Ուկրաինայում պատերազմի մեկ ամիսն արդեն լրացել է․ ի՞նչ արդյունքներ կան․ Meduza
22:56 - 25 մարտի, 2022

Ուկրաինայում պատերազմի մեկ ամիսն արդեն լրացել է․ ի՞նչ արդյունքներ կան․ Meduza

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա սկսվել է փետրվարի 24-ին, ռազմական գործողությունների մեկ ամիսն արդեն լրացել է։ Ռուսական Meduza պարբերականը ի մի է բերել դրանց արդյունքները երեկվա դրությամբ։ Նրա պնդմամբ՝ ռուսական պլանները ձախողվել են, սակայն ուկրաինական բանակն էլ բավականաչափ խնդիրներ ունի։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։

Գլխավոր արդյունքներ

«Ռուսական գործողությունը սկսվել է արագ ներխուժմամբ գրեթե տասը ուղղություններով՝ ամենավճռական նպատակներով՝ Ուկրաինայի ողջ հարավի, Կիևի և Դոնբասի գրավում։ Չորս շաբաթվա ընթացքում այն, կարծես, խորը ճգնաժամի մեջ է հայտնվել։ Սկզբի համեմատ՝ անգամ ավելի պակաս հավակնություններն իրականության հետ այնքան էլ լավ չեն համընկնում։

Սկզբից պարզվեց, որ ռուսական բանակը չի կարող արդյունավետորեն գրոհել բոլոր ուղղություններով, իսկ առանց ջանքերի կենտրոնացման, լրացուցիչ ուժերի, որոշ առավել կարևոր հատվածներում ավիացիոն աջակցության՝ չի կարող գրոհել ոչ մի ուղղությամբ։ Այդպիսի կենտրոնացում իրականացվել է․ տասնյակ ուղղություններից ռուսական հրամանատարությունն ընտրել է երկու օպերատիվ ուղղություն, որտեղ, հավանաբար, հույս է ունեցել ռազմավարական հաջողությունների հասնել։ Մարտի երկրորդ տասնօրյակում հիմնական ջանքերը կենտրոնացվել են Կիևի և Դոնբասում ուկրաինական բանակի (թվաքանակով) հիմնական  խմբավորման պաշարման վրա։

Ուկրաինական բանակի հիմնական ուժերի և երկրի քաղաքական ղեկավարության չեզոքացման սպառնալիքի միջոցով ռուսական Գլխավոր շտաբը, հավանաբար, ուզում էր ուկրաինական իշխանությանը ստիպել եթե ոչ կապիտուլյացիա ընդունել, ապա գոնե ռուսական պատկերացմամբ փոխզիջման դրդել, որը Կիևի համար մինչ օրս անընդունելի է։ Կրեմլն, ըստ ամենայնի, հույս ուներ, որ այդ ռազմական հաջողությունը (նույնիսկ եթե այն հեռու է սկզբնական պլաններից) թույլ կտա լուծել պատերազմի նաև քաղաքական խնդիրները։

Պատերազմի չորրորդ շաբաթում իրավիճակը ռուսական բանակի համար կրկին վատթարացել է։ Այժմ ուկրաինական զորքերը ոչ միայն պաշտպանվում են, այլև որոշ ուղղություններով փորձում են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել։ Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք նրանց ուժերը կհերիքեն և կկարողանան, արդյոք, արդյունավետ հարձակման գործողություններ իրականացնել օդում հակառակորդի առավելության պայմաններում։

Ի՞նչ է կատարվել ուղղություններից յուրաքանչյուրում

Չորս շաբաթում ռուսական գրոհի տարբեր ուղղություններում իրադարձությունները զարգացել են համանման սցենարով․ տասնյակ և հարյուրավոր կիլոմետրերի խորը ճեղքում առաջին շաբաթում, այնուհետև՝ դժվարություներ՝ երկրի խորքում ուկրաինական զորքերի մշտական տեղակայման վայրերում նրանց հաղթելու դժվարություներ, այնուհետև՝ նախաձեռնության կորուստ։

Կիևի ուղղություն (հյուսիսային և արևմտյան ծայրամասեր)

  • Կիևից դեպի հյուսիս պատերազմը սկսվել է Անտոնովի օդանավակայանում վաշտային ուղղաթիռային դեսանտի դեմ Ուկրաինայի Ազգային գվարդիայի և հատուկ նշանակության ջոկատի պայքարով։ Այս պայքարը տևել է մի քանի օր՝ ռուսական բանակին թույլ տալով բելառուսական սահմանից հարյուրավոր կիլոմետրեր անցնել և, Չեռնոբիլի օտարման գոտին հատելով, միավորվել դեսանտավորների հետ։
  • Դրան հետևել է անհաջող հարվածը Կիևի ուղղությամբ։ Ռուսական զորքերը չեն կարողացել անցնել Իրպեն գետը, քանի որ դրա ափը ողողվել է պատվարի փլուզման հետևանքով։
  • Մարտի սկզբին ռուսական բանակն, այնուամենայնվ, կարողացել է հարձակում սկսել հարավային ուղղությամբ՝ Կիևին մոտենալով արևմուտքից։ Զորքերը հատել են Կիև-Ժիտոմիր մայրուղին և ծանր մարտերի մեջ մտել ուկրաինական ուժերի հետ, որոնք եկել են Ժիտոմիրից։ Ռուսական գրոհը կասեցվել է։
  • Պատերազմի չորրորդ շաբաթում զորքերի դրությունը վատթարացել է։ Դրանք հատել են Իրպեն գետը, դիրքավորվել Մոշչուն գյուղում և փորձել Կիևն արգելափակել հյուսիսից։ Մյուս թևում գրոհ են կազմակերպել Նեմեշաևո գյուղի հատվածում։ Սակայն երկու գործողություններն էլ ձախողվել են։ Ռուսական զորքերը կորցրել են Մոշչունն ու Նեմեշաևոն, ինչպես նաև Իրպենի գետանցումը։
  • Ուկրաինական զորքերը շարունակել են հակահարձակումը, նրանք գրավել են Մակարովը։ Մարտի 24-ի դրությամբ պարզ չէ, թե արդյոք սա մի դրվագ էր, թե խոշոր օպերատիվ հաջողություն է սպասվում , որը հետ կշպրտի ռուսական զորքերը Կիևից։

 

Կիևի ուղղություն (արևելյան ծայրամասեր)

  • Ռուսական զորքերը հայտնվել են Կիևի արևելյան ծայրամասերում՝ Բրովարիի, Բորիսպոլի օդանավակայանի մատույցներում և Կիև-Խարկով մայրուղու մերձակայքում՝ անցնելով երկար ու ծանր ճանապարհ։ Ռուսական զորքերի մի մասը գրեթե հասել է Կիև՝ Չեռնիգովի շրջանի անտառների միջով, սակայն շրջկենտրոնն այդպես էլ չի գրավվել, դրա մերձակայքում գտնվող ռուսական շարասյուներն ամենօրյա գրոհների են ենթարկվել։
  • Հավանաբար, այդ պատճառով էլ միանգամից մեծ ուժերով չի հաջողվել Կիև հասնել։ Ռուսական զորքերը գրավել են միայն Բրովարիներից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի գյուղ։
  • Կիևի արևելյան ծայրամասեր է հասել մի խմբավորում, որը պատերազմը սկսել է Սումիում։ Սակայն այն նույնպես ամենօրյա հարվածների է ենթարկվել։
  • Արդյունքում՝ զորքերն այդպես էլ չեն հասել Կիև-Խարկով մայրուղուն, ինչպես նաև Բորիսպոլի օդանավակայան։
  • Պատերազմի չորրորդ շաբաթում ուկրաինական զորքերը հակահարձակում են սկսել նաև այստեղ։ Արդյունքները մարտի 24-ի դրությամբ դեռ հայտնի չեն։

 

Չեռնիգով, Խարկով և Սումի

Ուկրաինայի հյուսիս-արևելքում շարունակվում են ցածր ինտենսիվության մարտերը, կողմերը հյուծող հրետանային փոխհրաձգություն են վարում։ Սակայն որևէ զգալի փոփոխություն այս հատվածում դեռ չի սպասվում։

 

Խարկովի շրջանի հարավ և Դոնբասի հյուսիս

  • Հավանաբար, այս ուղղությունը ռուսական հրամանատարությունն ընտրել է՝ որպես գլխավորներից մեկը։
  • Սակայն Իզյում քաղաքը միանգամից գրավել չի հաջողվել։ Քաղաքի Սևերսկի Դոնեցի կամուրջները պայթեցվել են, ռուսական զորքերը երկու պոնտոնային կամուրջ են գցել Իզյումի մերձակայքում և շարունակել գրոհը Բարվենկովոյի և Լոզովայայի ուղղությամբ։
  • Սակայն այն կասեցվել է ուկրաինական պահեստազորայինների կողմից։ Կամենկա գյուղի մոտ ծանր մարտեր են սկսվել, որոնք շարունակվել են նաև մարտի 24-ին։

 

Դոնբասի հարավ և Մարիուպոլ

  • Միակ ուղղությունը, որտեղ շարունակվում է ռուսական գրոհը, Դոնբասի հարավն է։ Սակայն վստահություն չկա, որ ռուսական զորքերն ու ԴԺՀ/ԼԺՀ ուժերը կկարողանան ողջ խորությամբ ճեղքել ճակատը․
  • Մարիուպոլի գրոհը համեմատաբար արագ է ընթանում, սակայն, դատելով կցկտուր հաղորդագրություններից և տեսանյութերից, ուղեկցվում է ԴԺՀ ուժերի և ռուսական զորքերի մեծ կորուստներով։ Գրավված է, հավանաբար, քաղաքի կեսը։

 

Նիկոլաև և Կրիվոյ Ռոգ

  • Նիկոլաևի շրջանի ուղղությամբ ուկրաինական զորքերին հաջողվել է նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել։
  • Վերջին մեկ շաբաթում ռուսական զորքերը լքել են Նիկոլաևի շուրջ դիրքերն ու նահանջել Խերսոնի շրջան։
  • Խերսոնի շրջանի հյուսիսում ռուսական գրոհն ինչպես ամենուր, կասեցվել է մոտ մեկ շաբաթ առաջ։ Զորքերը հասել են Դնեպրոպետրովսկի շրջանի սահմանին, սակայն Կրիվոյ Ռոգն ու Դնեպրը (նախկին Դնեպրոպետրովսկը) գրավելու համար ուժերն ակնհայտորեն չեն հերիքում։

 

Ի՞նչ է այս ամենը նշանակում

«Ջախջախիչ պատերազմի» ռազմավարությունը, որն ընտրել է ռուսական հրամանատարությունն ի սկզբանե, ակնհայտորեն չի աշխատել։

Հավանաբար, ռուսական հրամանատարության համար դժվար է սկզբնական պլանի սխալներն ուղղելը․ զորքերն առաջին օրերին հասել են Ուկրաինայի խորքեր, ամենուրեք կապվել են մարտերով, իսկ հետո հօգուտ առաջնահերթ ուղղությունների վերախմբավորվելն անհնար է դարձել։

Ակնհայտորեն լուծված չեն նաև բազմաթիվ մարտավարական խնդիրներ։ Բացի այդ, ռուսական բանակը չի ցուցադրել, որ կարող է արագ և արդյունավետությամբ գրավել խոշոր բնակավայրեր։

Ճիշտ է, ուկրաինական կողմը նույնպես չի ցուցադրել, որ կարող է հարձակում իրականացնել՝ վճռական նպատակներով՝ խոշոր ուժեր կենտրոնացնելով։ Երկրի հարավում բաց թողնելով հարվածը պատերազմի առաջին շաբաթում՝ ուկրաինական բանակը չի կարողացել իր պահուստային զորքերն այնտեղ ուղարկել՝ զիջելով հսկայական տարածքներ և ռազմավարական նշանակության քաղաքներ։ Ուկրաինական զորքերը դեռևս պաշտպանական մարտեր են վարում (հաճախ՝ հաջողությամբ) իրենց մշտական տեղակայման կետերի մերձակայքերում։

 «Փոխզիջման հարկադրանքի» սցենարին միակ այլընտրանքը, որը ենթադրում է կողմերից մեկի վճռական և հաջող գործողություններ, ակնհայտորեն հյուծող պատերազմն է։ Եվ եթե այդպիսի բան տեղի ունենա, բնավ փաստ չէ, որ Ռուսաստանը դրանից հաղթող դուրս կգա։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել