Ուկրաինայի «Միացյալ ուժերի գործողության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 19-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ «արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 19 դեպք, որից 16-ը՝ մինսկյան պայմանագրերով արգելված զենքի կիրառմամբ»։
Միացյալ ուժերի գործողությունը Ուկրաինայի իրավապահ մարմինների ռազմական և հատուկ կազմակերպչական և իրավական միջոցառումների շարք է, որն ուղղված է արևելյան Ուկրաինայի պատերազմում ռուսական և ռուսամետ ուկրաինայի պնդմամբ անօրինական զինված խմբավորումների գործողություններին հակազդելուն։
Ըստ հաղորդագրության՝ մեկ ուկրաինացի զինծառայող է զոհվել.
«Հակառակորդը կիրառել է 122 մմ տրամաչափի հրետանային համակարգեր, 120 մմ և 82 մմ տրամաչափի ականանետեր, տարբեր համակարգերի նռնականետեր։ Հրթիռակոծության հետևանքով ուկրաինացի մեկ զինծառայող կյանքի հետ անհամատեղելի բեկորային վիրավորում է ստացել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունից հայտնել են, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը հերթական անգամ գնդակոծել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը։
Ըստ հաղորդագրության՝ ժամը 08:05-ին ուկրաինացի զինվորականները Շիրոկինոյից կրակ են բացել Սախանկա գյուղի վրա․ «Ընդհանուր առմամբ նրանք արձակել են 122 մմ տրամաչափի 16 արկ։
Հերթական հրետակոծությունը գրանցվել է ժամը 08:30-ին. կրակը արձակվել է Նովոլասպա, Կոմունարովկա և Գորլովկա ուղղությամբ, նրանց վրա ընկել է ավելի քան 50 ական՝ 82 մմ տրամաչափով։ Բացի այդ՝ գիշերը ուժայինները գնդակոծել են Կրասնի Օկտյաբր, Ստարոլասպա, Բեզիմեննոե, Վեսելոե և Դոկուչաևսկ քաղաքները՝ արձակելով 120 մմ տրամաչափի 38 ական և 122 մմ տրամաչափի 27 արկ»։
Լուսանկարը՝ Ukrainian Independent Information Agency of News-ի
comment.count (0)