Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, այդ թվում՝ նավթի արգելքը․ Reuters
16:36 - 21 մարտի, 2022

Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, այդ թվում՝ նավթի արգելքը․ Reuters

Եվրամիությունը պետք է խստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կենտրոնանալով էներգետիկ ոլորտի վրա, Reuters-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում հայտարարել են Լիտվայի և Իռլանդիայի արտգործնախարարները։

Բալթյան երկրներն, այդ թվում՝ Լիտվան, պնդում են, որ պետք է նավթի էմբարգո սահմանվի՝ որպես հաջորդ տրամաբանական քայլ, նշել են Reuters-ի աղբյուրերը։ Սակայն Գերմանիան կոչ է անում հապճեպ որոշումներ չկայացնել՝ հաշվի առնելով Եվրոպայում էներգակիրների արդեն բարձր գները։

«Մենք չենք կարող խուսափել էներգետիկ ոլորտի մասին խոսելուց, և անկասկած կարող ենք խոսել նավթի մասին, քանի որ այն ապահովում է ամենամեծ եկամուտը Ռուսաստանի բյուջեում», - ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

Կրեմլի դեմ վերջին երեք շաբաթվա ընթացում ԵՄ սահմանած պատժամիջոցների չորս փաթեթները Ռուսաստանին չեն ստիպել փոխել մոտեցումներն ուկրաինական հարցում։ Այդ պատժամիջոցները տարածվում են Ռուսաստանի և Բելառուսի 685 քաղաքացու, ինչպես նաև՝ ռուսական ֆինանսական և առևտրային ոլորտների վրա։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի Բրյուսել է ժամանելու՝ ՆԱՏՕ-ի, ԵՄ և G7-ի գագաթաժողովներին մասնակցելու, որոնց ընթացքում քննարկվելու է Մոսկվայի դեմ Արևմուտքի պատժամիջոցների խստացումը։

Պատժամիջոցների հինգերորդ փաթեթն ընդլայնելու է ԵՄ «սև ցուցակները»՝ ներառելով նոր անուններ։ Սակայն, հաշվի առնելով ԵՄ կախվածությունը ռուսական էներգակիրներից, տնտեսական առումով ամենաբարդ հարցը ռուսական նավթի ներկրման սահմանափակումն է, որն արդեն կիրառել են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։

Reuters-ի աղբյուրները նշել են, որ Ուկրաինայում քիմիական զենքի կիրառումը կամ դրա մայրաքաղաք Կիևի հուժկու հրետակոծումը կարող է խթան լինել էներգետիկ էմբարգոյի սահմանման համար։

Մոսկվան էլ զգուշացրել է, որ ռուսական նավթի դեմ ԵՄ պատժամիջոցները կարող են իրեն ստիպել փակել գազատարը դեպի Եվրոպա։

Ներկա պահին Եվրամիությունը, որի գազի սպառման 40%-ն ապահվում է Ռուսաստանը, իսկ դրա անդամ Գերմանիան այս հարցում ամենամեծ կախվածությունն ունի Եմ երկրների շարքում, տարակարծիք է էներգետիկ խնդրի լուծման հարցում։

Ֆրանսիայի դիրքորոշումը, որն այժմ նախագահում է ԵՄ-ում, վճռորոշն է լինելու։

Իսկ այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատժամիջոցների հարցում «տաբուներ» լինել չեն կարող։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել