aravot.am: Ապահովագրական բյուրոյի մոտ «ԱՊՊԱ-ն չի՛ թանկանալու» նախաձեռնության անդամներն այսօր կրկին բողոքի ցույց էին անում։ Նրանք պնդում են՝ իրենց ցույցերը շարունակվելու եւ ավելի մեծ թափ են ստանալու՝ եթե ԱՊՊԱ պայմանագրի թանկացման մասին որոշումը չկասեցվի։
Ցույցի մասնակիցներն ասացին, դժգոհ են վերջերս ԱԺ-ում այս թեմայով քննարկումներից եւ պարզաբանումներից։
«Մենք հասկանում ենք, որ տնտեսական ճգնաժամ կա, բայց դա չի նշանակում, որ պետական կառույցներն ու տնտեսվարողները կարող են իրենց ծառայությունները թանկացնել։ Ինչո՞ւ պետք է 1-10 ՊՄ դաս ունեցող տրանսպորտային միջոցի սեփականատերը վճարի 3 հազար դրամ ավել ապահովագրավճար, երբ նա տարիներ շարունակ ապահովագրավճար է վճարում եւ դրա դիմաց ոչինչ չի ստանում։ 10-14 դասը 6-9 հազար դրամով թանկանում է, ինչպե՞ս է լինում, որ եթե վթարի պատճառ ես հանդիսանամ ու ապահովագրական ընկերությունը մեքենայի վնասը գնահատում է 20 հազար դրամի չափով։ Այսինքն, ստացվում է, որ ես տարիներ շարունակ 50 հազար դրամ իմ մեքենայի ապահովագրավճարը պիտի վճարեմ, գումարած՝ 6-9 հազար դրամ ավելի թանկ, 4 տարում 36 հազար դրամ ավել եմ վճարելու այն դեպքում, երբ այդ մեքենայի վնասը կազմել է ընդամենը 20 հազար դրամ։ Դրա փոխարեն մարդիկ կարող են ապահովագրություն չանեն, այլ տարբերակով ե՛ւ իր, ե՛ւ դիմացինի մեքենան վերանորոգեն»,-դժգոհեց ցույցի մասնակիցներից մեկը։
Ցույցի մեկ այլ մասնակից էլ՝ Նարինե Մուրադյանն էլ ասաց՝ այս թանկացումը 3 հազար դրամով չի ավարտվում, 3 հազարին գումարած անվերջություն, մեկի մոտ՝ 4 հազար դրամ է, մյուսի մոտ՝ 9-15 հազար․ «Իմ ԱՊՊԱ-ն թանկացել է 140%-ով, ես 16 դաս եմ եւ մոտ 16 հազարով թանկացել է։ Ասում են՝ ֆինանսական ճեղքվածք կա։ Իսկ ինձ հարցրե՞լ են՝ ես չունե՞մ ֆինանսական ճեղքվածք։ Իրենց տաք սենյակներում նստած որոշել են, որ պետք է վարորդներից ավել գումար գանձեն»։
Նարինե Մուրադյանն ասաց, որ ԱՊՊԱ փոխհատուցումներն էլ խայտառակ ձեւով են իրականացվում, հաճախ ապահովագրական ընկերությունների փոխհատուցումն ավելի քիչ է, քան պատճառված վնասը․ «Իրենց նշած փոխհատուցումներով ոչ մեկը հնարավորություն չի ունենում պահեստամաս փոխելու կամ վերանորոգելու։ Այդ կառույցը միայն գումա՞ր է շորթում, ես համաձայն չեմ ավանակի դերում լինել։ Ասում են՝ վնասով են աշխատում, մենք էլ վնասով ենք ապրում»։
Ցույցի մասնակիցների կարծիքով ամբողջ ԱՊՊԱ համակարգը պետք է վերանայել, հատկապես ապահովագրական ընկերությունների ծառայությունները պատշաճ ապահովեն։ «Ապահովագրական ընկերություններն ամեն ինչ շատ ցածր են գնահատում․ վթարի ժամանակ չեն էլ գալիս տեղում որոշելու։ Հիմնականում վարորդներն են նկարում վթարն ու ուղարկում իրենց, վերջում փոխհատուցելու ժամանակ գալիս են՝ մի հատ նայում։ Այսինքն, էդ իրենց ասած՝ «սերվիսը» մենք ենք մատուցում, ոչ թե իրենք։ Վերջերս դեպք եղավ՝ մեքենայի երկու մաս էր վնասվել։ ԱՊՊԱ- ն 40 հազար դրամ փոխհատուցեց, մինչդեռ ամեն դետալն էր առնվազն այդքան։ Իրենց ծառայությունը՝ մի հատ գնահատում են, մի հատ էլ պիտի կրկնակի փորձաքննության գնաս, մի հատ էլ բյուրո դիմես, մի հատ էլ՝ դատարան, հաշտարար։ Այ այսպիսի քաշքշուկների մեջ են գցում»,-ասաց Նարինե Մուրադյանը։
Շարունակությունը՝ aravot.am-ում
comment.count (0)