Արցախը չի միջամտում Հայաստանի ներքին կյանքին, ներքին գործընթացներին․ Դավիթ Բաբայան |lragir.am|
07:08 - 10 մայիսի, 2019

Արցախը չի միջամտում Հայաստանի ներքին կյանքին, ներքին գործընթացներին․ Դավիթ Բաբայան |lragir.am|

lragir.am։ Պարոն Բաբայան, Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հարցով և մերժվել։ Ինչո՞ւ այսպիսի անհրաժեշտություն առաջացավ, արդյոք սրանով Արցախը չի միջամտում Հայաստանի ներքին գործերի՞ն։

Կա գրված ու չգրված օրենք, որ Արցախը չի միջամտում Հայաստանի ներքին կյանքին, ներքին գործընթացներին։ Նույնը Հայաստանն է անում Արցախի նկատմամբ։ Հետևաբար, սա ներքին գործերին միջամտություն չէ, սա երկու նախագահների անձնական, մարդասիրական նախաձեռնությունն է, առանց միջամտելու այդ գործընթացներին, որոշելու՝ ով է ճիշտ, ով է սխալ։ Ու երբ Գլխավոր դատախազությունից պատասխանն ստացվել է, կարծում եմ՝ հարցը փակվել է։ Այնպես որ, կարծում եմ, հարցը շահարկելը ճիշտ չէ։

Ստեփանակերտում կայացավ «Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք» ֆորումը։ Ինչո՞ւ հիմա նման ֆորումի անհրաժեշտություն առաջացավ։

Այդ ֆորումի հիմնական կազմակերպիչը ՀՅԴ-ն է եղել։ Սա իրենց նախաձեռնությունն է և իրենց տեսլականն է։ Իրենք այդպես են մտածում և սա հասարակական նախաձեռնություն է։ Իհարկե, մեր միասնականությունն ամենակարևորն է և դրա վրա են հիմնված մեր հաղթանակներն ու ձեռքբերումները։ Բայց նույնիսկ առանց այսպիսի ֆորմալ փաստաթղթի ձևով դաշինքի Արցախի և մայր Հայաստանի փոխգործակցությունը հատկապես բանակաշինության ոլորտում, պաշտպանության ոլորտում, անվտանգության ոլորտում բավականին բարձր է։

Կա՞ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև տարաձայնություն՝ հաշվի առնելով, որ ՀՀ նախկին իշխանությունները շատ ջերմեռանդորեն ողջունվում են Արցախի իշխանությունների կողմից։

Դա ճիշտ ըմբռնում չէ։ Ես կարծում եմ, որ առհասարակ Հայաստանի և Արցախի անտագոնիզմը, թշնամությունը կլինի մեր պետականության կործանման սկիզբը։ Անկախ ամեն ինչից, թե ով է ղեկավար Հայաստանում և Արցախում, մենք պետք է ունենանք սերտ համագործակցություն, որովհետև սա մեր ժողովրդի, մեր պետության, մեր պետականության հիմքն է։ Չի կարող լինել այնպես, որ մեկ հայրենիքի երկու հատվածները մեկը մյուսի դեմ լինեն։ Դա անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ կանգնած Հայաստանում ու Արցախում, ինչ ուժեր են գալիս իշխանության։

«Ռոյթերս»-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ընդդիմություն է ձևավորվում ընդդեմ Հայաստանի նոր իշխանությունների։ Հաշվի առնելով, որ նախկին իշխանության գործիչները հաճախ են այցելում Արցախ, հնարավո՞ր է, որ այդ ընդդիմությանն աջակցեն նաև Արցախից։

Այստեղ գալիս են բոլորը, և ամենահաճախակին գալիս է Նիկոլ Փաշինյանը, ինչը ողջունելի է։ Հայաստանի ղեկավարը պետք է հաճախակի լինի Արցախում, իսկ Արցախի ղեկավարները պետք է հաճախակի լինեն Հայաստանում։ Ընդ որում, եթե հաշվենք, կտեսնենք, ՀՀ վարչապետն ավելի հաճախ է գալիս Արցախ, քան մնացած ղեկավարներն էին գալիս իրենց ժամանակին։ Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի ծրագրերին, դա Հայաստանի ներքին խոհանոցն է։
 

Կարդալ ավելին՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել