«Լուսան». ոչ թե արտադրված, այլ՝ հավաքված Հայաստանում
17:25 - 04 ապրիլի, 2022

«Լուսան». ոչ թե արտադրված, այլ՝ հավաքված Հայաստանում

Վերջին օրերին հայկական կայքերում և սոցցանցերի հայկական տիրույթում տեղեկություններ են շրջանառվում, թե Հայաստանում «Լուսան» անունով զրահամեքենա է արտադրվելու (1, 2, 3, 4, 5)։ Այս զրահամեքենան ցուցադրված էր «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսում։

Տարածվող տեղեկությունը, սակայն, սխալ է․ Հայաստանում ոչ թե զրահամեքենաներ են արտադրվելու, այլ զրահամեքենաների խոշոր հանգույցների հավաքման գործընթաց է իրականացվելու։

 

«Լուսան» զրահամեքենաների պատմությունը

Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը երեկ «Սպուտնիկ Արմենիային» հայտնել էր, որ իրենց գործարանը Հայաստանում կսկսի հավաքել սեփական ապրանքանիշի «Լուսան» զրահամեքենաներ։ Նրա խոսքով՝ զրահամեքենաների հավաքման գործընթացն իրականացվում է ռուսական «Ռիդա» գործարանի հետ համագործակցությամբ։ Մեհրաբյանը նշել էր, որ հայ ինժեներների առաջարկած մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով՝ մեքենաների շասսիները կպատրաստվեն Ռուսաստանում «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի օրինակով։

Infocom-ի հետ զրույցում Արտյոմ Մեհրաբյանը նշեց, որ իրենք «Լուսան» զրահամեքենաների շասսիները, շարժիչները և խոշոր հանգույցները ստանալու են Ռուսաստանից, և Հայաստանում կատարվելու է խոշոր հանգույցների հավաքման գործընթաց (SKD)։

Լուսանկարում՝ «Լուսան» զրահամեքենան

Գործարանի տնօրենը հայտնեց, որ իրենք պայմանագիր են կնքել զրահապատ մասեր արտադրող և մատակարարող ռուսական «Ռիդա» գործարանի մեջ մտնող ընկերություններից մեկի հետ և ստացել խոշոր հանգույցների հավաքում իրականացնելու իրավունք։ Չարենացավանի գործարանը ստացել է նաև մեքենայի արտադրողի նույնականացման (WMI) կոդ։ Մեհրաբյանի խոսքով՝ զրահամեքենայի մասերի մոտավորապես 20%-ն իրենց գործարանում է արտադրվելու։ Իսկ թե ինչ մասեր են դրանք, նա չմանրամասնեց։

 

Ռուսական «Բուրանի» պատմությունը

Ռուսական «Ռիդան» հիմնադրվել է 1993-ին։ Գործարանի արտադրանքներից մեկը «Բուրան» զրահափոխադրիչն է, որն առաջին անգամ թողարկվել է 2017-ին։ «Բուրանի» շասսին, ըստ տարբեր աղբյուրների, հիմնված է «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի վրա (1, 2)։ Հիշեցնենք, որ Արտյոմ Մեհրաբյանը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել էր, որ Ռուսաստանում «Լուսանի» շասսիները արտադրվելու են հենց «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի օրինակով։

Բացի նրանից, որ «Լուսանն» ու «Բուրանն» ունեն նույն շասսին, զրահամեքենաները արտաքնապես էլ նման են։ Այս լուսանկարները «Լուսանի» կայքից են։

Իսկ սրանք՝ «Բուրանի» կայքից։

 

«Asilak»-ի պատմությունը Բելառուսում

Նմանատիպ մի պատմություն էլ տեղի է ունեցել Բելառուսում։ 2019-ին բելառուսական ընկերություններից մեկը թողարկեց «Asilak» զրահամեքենան։ Քանի որ «Բուրան» զրահամեքենան կարող է մատակարարվել ինչպես շահագործման պատրաստ վիճակում, այնպես էլ խոշոր հանգույցների հավաքման համար (SKD), Բելառուսում խոսակցություններ կային, որ «Բուրանին» շատ նման «Asilak-ը հենց երկրորդ եղանակով էլ ձեռք է բերվել և ամենևին էլ բելառուսական արտադրության չէ։ 

Դատելով Արտյոմ Մեհրաբյանի խոսքերից՝ Հայաստանում «Լուսանի» հավաքման իրավունքն էլ ձեռք է բերվել հենց այս տարբերակով, քանի որ Հայաստան են հասնելու զրահամեքենաների շասսիները, շարժիչները, և կատարվելու է խոշոր հանգույցների հավաքման գործընթաց։

Լուսանկարում՝ «Asilak»-ը

Այպիսով, Հայաստանում նոր զրահամեքենա չի արտադրվելու․ ռուսական «Ռիդա» գործարանի հետ համագործակցությամբ, վերջինիս արտադրած շասսիներով ու շարժիչներով իրականացվելու է «Լուսան» անունով զրահամեքենայի խոշոր հանգույցների հավաքման գործընթաց։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել