Կալանավորումների պատկերը ՀՀ-ում՝ վերջին 14 տարում․ ընդհանուր առմամբ, առկա է նվազման միտում
17:22 - 04 հունիսի, 2022

Կալանավորումների պատկերը ՀՀ-ում՝ վերջին 14 տարում․ ընդհանուր առմամբ, առկա է նվազման միտում

Կալանավորումը, որպես մարդու ազատությանն առավելագույնս միջամտող ամենախիստ խափանման միջոց, պարբերաբար քննարկման առարկա է դառնում այն համատեքստում՝ արդյո՞ք դատարաններն իսկապես ըստ անհրաժեշտության են կիրառում այն, թե՞ որոշ դեպքերում առաջնորդվում են քաղաքական նպատակահարմարությամբ։

Այս տարեսկզբին Ազգային ժողովում հրավիրված հանդիպումներից մեկի ընթացքում եւս դրա վերաբերյալ հայտարարություններ հնչեցին։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրել է վիճակագրական տվյալները, եւ պատկերը ծայրաստիճան  անհանգստացնող է եղել, քանի որ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարվել է։ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը նշեց, որ այնուհանդերձ, թե՛ վերջին մեկ-երկու, թե՛ շատ ավելի երկար տարիների կտրվածքով կալանավորումների թվի նվազման միտումը հստակ է։ Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը եւս նշեց, որ կալանավորումների թիվը, ըստ Դատախազության տվյալների, նվազում է:

Infocom-ը ուսումնասիրեց վերջին տարիներին դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդությունների  եւ կալանավորման որոշումների թվային պատկերը՝ ամիսներ շարունակ պետական կառույցներին հարցումներ ուղղելով եւ դրա հավաքման հետ կապված որոշակի խնդիրներ վեր հանելով։ 

Թեեւ մեր հարցումների արդյունքում հնարավոր չեղավ ամբողջությամբ բացահայտել այդ խնդիրների պատճառները, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ամբողջական պատկերի մեջ էական փոփոխության չեն հանգեցնում, ինչպես նաեւ այն, որ Դատական դեպարտամենտի վիճակագրություններն ավելի ամբողջական են՝ մենք ուսումնասիրեցինք Դեպարտամենտի՝ 2007-2021 թթ վիճակագրությունները (բացառությամբ 2008 թ․-ի) հասկանալու համար՝ ընդհանուր առմամբ, կալանավորման միջնորդությունների եւ որոշումների թվի ինչ միտում է առկա։

Ըստ վիճակագրական տվյալների՝ վերջին 14 տարվա ընթացքում կալանավորման ամենամեծ թվով միջնորդությունները՝ 3752 հատ, ներկայացվել են 2009 թ․-ին, ամենաքիչ թվովները՝ 1233 հատ՝ 2013 թ․-ին։ Կալանավորման որոշումներ Հայաստանում ամենաշատը կայացվել են 2010 թ․-ին․ դրանց թիվը կազմել է 3434։ Կալանավորման որոշումների ամենացածր ցուցանիշը 1156-ն է․ այն արձանագրվել է 2013 թ․-ին։ Ինչ վերաբերում է մերժումներին, միջնորդություններն ամենաքիչը՝ 69 անգամ, մերժվել են 2007 թ․-ին, իսկ ամենաշատը՝ 2020 թ․-ին․ մերժումների թիվը այդ տարի եղել է 345։

 Վիճակագրական ամբողջական պատկերը՝ ստորեւ․

Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե 2007 թ․-ից սկսած յուրաքանչյուր տարի կալանավորման քանի միջնորդություն է ներկայացվել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ։  

 

Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդություններից քանիսն են բավարարվել, քանիսը՝ մերժվել։ 

 

Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդություններից քանի տոկոսն է բավարարվել, քանիսը՝ մերժվել։
Made with Flourish
 

Թեմային առնչվող վիճակագրություն առկա է ե՛ւ Դատական դեպարտամենտում, ե՛ւ Գլխավոր դատախազությունում

Մեր վեր հանած խնդիրներից առաջինը վիճակագրական տվյալների անհամապատասխանությունն է։ Բանն այն է, որ վիճակագրության վարման պարտականություն ունի ե՛ւ Դատական դեպարտամենտը, ե՛ւ Գլխավոր դատախազությունը։ Մասնավորապես, Դատական դեպարտամենտը վիճակագրությունը վարում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով եւ Կառավարության  2018 թվականի դեկտեմբերի 27-ի 1542-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Ըստ այդմ, Դեպարտամենտը այն վարում է էլեկտրոնային ձեւով՝ դատարանների աշխատակազմերից կիսամյակային եւ տարեկան հաշվետվություններ ստանալու միջոցով։ Հավաքված վիճակագրական տվյալները Դեպարտամենտը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում։

Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազությանը, վերջինս հավաքում է ՀՀ հետաքննության եւ նախաքննության մարմինների կողմից ներկայացվող ամսական, կիսամյակային եւ տարեկան հաշվետվությունները, որոնք վարվում են ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի 204-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Հավաքված վիճակագրական տվյալները, ի թիվս այլնի, ներառվում են նաեւ Գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացվող տարեկան հաղորդումների մեջ։

Այսինքն՝ Դեպարտամենտում հավաքվող վիճակագրական տվյալների սկզբնական աղբյուրը ՀՀ-ում գործող դատարանների աշխատակազմերն են, իսկ Դատախազությունում հավաքվող տվյալներինը՝ հետաքննության եւ նախաքննության մարմինները։ Պետական երկու կառույցներում հավաքվող վիճակագրությունները, սակայն, առնվազն երեք տարիների կտրվածքով տարբեր են։

Դատական դեպարտամենտի մեթոդաբանական առանձնահատկությունները

Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված են դատարանների գործունեության տարեկան հաշվետվություններ՝ սկսած 2007 թվականից։ Խնդիրներից մյուսն էլ այն է, որ դրանցում բացակայում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի քննության վերաբերյալ 2008 թվականի հաշվետվությունը։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք գրավոր հարցմամբ դիմեցինք Բարձրագույն դատական խորհրդին՝ խնդրելով հայտնել, թե որն է այդ հաշվետվության բացակայության պատճառը, այն երբեւէ չի՞ հավաքագրվել թե՞ բացակայում է տեխնիկական պատճառներով։ Տեխնիկական պատճառներով կայքից բացակայելու, սակայն ինֆորմացիոն կրիչներում պահպանված լինելու դեպքում էլ խնդրեցինք տրամադրել այդ հաշվետվությունը։ Դատական դեպարտամենտի վերլուծության եւ մշտադիտարկման վարչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին հետեւյալը․ «Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր չի եղել պարզել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի քննության վերաբերյալ 2008 թ․ հաշվետվությունների առկայությունը, հետեւաբար Ձեր կողմից ակնկալվող տեղեկությունը տրամադրել հնարավոր չէ»։

Մեթոդաբանական առանձնահատկություններին վերաբերող մեր հարցումներին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տեղեկացրին, որ Դեպարտամենտը հաշվառում է հետախուզման մեջ գտնվող անձանց կալանավորելու միջնորդություններն ու համապատասխան որոշումները, սակայն չի հաշվառում կալանավորման վերահաստատման միջնորդություններն ու որոշումները։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվում է, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար դարձյալ միջնորդություն է ներկայացվում դատարան, որի հիման վրա դատարանը նոր որոշում է կայացնում՝ այն բավարարելու կամ մերժելու մասին։ Ըստ Դեպարտամենտի՝ մասնակի բավարարված միջնորդությունները եւս ներառված են բավարարված միջնորդությունների թվում։ Մասնակի բավարարումը նշանակում է, որ անձի նկատմամբ կալանավորում խափանման միջոցն ընտրվում է 1 ամսով, այնինչ, ըստ օրենքի, կալանավորման նախնական ժամկետը 2 ամիսն է։

Լրացուցիչ հարցմամբ ԲԴԽ-ից նաեւ հետաքրքրվեցինք, թե նախկինում, երբ գրավը համարվում էր կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, եւ դատարանները, անձանց կալանավորելու որոշում կայացնելով, միաժամանակ որոշում էին կայացնում գրավ կիրառելու մասին, ինչպե՞ս էին հաշվառում այդ միջնորդությունները եւ համապատասխան որոշումները։ Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1480 որոշման ուժով գրավը դադարեց լինել միայն այլընտրանքային՝ դառնալով ինքնուրույն խափանման միջոց։

Ի պատասխան հարցման՝ Դեպարտամենտից հայտնեցին, որ նախքան ՍԴ որոշումը կալանավորման միջնորդությունը եւ գրավի միջնորդությունը հաշվառվում էին առանձին-առանձին, ըստ այդմ, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կայացվող որոշումները եւս հաշվառվում էին առանձին-առանձին։ Այսինքն՝ դատարանների կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության բավարարման դեպքում, երբ միաժամանակ թույլատրելի էր ճանաչվում գրավի կիրառումը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, դրանք հաշվառվում էին որպես առանձին բավարարված միջնորդություններ: Նույն կերպ երբ, օրինակ, դատարանները բավարարում էին կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը, դրանք նույնպես հաշվառվում էին որպես առանձին միջնորդություններ եւ առանձին որոշումներ։

Դատախազության մեթոդաբանական առանձնահատկությունները

Ուսումնասիրելով Գլխավոր դատախազի տարեկան հաղորդումները՝ պարզ է դառնում, որ դրանցից որոշների մեջ առկա է ծանուցում այն մասին, որ վիճակագրական տվյալները չեն ներառում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները։ Խոսքը վերաբերում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ գրավոր հարցմամբ դիմեցինք Դատախազությանը՝ հետաքրքրվելով, թե ինչ պատճառով Դատախազության վիճակագրության մեջ չեն ներառվում այս հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները, եւ ո՞ր թվականից սկսած (քանի որ ոչ բոլոր հաղորդումներում է առկա այդ ծանուցումը)։

Մեր հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերող տվյալները ներառվում են ՀՀ դատախազության կողմից վարվող վիճակագրության մեջ, սակայն ԱԺ ներկայացվող տարեկան հաղորդումների մեջ չեն ներառվում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված անձանց ներառման դեպքում հնարավոր չի լինի ստանալ կալանավորում խափանման միջոցի կիրառման իրական պատկերը, քանի որ այդ հոդվածով մեղադրյալ ներգրավված եւ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառված անձանց տեսակարար կշիռը զգալիորեն գերազանցում է ՔՕ-ի մնացած հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվին: 

Դրանից բացի, Դատախազությունից հայտնեցին, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով անձը ներգրավվում է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում, որից հետո նաեւ դատարաններն են բավարարում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները: Այսինքն՝ թեեւ կայացվում են այդ անձանց կալանավորելու որոշումներ, սակայն դա պրակտիկայում իրագործելու հնարավորություն չի լինում, քանի որ նրանք գտնվում են հետախուզման մեջ։ Հարկ է նշել, որ այս հանգամանքը կարող է վերաբերելի լինել ՔՕ ցանկացած այլ հոդվածի (իհարկե, տոկոսային այլ հարաբերակցությամբ), քանի որ կալանավորելու որոշումներ կարող են կայացված լինել ՔՕ ցանկացած այլ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված եւ հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ։  «Նման պայմաններում նշված անձանց ներառումը առաջին ատյանի դատարան ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների թվի եւ դրանց քննարկման արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումների թվի մեջ հնարավորություն չի տա իրական պատկերացում կազմելու ներկայացված միջնորդությունների բավարարման տոկոսային հարաբերակցության, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ»,- հայտնեցին Դատախազությունից՝ հավելելով, որ այդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց տվյալները երբևէ չեն ներառվել ՀՀ դատախազության տարեկան հաղորդումների մեջ։ Խնդրել էինք պարզաբանել նաեւ, թե ոչ ամբողջական վիճակագրության հիման վրա կալանավորման միջնորդությունների քանակի տարեկան աճի կամ նվազման վերաբերյալ ինչպես է Դատախազությունը հաղորդման մեջ եզրահանգումներ անում։ Ի պատասխան հարցին՝ դարձյալ նշեցին, որ նախորդիվ բերված պատճառաբանությունները հիմք ընդունելով՝ հնարավոր չի լինի իրական պատկերացում կազմել ներկայացված միջնորդությունների թվի աճի, դրանց բավարարման տոկոսային հարաբերակցության մասին, եթե դրանում ներառվեն նաև ՔՕ 327-րդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց տվյալները:

Լրացուցիչ հարցմամբ Դատախազությունից խնդրեցինք հայտնել, թե  2007-2020 թթ ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի քանի քրեական գործ է հարուցվել, կալանավորման քանի միջնորդություն է ներկայացվել 327-րդ հոդվածով եւ մնացած հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց նկատմամբ, եւ դրանցից քանիսն են բավարարվել, քանիսը՝ մերժվել։ Հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրին, որ կոնկրետ հարուցված քրեական գործերի եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների վերաբերյալ համահավաք տվյալները (բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով) առկա են 2017թ. եւ դրանից հետո հրապարակված հաղորդումներում: Իսկ կոնկրետ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնոդրությունների հետ կապված վիճակագրության համադրությամբ համահավաք տվյալները ՀՀ գլխավոր դատախազությունում առկա են՝ սկսած 2019 թվականից․ «Դա պայմանավորված է ամենամյա հաղորդումները համադրելի եւ համեմատելի ընդհանուր տվյալների հիման վրա կազմելու, այդ նաատակով անհրաժեշտ վիճակագրական տվյալները ըստ ոլորտների հավաքագրելու եւ մշակելու՝ ՀՀ դատախազությունում կատարված մեթոդաբանական բարեփոխմամբ»,- ասված էր պատասխանում։ Ըստ այդմ, Դատախազությունը տրամադրեց 2019, 2020, 2021 թթ հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ առանձին 327-րդ հոդվածով եւ մնացած հոդվածներով կալանավորման միջնորդությունների եւ դրանց արդյունքում կայացված որոշումների վիճակագրական տվյալները։ 

Դատախազությունից եւս հայտնեցին, որ իրենք հաշվառում են հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների կալանավորման միջնորդություններն եւ համապատասխան որոշումները, սակայն կալանավորման վերահաստատման միջնորդություննեը, ըստ այդմ՝ դրանցով կայավող որոշումները չեն հաշվառում։ Թվային աղյուսակը լրացնելու՝ Կառավարության սահմանած կարգից պարզ է դառնում, որ կալանավորումը գրավով փոխարինելու դեպքերը Դատախազությունում եւս հաշվառվել են առանձին-առանձին։ Քանի որ աղյուսակում մասնակի բավարարման առանձին տող չկա, ենթադրվում է, որ այդպիսի բավարարումները եւս ներառվել են ընդհանուր բավարարումների մեջ։ Այնուհանդերձ, Դատախազության տրամադրած՝ 327-րդ հոդվածի եւ մնացած հոդվածների վերաբերյալ վիճակագրական տվյալների հանրագումարը դարձյալ հավասարազոր չէ Դատական դեպարտամենտի տվյալներին։ 

Օրինակ, ըստ Դատախազության՝ 2019 թվականին ներկայացվել է կալանավորման 1860 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 1981, 2020 թ․-ին՝  համապատասխանաբար 1890 եւ 1976, իսկ 2021 թ․-ին՝ համապատասխանաբար 1905 եւ 1996։ 2019 թվականին, ըստ Դատախազության, բավարարվել է, կալանավորման 1704 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 1803, 2020 թ․-ին՝ համապատասխանաբար 1601 եւ 1621, իսկ 2021 թ․-ին՝ համապատասխանաբար 1614 եւ 1659։ 2019 թվականին, ըստ Դատախազության, մերժվել է կալանավորման 156 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 176։ 2020 թ․-ին մերժվել է համապատասխանաբար 289 եւ 345 միջնորդություն, իսկ 2021 թ-ին՝ 294 եւ 324։

Ըստ Դատախազության՝ թվային այս տարբերությունը կարող է պայմանավորված լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով

Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը մեր զրույցում ասաց, որ ինչպես ցանկացած պետական մարմնում, այնպես էլ Դատախազությունում վարվում է վիճակագրություն՝ Դատախազության համար ընդունելի մեթոդաբանությամբ, որը կարող է տարբերվել պետական այլ մարմնի կողմից կիրառվող մեթոդաբանությունից։ Սա, ըստ նրա, տարբերության օբյեկտիվ կողմն է։ Դրանից բացի, ըստ Ամիրյանի, պետք է հաշվի առնել, որ վիճակագրությունը, ցավոք, այս պահին վարվում է ձեռքով, ինչը, բնականաբար, մեծացնում է մարդկային գործոնի դերը եւ ավելացնում է սխալվելու ռիսկը․ «Իհարկե, այնպես չէ, որ տվյալ աշխատակիցը դիտավորյալ սխալներ է ներառում, բայց դա դիտարկում ենք սուբյեկտիվ գործոն, եւ այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների, այսինքն՝ մեթոդաբանության եւ մարդկային գործոնի համակցության պարագայում ինչպես կալանքի, այնպես էլ այլ հարցերում հնարավոր են պետական տարբեր մարմիններ ունենան տարբեր վիճակագրական տվյալներ»։

Կարեն Ամիրյանի խոսքով՝ այս խնդրի հիմնական լուծումը միասնական էլեկտրոնային վիճակագրական տվյալների բազա ստեղծելն է, որպեսզի ապահովվի եւ մեթոդաբանության միասնականությունը, եւ հարյուր տոկոսով բացառվի մարդկային գործոնը․ «Այս երկու խնդիրների լուծման արդյունքում մենք, միանշանակ, կունենանք մեկ միասնական թիվ՝ անկախ նրանից՝ խնդիրը կվերաբերի կալանքի՞ն թե՞ ցանկացած այլ տեղեկության, որին տիրապետում է առնվազն երկու պետական մարմին»։

Մեր հարցին, թե այդ նպատակով Դատախազությունը գործնականում ինչ քայլեր է ձեռնարկում, Կարեն Ամիրյանը պատասխանեց, որ նախեւառաջ բարձրացնում է հարցը միջազգային գործընկերների  հետ հանդիպումների ժամանակ, որոնց գործառույթը այս կամ այն չափով վերաբերում է տվյալ ոլորտին․ «Դրանից բացի, մենք ունենք մեկ միասնական, այսպես կոչված, էլեկտրոնային արդարադատության ներդրման ծրագիր, որի շրջանակներում գուցե նաեւ այս հարցին լիարժեք անդրադարձ կատարվի, այսինքն՝ ե՛ւ պետության միջամտությամբ, այդ թվում՝ ֆինանսական եւ մարդկային, ե՛ւ միջազգային գործընկերների»։

Նշենք, որ Կառավարության 2021-2026 թթ ծրագրի համաձայն՝ Կառավարությունը, ի թիվս այլնի, նախատեսում է մշակել եւ իրականացնել  միասնական տվյալների քաղաքականություն, որի ներքո արդիականացվելու են վարչական տեղեկատվական համակարգերն ու պաշտոնական վիճակագրության կարողությունները:  Իսկ «Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» Կառավարության որոշման համաձայն՝ էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդնումը, ի թիվս այլնի, միտված է փոխգործելիության հարթակի շրջանակներում արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը եւ տվյալների շտեմարանները միավորելուն եւ վիճակագրական տվյալների հավաքագրումը ապահովելուն։

Դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը եւս մեր զրույցում նշեց, որ էլեկտրոնային քրեական գործեր ներդնելու նպատակներից մեկն այն է, որ ստեղծվի միասնական վիճակագրություն, եւ քաղաքացին երբ ցանկանա, կարողանա այդ պահի դրությամբ տվյալները ստանալ․ «Այս պահին աշխատանք է տարվում միասնական էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ, նախատեսում ենք նաեւ միասնական վիճակագրության ներդրում, եւ քննչական մարմինների հետ քնննարկումներ ենք ունենում, որպեսզի հստակեցնենք վիճակագրական ձեւերը, միասնական բազան ստեղծվի, եւ դատախազական ու քննչական տվյալները ներառվեն դրանում»։

Մարուխյանի խոսքով՝ վերջերս ԵՄ ծրագրերի համակարգողի հետ հանդիպման ժամանակ էլ են այս հարցը բարձրացրել՝ խնդրելով, որ ԵՄ վիճակագրության փորձագետը եւս ներգրավվի աշխատանքներում, եւ ստացել են համաձայնություն․ «Կարծում եմ՝ 2023 թ․ հունվարից սկսած մինչդատական քրեական վարույթի շրջանակում դա կունենանք, մյուս տարվա ցուցանիշները արդեն էլեկտրոնային կլինեն, ինչ վերաբերում է դատարաններին, դա, կարծում եմ, կկարողանանք վերջնական լուծել այն փուլից, երբ արդեն դատարաններ էլ քրեական գործերը էլեկտրոնային կուղարկվեն, վիճակագրությունը ամբողջական կդառնա, եւ այլեւս խնդիր չենք ունենա»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ դատարանների հետ տարվող աշխատանքներն էլ կփորձեն մյուս տարվա ընթացքում կազմակերպել։

Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ, վերջին 14 տարվա կտրվածքով նվազել է թե՛ դատարաններ ներկայացվող կալանավորման միջնորդությունների, թե՛ դատարանների կողմից կայացվող կալանավորման որոշումների թիվը։ Տոկոսային հարաբերակցության մեջ, սակայն, բավարարված միջնորդությունների թիվը մշտապես գերազանցել եւ այսօր էլ շարունակում է գերազանցել մերժվածներին, իսկ բավարարումների՝ նախորդ տարի արձանագրված ցուցանիշը՝ 83․1 տոկոսը, որի շուրջ քննարկում էր ընթանում ԱԺ-ում, համեմատության մեջ ամենացածրերից է։ Բոլոր դեպքերում, կալանավորումների քանակի աճի կամ նվազման վերաբերյալ եզրահանգումներ անելիս հարկավոր է հաշվի առնելով պետական երկու կառույցների մեթոդաբանական առանձնահատկությունները եւ հստակեցնել, թե որ կառույցի տվյալներն են հիմք ընդունվում։ Վիճակագրությունների վարման գործընթացում թերությունները շտկելու եւ անհամապատասխանություններից խուսափելու համար էլ հարկ է ներդնել մեկ միասնական էլեկտրոնային վիճակագրական բազա, որի ուղղությամբ, ինչպես նշվեց, աշխատանքերն ընթացքի մեջ են։

 

*Ինֆոգրաֆիկայում ներառված չեն առանց քննության թողնված միջնորդությունները, որոնք ամբողջի շատ չնչին մասն են կազմում։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել