Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանը հանձնաժողովի անունից դիմել է լիցենզավորված եւ հեղինակազորված բոլոր հեռարձակողներին՝ ռուս-ուկրաինական հակամարտության լուսաբանումը պատշաճ կազմակերպելու և տեղեկատվական սխալներից խուսափելու համար:
Ըստ Հակոբյանի՝ քանի որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծագած կոնֆլիկտը վերածվել է լայնածավալ ռազմական գործողությունների, որոնք համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում են, այդ «պատերազմ»-ը թելադրում է նաեւ հայաստանյան լրատվամիջոցների տեղեկատվական օրակարգ: Նրա խոսքով՝ հայկական մեդիան գիտակցում է, որ վերջին օրերի իրադարձությունները նոր մարտահրավերներ, սպառնալիքներ եւ անորոշություններ են ստեղծում Հայաստանի եւ Արցախի համար, եւ վտանգավոր զարգացումները զսպվածություն եւ պատասխանատվություն են պահանջում մեր մեդիայից:
ՀՌՀ նախագահի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ամենեւին նպատակ չունենալով միջամտել ՀՌՀ կարգավորման տիրույթում գործող հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը՝ փոխանցեմ ձեզ մեր տեսակետը:
Ամենակարեւորը. ոչ մի դեպքում չենք մոռանում, որ հանրային կարծիքի վրա մեծ ազդեցություն ունեցող հեռուստա եւ ռադիոընկերությունների եթերային բովանդակության կարեւորագույն բաղադրիչը մեր երկրի եւ ժողովրդի շահերի սպասարկումն է:
Ուստի փորձենք խուսափել օտար տեղեկատվական օրակարգեր սպասարկելուց, չտրամադրել Հայաստանի մեդիահարթակները միմյանց հանդեպ «տեղեկատվական պատերազմ» վարող գլոբալ հակամարտության տարատեսակ շահագրգիռ կողմերին:
Չմոռանանք, որ հակամարտող կողմերի հաղորդագրությունները, լուրերը, պնդումները հաճախ քարոզչական բնույթ են կրում եւ չեն համապատասխանում իրականությանը: Փորձենք ջանք գործադրել եւ ստուգել այդպիսի լուրերի ճշմարտացիությունը: Հայաստանի քաղաքացուն ներկայացնում ենք հնարավորինս ստուգված տեղեկատվություն:
Կրոնական, ազգային խտրականությունը եթերում, թշնամանքի եւ բռնության քարոզը կան եւ մնալու են օրենսդրությամբ պատժելի եւ անընդունելի արարքներ: Այդ մասին եւս չենք մոռանում:
Պահպանում ենք լրագրության մասնագիտական կանոնները, տարանջատում ենք լուրը մեկնաբանությունից, տարբեր տեսակետներ արտահայտելու հնարավորություն ենք տալիս, եթե այդ տեսակետները դեստրուկտիվ չեն:
Անկախ քաղաքական հայացքներից, համակրանքներից ու հակակրանքներից՝ այս պատերազմը պառակտման եւս մեկ առիթ չենք դարձնում մեր հասարակության մեջ, զսպում ենք մեր հուզմունքները: Եթերային ճիշտ քաղաքականությամբ փորձում ենք կանխել Հայաստանի քաղաքացիների ներքաշումն այս հակամարտության մեջ:
Հիշում ենք, որ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Ուկրաինայում ապրում են հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք հնարավորություն ունեն դիտել մեր հեռուստածրագրերը:
Ով, եթե ոչ մենք շատ լավ ենք հասկանում, որ պատերազմը միայն չարիք է գեներացնում, զոհեր եւ տառապանքներ բերում: Ուրեմն խուսափենք միլիտարիստական բառապաշար օգտագործելուց, ոչ բռնի, ոչ ագրեսիվ հաղորդակցության օրինակ ծառայենք մյուսների համար: Հետագայում ե՛ւ Ուկրաինայում, ե՛ւ Ռուսաստանում երախտագիտությամբ կհիշեն այդ մասին:
Այս հակամարտության կրակի վրա յուղ չենք լցնում: Ռուս եւ ուկրաինացի ժողովրդները ընդհանուր բազմադարյա պատմություն ունեն: Տա Աստված, որ այդ ընդհանրությունը օգնի հաղթահարել այս ամոթալի բաժանումն ու թշնամությունը, լուծի խնդիրները եւ խաղաղություն հաստատի մեր սահմաններից ոչ շատ հեռու:
Հենց դա է բխում Հայաստանի շահերից»:
comment.count (0)