armenpress.am: Պետական վերահսկողության ծառայությունը շուրջ մեկուկես տասնյակ պետական կառավարման մարմիններում ուսումնասիրություններ է իրականացնում, ևս մի քանի տասնյակ ընկերություններում՝ մշտադիտարկումներ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Այս պահին ուսումնասիրություններ են կատարվում առողջապահության, պաշտպանության նախարարություններում, Երևանի քաղաքապետարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ում, որը 100 տոկոս պետական մասնաբաժին ունեցող միավոր է։ Բնականաբար, որևէ տեղեկություն այս պահին պատեհ չեմ համարում հաղորդել, քանի որ ուսումնասիրությունները ընթացքի մեջ են։ Ուսումնասիրություններին պետք է հաջորդի տեղեկանքների կազմում և վերջնական արդյունքների ամփոփում, որից հետո հավուր պատշաճի տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը և լրատվամիջոցներին»,-նշեց Պետրոսյանը։
Պետրոսյանի խոսքով՝ ՊՎԾ-ն սկսել է մշտադիտարկման տակ պահել կառավարության և վարչապետի որոշումների կատարման ընթացքը և համապատասխան գերատեսչություների ղեկավարներին պարբերաբար առաջարկներ է ներկայացվում մշտադիտարկման արդյունքների, հնարավոր թերացումների մասին։
«Նաև մշտադիտարկման տակ ենք պահում հանրային գնումների սեկտորը, բարձրաստիճան պետական պաշտոնյաններին հնարավոր փոխկապակցված սուբյեկտների հայտերն ենք զննում, անհրաժեշտ տեղեկատվություններ ենք հավաքագրում ներգրավված բոլոր մարմիններից, այդ թվում՝ լիազոր մարմնից»,- ասաց Պետրոսյանը։
ՊՎԾ պետը նշեց, որ ԱԻՆ-ում այս պահին որևէ ուսումնասիրություն չեն իրականացնում։
comment.count (0)