hetq.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Օրինագիծն ընդունվեց 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:
Հիշեցնենք, որ համաձայն ընդունված օրենքի՝ կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.
- աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,
- առողջապահության նախարարությունը,
- արդարադատության նախարարությունը,
- արտակարգ իրավիճակների նախարարությունը,
- արտաքին գործերի նախարարությունը,
- կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,
- շրջակա միջավայրի նախարարությունը,
- պաշտպանության նախարարությունը,
- տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,
- բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
- Էկոնոմիկայի նախարարությունը,
- ֆինանսների նախարարությունը:
Ընդդիմադիր խմբակցությունների հիմնական դժգոհությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ կառավարության կառուցվածքում օպտիմալացման անվան տակ լինելու են կրճատումներ, ինչպես նաև ստեղծվելու են «սուպերնախարարություններ», ինչպիսիք, ըստ ընդդիմադիրների, կլինեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: