ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ:
«Հարգելի գործընկերներ,
ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դեսպան Հասանին և տիկին Ռոսիկին իրենց ուղերձների համար:
Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել երրորդ հանձնաժողովի զեկուցող դոկտոր Գուդրուն Քուգլերին՝ զեկույցի վերաբերյալ իր տեսլականը ներկայացնելու համար: Ներկա լինելով փետրվարի 4-ի մաքուր էներգիայի հեղափոխության վերաբերյալ առցանց երկխոսությանը՝ շատ գնահատում եմ այն, թե ինչպես է դոկտոր Քուգլերը հավաքագրել բոլոր մասնակիցների կարծիքները և վստահ եմ, որ դա կարվի այսօրվա հանդիպման դեպքում եւս:
Կցանկանայի խոսել այն մասին, թե ինչպես եմ տեսնում Հայաստանի առաջընթացն այսօրվա օրակարգի շրջանակներում:
Հայաստանը հանածո վառելանյութ արտադրող երկիր չէ, և ածխածնային չեզոքության անցումը մեզ համար բնական սկզբունք է, որը բխում է մեր էներգետիկ անվտանգության և կանաչ աճի նպատակներից:
Փարիզի համաձայնագիրը յուրաքանչյուր երկրից պահանջում է ազգային մակարդակով սահմանված գործողություններ, որոնք ոչ պարտադիր, սակայն կարևոր հանձնառություններ են` մեղմելու կլիմայի փոփոխությունը: Անցյալ տարի Հայաստանը վերանայել է իր՝ ազգային մակարդակով սահմանված գործողությունները: Մեր տարածաշրջանում Հայաստանն ու Վրաստանն այն երկու երկրներն են, որոնք կամավոր նման հանձնառություններ են ստանձնել:
Հայաստանն արդեն օգտագործում է իր հասանելի հիդրոէլեկտրաէներգիայի ռեսուրսների մոտ 80 տոկոսը, իսկ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում հիդրոէներգիան կազմում է ավելի քան 30 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է պահում մեր «ածխածնային հետքը»:
Մեր նպատակն է մինչև 2030 թվականն արևային էներգիայի մասնաբաժինը դարձնել ընդհանուր էներգիայի արտադրության 15 տոկոսը և զրոյական արտանետումներով էլեկտրաէներգիայի արտադրության բաժինը դարձնել ընդհանուր էներգիայի արտադրության 54 տոկոսը:
Կա մեկ կոնկրետ օրենսդրական նախաձեռնություն, որին ոգևորությամբ սպասում եմ. դա փոքր արտադրողների, այդ թվում՝ սպառողների համար էլեկտրացանցերի հասանելիության ապահովումն է, որպեսզի նրանք, ովքեր տեղադրել են արևային և հողմային էներգիա արտադրող կայաններ՝ իրենց սեփական կարիքները բավարարելու նպատակով, կարողանան շուկայում վաճառել էլեկտրաէներգիա:
Վերջին նկատառումս հետևյալն է. ես իմ երկրի ժողովրդավարական զարգացումը և կանաչ էներգիան տեսնում եմ որպես երկու փոխկապակցված օրակարգեր և դրանք հակադրում ավտորիտարիզմին, նավթադոլարներին և հակամարտությունների հարատևմանը:
Սա հատկապես կարևոր է Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում: Կանաչ տնտեսության մասին Ադրբեջանի պատումները չեն կարող քողարկել Ադրբեջանի նավթադոլարների և դրանց գնած զենքերի պատճառած ավերածությունները»,- ասել է Կարապետյանն իր ելույթում:
comment.count (0)