Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, քիչ առաջ հրապարակեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավճիռը։
Դատարանը ճանաչեց եւ հռչակեց Առուշ Առուշանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 35-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներում եւ նրան արդարացրեց։
Խոսքը վերաբերում է, մասնավորապես, երկու կամ ավելի ընտրողների կաշառք տալու հանցակցությանը, դրա նախապատրաստմանը, ապօրինի ձեռնարկատիրությանը (որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով), ինչպես նաեւ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործմանը։
Հիշյալ հոդվածներում Առուշանյանը արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։
Միեւնույն ժամանակ նա մեղավոր ճանաչվեց ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվեց տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը 5 տարի ժամկետով։
Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաեւ ՔՕ 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ ( բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչությունը) եւ դատապարտվեց տուգանքի՝ նվազագայուն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով (700․000 ՀՀ դրամ)։
Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաեւ ՔՕ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով (խուլիգանական դրդումներով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) եւ դատապարտվեց ազատազրկման 1 տարի 3 ամիս ժամկետով։ Հաշվի առնելով, որ նա արդեն իսկ 8 ամիս 12 օր գտնվել է արգելանքի տակ՝ վերջնական պատիժ սահմանվեց 6 ամիս 18 օրը։
ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կանոններով համակցելով հանցանքները եւ գումարելով պատիժները՝ որպես վերջնական պատիժ սահմանվեց 6 ամիս 18 օր ժամկետով ազատազրկումը, 700․000 ՀՀ դրամ տուգանքը եւ ՏԻՄ-երում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը 5 տարի ժամկետով։
ՀՀ ՔՕ 70-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը որոշեց ազատազրկումը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։
Դատարանը նաեւ բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ փոփոխելով Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւ ընտրելով երկրից չհեռանալու մասին ստորագրությունը մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Արդյունքում, Առուշանյանը անհապաղ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)