ԱՄՆ-ն արգելել է ռուսական նավթի ներկրումը։ Ինչպե՞ս է դա ազդելու նավթի և գազի գների վրա․ Al Jazeera
14:17 - 09 մարտի, 2022

ԱՄՆ-ն արգելել է ռուսական նավթի ներկրումը։ Ինչպե՞ս է դա ազդելու նավթի և գազի գների վրա․ Al Jazeera

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելք է սահմանել ռուսական նավթի և մյուս էներգակիրների ներկրման համար՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով, իսկ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ աստիճանաբար կհրաժարվի ներկրումից մինչև 2022 թ-ի ավարտը։

Այս պատժամիջոցներն, ըստ ամենայնի, կհանգեցնեն նավթի գների աճի, գրում է Al Jazeera-ն իր վերլուծական հոդվածում, որը չնչին կրճատումներով ներկայացնում ենք ստորև։

Ինչի՞ն է ուղղված արգելքը

ԱՄՆ կառավարությունը երեկ հայտարարել է ռուսական նավթի ներկրման արգելքի մասին։ Սա ավելի մեծ պատժամիջոցների մի մասն է, որոնք ներառում են նաև բնական գազն ու ածուխը։

«Ռուսական նավթն այսուհետ չի ընդունվելու ԱՄՆ նավահանգիստներում, և ամերիկացի ժողովուրդն էլ ավելի մեծ հարված է հասցնելու Պուտինի ռազմական մեքենային», - հայտարարել է Բայդենը մարտի 8-ին՝ հավելելով, որ որոշումն ընդունվել է դաշնակիցների հետ «խորհրդակցությունների» արդյունքում։

Ռուսաստանը նավթի և նավթամթերքի խոշորագույն արտահանողն է աշխարհում, որն արտադրում է օրական շուրջ 7 մլն բարել նավթ, կամ համաշխարհային պահանջարկի 7%-ը։

Վառելիքի և նավթաքիմիական մթերք արտադրողների ամերիկյան առևտրային ասոցիացիայի տվյալներով՝ 2021 թ-ին ԱՄՆ-ն Ռուսաստանից ներկրել է միջինում օրական 209 000 բարել անմշակ նավթ և 500 000 բարել այլ նավթամթերք։

Դա կազմել է ԱՄՆ կողմից անմշակ նավթի ներկրման 3 տոկոսը և ամերիկյան նավթամշակման գործարանների վերամշակած նավթի ընդհանուր ծավալի 1%-ը։ Ռուսաստանի համար սա կազմել է արտահանման ընդհանուր ծավալի 3%-ը։

Վերլուծողների կարծիքով՝ արգելքը մի բան է, որն ԱՄՆ-ն կարող է իրեն թույլ տալ։

Արտարժույթի ներայիս փոխարժեքի պայմաններում «ԱՄՆ-ն կարող է դա իրեն թույլ տալ, սակայն կոնտինենտալ Եվրոպայի համար դա շատ ավելի դժվար կլինի», ասել է Meyer Resources ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քորնելիա Մեյերը։

«Ռուսաստանի՝ ԱՄՆ արտահանման ընդհանուր ծավալների տեսակետից, սա այնքան էլ կարևոր չէ», - հավելել է նա։

«Սակայն սա ցույց է տալիս, որ Արևմուտքը վճռական է տրամադրված, և եթե Եվրոպան այս քայլին դիմի, դա շատ ավելի կարևոր կլինի», - ասել է Մեյերը՝ նշելով, որ Չինաստանն ու Հնդկաստանն, ըստ ամենայնի, կգնեն Արևմուտքից վերաուղղված ռուսական նավթը։

Ինչպե՞ս արգելքը կազդի նավթի և գազի գների վրա

Արգելքի հավանականությունը նախորդ ամիս արդեն հանգեցրել էր նավթի գների 30% աճի, և երեկվա տվյալներով՝ նավթի գները կազմել են շուրջ $130 մեկ բարելի դիմաց, իսկ մեկ գալոն (4,5 լիտր) գազի գինն ԱՄՆ-ում կազմել է միջինում 4,17 դոլար։

Էներգետիկ ոլորտի վերլուծաբանները զգուշացնում են, որ մեկ բարելի գինը կարող է բարձրանալ մինչև $160 և անգամ $200, եթե գնորդները խուսափեն ռուսական անմշակ նավթի գնումից, ինչը կբերի ԱՄՆ-ում բենզինի գների աճի՝ ավելի քան $5 մեկ գալոնի դիմաց։

«Ներկա պահին վախը շուկայում մեծ է», - ասում է փորձագետ Ադամ Փանքրանցը։

«Վախը կապված է այն բանի հետ, որ, եթե չհաջողվի նավթ գտնել, որտեղի՞ց այն պետք է հայտնվի։ [Այս արգելքի] հետևանքով՝ աշխարհում նավթի արտադրանքի [7%-ը] դժվարհասանելի է դարձել, այն հնարավոր չէ գնել շատ առումներով, և եթե դա արվում է արդեն սուղ շուկայում, պահանջարկը [և գները] աճում են», - նշում է նա։

Ինչպե՞ս է դա ազդելու ԱՄՆ քաղաքացիների վրա

Այս արգելքն անմիջապես արտահայտվելու է արժեզրկման վրա։ Ներկա պահին ԱՄՆ-ում ամենաբարձր արժեզրկման ցուցանիշն է գրանցվել վերջին 40 տարում, իսկ վաղը հրապարակվելիք տվյալներն, ինչպես ակնկալվում է, ցույց կտան, որ սպառողական գների ցուցիչն աճել է 7,9%-ով։

Դա կարող է մեծապես ազդել ամերիկացիների կենսամակարդակի վրա։

Հարց է առաջանում, արդյո՞ք ԱՄՆ-ն կանգնած է նավթի պաշարների սպառման ռիսկի առջև, թե՞ վտանգված է ամրիկյան կենսակերպն, ասում է Ադամ Փանքրանցը։

«Ադյո՞ք սա պահանջարկի փլուզում չէ։ Որովհետև մարդիկ կարող են մտածել․ «Մեքենայով երթևեկելը չափազանց թանկ է։ Ավտոբուսով կամ ոտքով տեղ կհասնեմ»։ Կամ էլ պահանջարկի զանգվածային ոչնչացում է, երբ ընկերությունները չեն կարողանում արտադրել իրենց արտադրանքը, գներն աճում են, իսկ մարդիկ՝ կորցնում աշատանքը»։

«Այնպես որ, այս երկու խնդիրներից մեկն ավելի կառավարելի է․․․ մյուսը հանգեցնում է լուրջ հասարակական հետևանքների, և միշտ չէ, որ հեշտ է ասել, թե որ ուղով կընթանան գործընթացները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել