ երեք հազար դրամով, իսկ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 73,6 մլն դրամ։ «Լիկվոր» ընկերությունից հայտնեցին, որ խմբաքանակն արտադրվել է իրենց կողմից և փոխանցվել ԱՆ-ին, իսկ արտահանման և արտադրության հարցերը որոշվում են ռուսական ընկերության և Հայաստանի կառավարության կողմից։ «Խմբաքանակն ամբողջապես արտադրվել է Հայաստանում և փոխանցվել առողջապահության նախարարությանը»,- հայտեցին ընկերությունից՝ հավելելով, որ ներկայում նոր խմբաքանակի արտադրության հայտ չեն ստացել։ CivilnetCheck-ին էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ արտահանման պայմանավորվածություններ այդպես էլ չկան, և բանակցությունները դեռ շարունակվում են։ «Արտահանումը այս պահին չի իրականացվում, սակայն բանակցություններ էին գնում այդ ուղղությամբ, իսկ թե որ երկրների հետ են բանակցություններ գնում, չենք կարող հայտնել, քանի որ դա առևտրային գաղտնիք է։ Մինչև հստակեցված վերջնական պայամանագրերը չլինեն, ընկերության անունից չենք կարող դրանք բացահայտել»,- փոխանցեցին էկոնոմիկայի նախարարությունից։ Այսպիսով՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը՝ Հայաստանում արտադրվող պատվաստանյութի՝ առաջիկայում արտահանման մասին, փաստացի, դեռևս իրականություն չի դարձել։Պատվաստանյութի մասին
Պատվաստանյութը դեռ չի արտահանվել
comment.count (0)