«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ
16:45 - 17 փետրվարի, 2022

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ՝ ծանոթանալու Բերքաբեր և Բաղանիս համայնքներում իրականացվող կենսական նշանակություն ունեցող ջրամատակարարման ծրագրերի շինաշխատանքների ընթացքին:

Այս մասին հայտնում են հիմնադրամի գրասենյակից, մանրամասնելով, որ Բերքաբեր համայնքում հանդիպել են համայնքի ղեկավարի հետ և հետևել պոմպակայանի, բաշխիչ ավազանի և խողովակաշարերի շինարարական աշխատանքներին, նաև քննարկել հեռանկարային ծրագրեր:

Նշվում է, որ Բերքաբերում իրականացվող  ջրամատակարարման ծրագիրը նպաստում է ոռոգելի հողատարածքների ընդլայնմանը:   Ծրագրի ավարտից հետո ոռոգելի հողատարածքները կավելանան ավելի քան 140 հեկտարով:

Հաջորդիվ  հիմնադրամի թիմն այցելել է Բաղանիս համայնք:  Ծանոթացել է խմելու ջրի համար նախատեսված գլխամասային կառուցվածքի և մոտեցնող ջրագծի շինարարական  աշխատանքների ընթացքին: Տվյալ ծրագրի իրականացումից հետո Բաղանիս համայնքը կունենա նոր արտաքին ջրագիծ, ինչը կապահովի համայնքի 24–ժամյա ջրամատակարարումը:

3200մ երկարությամբ նոր ջրագծի  շինարարությունը սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերից, աշխատանքն ընթանում է բարդ ռելիեֆային, երբեմն նույնիսկ տեխնիկայի համար անհասանելի պայմաններում, մոտ 1400 մետրն անցնում է անտառապատ տեղանքով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է կենսական նշանակության ծրագրեր իրականացրել թե՛ ՀՀ և թե՛ Արցախի տարբեր համայնքներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել