Մարդը պատերազմի դաշտում. պատերազմից մնացած մարտահրավերները․ Աղասի Թադևոսյան
15:57 - 24 մարտի, 2022

Մարդը պատերազմի դաշտում. պատերազմից մնացած մարտահրավերները․ Աղասի Թադևոսյան

Պատերազմի մարդաբանության մեջ բավական տարածված է այն պնդումը, որ պատերազմը մարդկային մշակույթի մաս է և մարդկության պատմության մեջ ի հայտ է եկել բավական ուշ՝ ցեղային միությունների և վաղ պետական միավորումների ձևավորման շրջանում: Ընդհանրապես, բնության մեջ շատ հազվադեպ են հանդիպում կոլեկտիվ սպանությունների դեպքեր։ Պատերազմը բացառիկ երևույթ է այն առումով, որ արդարացնում է ուրիշի դեմ ուղղված կոլեկտիվ մարդասպանության գործողությունը վերջինս առանձնահատուկ կերպով իմաստավորելու ճանապարհով։

Այս առումով, ուշագրավ է, որ պատերազմը շատ ժողովուրդների մոտ նրանց ձևավորման առասպելների հիմքում է ընկած։ Այդպես է նաև մեր՝ հայերիս դեպքում։ Մեր ինքնության ձևավորման հիմքում ընկած է Հայկի մղած ազատագրական պատերազմը Բելի դեմ, և վերջինիս սպանությունը մեր մշակույթում ստացել է ամենաբարձր իմաստներից մեկը։

Երբ պատերազմը բավականաչափ մշակութայնացված, այսինքն՝ իմաստավորված չէ, չկան այնպիսի գաղափարներ, հանուն որոնց մարդը կարող է հաղթահարել պատերազմում զոհվելու վախը, ապա մահվան վախը դառնում է պատերազմի հիմնական ապրումը։ Առանց այն էլ, պատերազմում մահվան վտանգը, կյանքի մնացած բոլոր մշակութայնացված իրավիճակների հանդեպ, չափից դուրս իրական է։ Երբ մարդասպանության ծավալները, համամասնակցությունը, դաժանության ու սարսափի դրսևորումները ամենուր են, չափազանց կարևոր է դառնում այն, թե ինչպես է մարդն ապրում մահվան մոտիկությունը, ինչպես է հաղթահարում դրա առաջացրած վախը, և ինչպես է այդ ամենը փոխում կյանքի ու մահվան հետ կապված իմաստները։

Արցախյան վերջին պատերազմի մասնակիցների պատմություններում հաճախ է խոսվում վախի մասին։ Վախը եղել է այս պատերազմի հիմնական ապրումը։ Այն, որ պատերազմում մարդիկ վախենում են, տարօրինակ չէ։ Ավելին՝ պատերազմի մասնակիցներից շատերի կարծիքով դա շատ բնական է։ Անբնական կլիներ, որ մարդ չվախենար։ Խնդիրն այլ տեղ է։ Խնդիրն իրականում վախի կառավարման մեջ է։ Իսկ սա արդեն բանակի ու զինվորների պատրաստվածության հարց է։

Ռազմական մարդաբանության մեջ պատերազմի դաշտում վախի հաղթահարման և դրա կառավարման հարցը բավական ուսումնասիրված է, և քիչ թե շատ նորմալ բանակ ունեցող պետություններում զինվորների ու սպայակազմի հետ այդ նպատակով աշխատում են ռազմական հոգեբաններ։ Ընդհանրապես, այս խնդրին վերաբերող մասնագիտական գրականության մեջ առանձնացվում է վախի հաղթահարման երկու հիմնական մեխանիզմ՝ էքզիստենցիալ կամ գոյաբանական և պրոֆեսիոնալ։

Գոյաբանական մեխանիզմները սովորաբար վերաբերում են կյանքի ու մահվան իմաստաբանության, մահվան վախը հաղթահարող գաղափարաբանական ոլորտներին։ Փաստերը խոսում են այն մասին, որ եթե մարդը մարտի դաշտում ունի իր գործողություններին իմաստ հաղորդող գաղափարներ ու նպատակ, ապա նա ավելի հեշտ է հաղթահարում իր վախերը։ Այս առուով շատ բնութագրական է զինվորներից մեկի արտահայտությունը․ «Այ, սահման կա, չէ՞, առաջին ռումբից հետո կորում ա: Այ էն ոգեղենությունը, որ առաջին ռումբից հետո չի կորում, էդ ի՞նչ ոգեղենություն ա, ես չգիտեմ՝ ոնց նկարագրեմ դա, որտեղի՞ց ա գալիս, այ դա շատ քիչ էր»։

Ինչ վերաբերում է վախի հաղթահարման պրոֆեսիոնալ մեխանիզմներին, ապա սա վերաբերում է զինվորների մասնագիտական պատրաստվածության աստիճանին, մարտի դաշտում իրենց պրոֆեսիոնալ գործը իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներին, դրանք իրականացնելու հնարավորություն ընձեռող համապատասխան զենք ու զինամթերքի առկայությանն ու մարտական անհրաժեշտ կառույցների գոյությանը, ինչը թույլ է տալիս զինվորին, իրեն զգալով խմբի անդամ, ունենալ պաշտպանվածության ավելի մեծ զգացում։ 

Ցավոք, նշված չափորոշիչներից ոչ մեկը մեր բանակում չի գործել լիարժեք կերպով։ Միայն ժամկետային զինծառայողների մոտ են քիչ թե շատ աշխատել առաջին և երրորդ գործոնները։ Պատահական չէ, որ ըստ պատերազմի մասնակիցների վկայությունների՝ զորքի հենց այս հատվածն է քիչ թե շատ հաջող դիմադրել պատերազմի ժամանակ։ Ամենից ծանր վիճակում հայտվել են պահեստազորայինները։ Խնդիրն այն է, որ վախի հաղթահարման անհրաժեշտ գոյաբանական և պրոֆեսիոնալ մեխանիզմները զորքի այս հատվածի մոտ շատ թույլ են գործել այն պարզ պատճառով, որ զորակոչիկների մարտական պատրաստվածությունն այս տեսանկյունից շատ անփույթ է իրագործվել։

Փաստացիորեն, պատերազմի առաջին իսկ օրերից նրանք, հանդիպելով մի կողմից՝ ադրբեջանական բանակի տեխինկական առավելության փաստին և ռազմական գործողությունների մեծ ինտենսիվությանը, մյուս կողմից՝ բանակում կառավարման տեսանկյունից գոյություն ունեցող քաոսին, որևէ օբյեկտիվ, ինստիտուտցիոնալ հիմք չեն ունեցել, ինչի վրա հենվելով՝ հնարավոր կլիներ հաղթահարել վախը։ Միակ գործոնն այս իրավիճակներում մնացել են մարդու անձնական հոգեբանական տվյալները։ Սակայն եթե նկատի ունենանք, որ մարդկանց հիմնական մասը նման իրավիճակներում բնականորեն ավելի հակված է խուճապի մատնվելու, ապա հասկանալի է դառնում նաև այն պատկերը։

Շատ է խոսվել այն մասին, որ հայկական ու ադրբեջանական բանակները տարբերվել են իրենց զինվածության տեխնոլոգիական մակարդակով։ Այս տեխնոլոգիական հետամնացությունը էական ազդեցություն է թողել զինվորների վրա։ Այսպես կոչված, «ավտոմատի» կռվի ժամանակ մարդը գիտե, որ մարտի ժամանակ ինքն ունի պաշտպանվելու նույնքան հնարավորություն, որքան իր վրա հարձակվող հակառակորդ կողմի զինվորը, և իր կենդանի մնալը կախված է նաև իրենից։ Իսկ մարդ-տեխնիկա առճակատման դեպքում ինքը չգիտե, թե ում հետ կռվի։ Հակառակորդը շատ դեպքերում իր հետ կռվում է՝ անհայտ մի սենյակում նստած, և նրա համակարգչի էկրանին ինքը համակարգչային խաղի ժամանակ խոցվող զինվորից շատ չի տարբերվում։

Երբ սպանողը չի տեսնում սպանվող հակառակորդ զինվորին, սպանելը ոչ միայն դառնում է հոգեբանորեն հեշտ հաղթահարելի մի բան, այլև վեր է ածվում խաղային ազարտի։ Սա ապագայի մասին ֆանտաստիկ երկից մի հատված չէ, այլ՝ նոր սերնդի պատերազմի համար արդեն սովորական դարձած իրողություն։ Եվ ցավալին այն է, որ այս պատերազմում մեր զինվորները հայտնվել էին էկրանի վրա թիրախավորվող օբյեկտների դերում։ Սա այն գլխավոր մարտահրավերներից մեկն է, որոնց լուծման ճանապարհները ոչ միայն տեխնիկատեխնոլոգիական ոլորտում են, այլև՝ հոգեբանական ու մարդաբանական։

Ակնհայտ է, որ փոխվում է պատերազմի բնույթը, և փոխվում է դրա ոչ միայն տեխնոլոգիական բնութագիրը, այլև՝ մարդաբանական։ Եվ չնայած այս փոփոխություններին՝ մարդը մնալու է պատերազմի հիմնական գործող անձը։ Եվ մարդու ֆիզիկական ու հոգեբանական պաշտպանվածության աստիճանը ազգերի ու պետությունների գլխավոր խնդիրներից մեկն է դառնում։ Եվ այն այսօր արդեն առաջնային մարտահրավերներից է մեզ համար՝ որպես պատերազմի սարսափները վերապրած հասարակության։

Աղասի Թադևոսյան
մշակութային մարդաբան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել