Երևանի քաղաքապետարանն իր պարտավորությունները կատարում է от и до․ խոսնակ |24news.am|
14:43 - 18 ապրիլի, 2019

Երևանի քաղաքապետարանն իր պարտավորությունները կատարում է от и до․ խոսնակ |24news.am|

24news.am: Նախորդ տարվա ամռանը Երևանում ստեղծված աղբահանության ճգնաժամը չկրկնվելու համար է քաղաքապետարանը որոշում կայացրել հայտարարել 24 աղբատար մեքենա գնելու մրցույթ: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նշենք, որ մեքենաների գնման համար քաղաքային բյուջեից պետք է հատկացվի 900 մլն դրամ:

«Մրցույթը բողոքարկվել, իսկ քաղաքապետարանը դիմել է դատարան: Բավարարելով քաղաքապետարանի միջնորդությունը՝ դատարանը կայացրել է որոշում, և փաստացի քաղաքապետարանը մեքենաների ձեռքբերման մրցույթը կարող է շարունակել: Բայց այդ մրցույթը շարունակելու և մատակարարումը ապահովելու համար ժամանակ է պահանջվում: Դա տեղի կունենա հունիս-հուլիս ամիսներին: Քաղաքապետարանը, մայրաքաղաքի աղբահանության վիճակը հաշվի առնելով, չի կարող երկար սպասել, դրա համար որոշվել է ձեռք բերել մի քանի մեքենա, և հենց այդ հարցն է Կառավարությունն այս պահին քննարկում»,– ասաց նա:

Հակոբ Կարապետյանը նաև նշեց, որ աշխատում են, «Սանիթեք» ընկերությունից բացի, երկրորդ օպերատոր ներգրավվելու ուղղությամբ: Հարցին՝ մեքենաների գնումը նշանակում է, որ քաղաքապետարանն ինքն է դառնում երկրորդ օպերատորը,Կարապետյանը պատասխանեց՝ հարցը քննարկման փուլում է. «Տարբերակները կքննարկվեն բանակցությունների ընթացքում»:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն պնդմանը, որ քաղաքապետարանը մրցույթի տեխնիկական բնութագրում ներկայացրել է այնպիսի պահանջներ, որոնց միայն մեկ՝ «Կամազ» ընկերությունն է համապատասխանում, Կարապետյանն ասա՝ այդպես չէ. «Այդ բնութագրերին համապատասխանում են մի շարք ընկերություններ, արտադրողներ, բայց առավելություն ունեն «Կամազ» ընկերության մեքենաները»: Հարցին՝ որն է առավելությունը, մամուլի խոսնակն ասաց՝ գինը:

Հակոբ Կարապետյանը նաև նշեց, թե չգիտի՝ ով է «Կամազ» ընկերության սեփականատերը. «Ընկերությունը չգիտեմ՝ ում է պատկանում: Քաղաքապետարանը գործ ունի մատակարարների հետ»:

Ինչ վերաբերում է նաև «Սանիթեք»-ի՝ քաղաքապետարանին ուղղված կոչին՝ լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այն նամակները և նախազգուշացումները, որոնք «Սանիթեք» ընկերությունը դեռևս նախորդ տարվանից սկսած ուղղել է քաղաքապետարանին` պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով աղբահանության ծառայությունների մատուցմանը խոչընդոտող խնդիրների և հանգամանքների վրա, Կարապետյանն ասաց, որ Քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև պայմանագիր է կնքվել, որով Քաղաքապետարանը պատվիրակել է ընկերությանը ապահովել քաղաքի աղբահանությունը: Նախազգուշացնել, զգուշացնել կարող է քաղաքապետարանը. «Երևանի քաղաքապետարանը պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները կատարում է от и до»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել