Ռուս-ուկրաինական ստամբուլյան բանակցությունների արդյունքներն՝ ամփոփ
19:04 - 29 մարտի, 2022

Ռուս-ուկրաինական ստամբուլյան բանակցությունների արդյունքներն՝ ամփոփ

Ստամբուլում այսօր կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին լրագրողներին ասել է, որ դրանք կառուցողական են եղել։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան գոհունակություն է հայտնել, որ բանակցությունները կայացել են ոչ թե Բելառուսում, այլ Ստամբուլում։

 

Ռուսական կողմի հայտարարություններն՝ ըստ ՏԱՍՍ

«Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Մոսկվան Կիևին «ընդառաջ երկու քայլ է անում»։

  • Առաջարկվում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումն անցկացնել պլանավորվածից ավելի վաղ՝ միաժամանակ արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ։
  • Բացի այդ, ռուս զնվորականները արմատապես կրճատում են ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։

Ըստ ռուսական կողմի՝ Ստամբուլում ռուսական պատվիրակությունն ուկրաինացի գործընկերներից ստացել է «պարզ ձևակերպված նրանց դիրքորոշումը»։ Կիևի այդ առաջարկները կքննարկվեն մոտ ժամանակներս, կներկայացվեն Ռուսաստանի նախագահին, որից հետո Մոսկվան պատասխան կտա։

  • Ուկրաինական գրավոր առաջարկները ներառում են հրաժարում զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունից և տեղակայումից, ինչպես նաև ուկրաինական տարածքում օտարերկրյա ռազմաբազարի տեղակայման արգելք։
  • Կիևի դիրքորոշումը նաև ենթադրում է հրաժարում ուժային ճանապարհով Ղրիմն ու Սևաստոպոլն Ուկրաինայի կազմ վերադարձնելու ձգտումից։
  • Ուկրաինան համաձայն է արձանագրել իր չեզոք և ապամիջուկային կարգավիճակը, եթե նրան անվտանգության երաշխիքներ տրամարվեն, որոնք «իրենց բովանդակությամբ և ձևով պետք է համանման լինեն» Հյուսիսատլանտյան պայմանագրի հինգերորդ հոդվածին։ Դա նաև ենթադրում է ռազմական օգնություն և ոչ թռիչքային գոտու ներմուծում եռօրյա խորհրդակցություններից հետո՝ հարցի դիվանագիտական լուծման համար։
  • Երաշխավորների շարքում, Կիևի կարծիքով, կարող են ընդգրկվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներն (այդ թվում՝ Ռուսաստանը), ինչպես նաև Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Կանադան, Լեհաստանն ու Թուրքիան։ Ընդ որում՝ նրանց երաշխիքները չեն տարածվելու Ղրիմի և Դոնբասի վրա։
  • Կիևը նաև պահանջում է, որ երաշխավոր երկրները ոչ միայն չխոչընդոտեն Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանն, այլև օգնեն նրան՝ դա անել «հնարավորինս արագ»»։

 

Ուկրաինական կողմի հայտարարություններն՝ ըստ ՈւՆԻԱՆ

  • «Ուկրաինան առաջարկում է իր համար անվտանգության միջազգային երաշխիքների մասին պայմանագիր ստորագրել, այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Այդ պայմանագրի իրագործումը պետք է հետևյալ ընթացակարգով ընթանա․ սկզբից հանրաքվե կանցկացվի, որի ժամանակ Ուկրաինայի բոլոր քաղաքացիներն իրենց դիրքորոշումը կհայտնեն այդ պայմանագրի և այն բանի վերաբերյալ, թե ինչպես է այն աշխատելու։ Այնուհետև այն կվավերացվի երաշխավոր երկրների և Ուկաինայի խորհրդարաններում», - նշել է նա։

  • Պոդոլյակը հայտնել է, որ Ղրիմի հարցը պայմանագրի առանձին կետ է, որում ուկրաինական կողմն առաջարկում է արձանագրել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները, 15 տարի երկկողմանի բանակցություններ վարել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակների շուրջ։
  • Առանձին կետով ուկրաինական կողմը ռուսականին առաջարկում է հետևյալը․ Ուկրաինան ու Ռուսաստանը բանակցություններ վարելու այդ ընթացքում չեն օգտագործելու ռազմական կամ զինված ուժեր՝ Ղրիմի հարցի լուծման համար։
  • «Ինչ վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջաններին, ապա այդ հարցերն առանձին կետով են ներկայացված և քննարկվելու են Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև բանակցությունների շրջանակում։ Այսինքն՝ բոլոր վիճելի հարցերը քիչ թե շատ քննարկվել են, մեր առաջարկներն արված են», - ասել է Պոդոլյակը»։

Ուրաինայի «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ և ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան, Liga.net-ի փոխանցմամբ՝ հայտնել է, որ Ուկրաինան այս բանակցություններում նպատակ չունի որևէ փաստաթուղթ ստորագրել, նրա գլխավոր խնդիրը Ռուսաստանին իր դիրքորոշումն ու առաջարկները ներկայացնելն է։

Առանցքային առաջարկներից մեկն անվտանգության նոր համակարգի ստեղծումն է, քանի որ զսպման նախկին համակարգը «չի աշխատում» և «դա երևում է Մարիուպոլում, Խարկովում և մյուս քաղաքներում, որոնք Ռուսաստանի ուղիղ ռազմական հարվածի տակ են»։ Քանի որ «ՆԱՏՕ-ի և մյուս պաշտպանական դաշինքների ոչ մի ջանքեր չկարողացան կանխել Ռուսաստանի ագրեսիան», Ուկրաինան առաջարկում է մշակել և կնքել բազմակողմանի պայմանագրեր, որոնք գործնականում «կերաշխավորեն նրա պաշտպանությունը նոր ագրեսիայի դեպքում», ասել է Արախամիան։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել