armenpress.am: Կառավարությունը 2 միլիարդ 35 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ ոստիկանությանը Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրման նպատակով ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերման, դրանց կահավորման և վարչական սարքավորումների ձեռքբերման համար։ Կառավարության մարտի 17-ին հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
«Նախագծով նախատեսվող ծախսերի գծով ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա բյուջեով միջոցներ հատկացված չեն, քանի որ բյուջետային քննարկումների ժամանակ առկա պահանջարկն ամբողջությամբ, քանակական և գումարային առումով, հստակեցված և գնահատված չէր։ Ըստ այդմ, նախագծով նախատեսվում է ծրագրով սահմանված հատկացումներն ավելացնել 2 միլիարդ 35 միլիոն դրամ։ Մասնավորապես, 289 միլիոն 900 հազար դրամ հատկացնել 2022 թվականին ապրիլին Լոռու և Շիրակի մարզերում գործարկվող նոր պարեկային ծառայության համար 140 տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար, 67 միլիոն 200 հազար դրամ այդ մեքենաների կահավորման համար, 1 միլիարդ 670 միլիոն 100 հազար դրամ վարչական սարքավորումներ ձեռք բերելու համար»,- ասաց Ղազարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշեց, որ ապրիլից Լոռու և Շիրակի մարզում գործարկվող նոր պարեկային ծառայությունը Կառավարության համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է։
«Նախորդ տարվա հուլիսից նոր պարեկային ծառայությունը գործում է Երևանում, և պետք է արձանագրել, որ պարեկային ոստիկանության գործունեության արդյունքները գոհացուցիչ են։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, և մենք, ըստ էության, ձևավորում ենք ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող ոստիկանություն»,- ասաց Փաշինյանը։
comment.count (0)