Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին
15:41 - 24 փետրվարի, 2022

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին

ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։

Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ողջույնների փոխանակումից հետո զրույց է ծավալվել Հայաստան-Սուրբ Աթոռ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շուրջ՝ վերահաստատելով Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ 30-ամյա դիվանագիտական հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության վրա:

Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերպայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրն այս առիթով նկատել է, որ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է, բայց մեր ժողովուրդների բարեկամությունն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի։

Նախագահի պաշտոնակատարն արժևորել է Երևանում առաքելական նվիրակություն հիմնելու՝ Սուրբ Աթոռի որոշումը, ինչը փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերին ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին տրվող առաջնահերթությունը։

Այս համատեքստում կարևորվել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների պաշտպանությունը, պահպանումն ու վերականգնման աշխատանքները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել