Մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում. Արման Եղոյանը՝ Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային համաժողովին

 |armenpress.am|
21:26 - 04 ապրիլի, 2022

Մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում. Արման Եղոյանը՝ Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային համաժողովին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների նախագահների համաժողովին բարձրաձայնել է Հայաստանի, Արցախի անվտանգային և մարդասիրական ճգնաժամին վերաբերող հարցերը։

«2020 թ. սեպտեմբերի 27-ին, երբ աշխարհը պայքարում էր COVID-19 համավարակի դեմ, Ադրբեջանը, իր դաշնակիցների և վարձկան գրոհայինների օգնությամբ, լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Ու թեև, որոշ հումանիտար կազմակերպություններ և որոշ պետությունների ղեկավարներ շատ արագ տվեցին կատարվողի ճշգրիտ գնահատականը, կարծես թե դա բավարար չէր: Առաջիններից մեկը ստեղծված իրավիճակին արձագանքեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով բացեիբաց հայտարարեց, որ Ադրբեջանը հայերի դեմ կռվելու համար Սիրիայից ջիհադիստների խմբեր է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ (Մեջբերում) «Համաձայն մեր հավաստի տեղեկատվության, 300 գրոհայիններ Սիրիայից Գազիանթեփով հասել են Բաքու։ Նրանք հայտնի են և նույնականացված, նրանք դուրս են եկել Հալեպի շրջանում գործող ջիհադիստների խմբերից»։ Human Rights Watch-ը հաստատել է, որ Ադրբեջանը պատերազմի ժամանակ օգտագործել է կասետային (կլաստերային) ռումբեր։ «Genocide Watch»-ը զգուշացրել է, որ Ադրբեջանը նպատակ ունի ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությանը։ (Մեջբերում) «Ադրբեջանը ներխուժել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության կամ Արցախի տարածք և նպատակ ունի ոչնչացնել հայկական ներկայությունը օկուպացված տարածքներում»։ Բոլորովին վերջերս, Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը այն տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- նշել է Արման Եղոյանը։

Նա հիշեցրել է, որ միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ, Ադրբեջանը թիրախավորել էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, ռմբակոծում էր քաղաքները, օգտագործել է ֆոսֆորային ռումբեր և դաժան հաշվեհարդար է տեսել այն ծերերի նկատմամբ, ովքեր չեն հասցրել լքել իրենց տները ադրբեջանական առաջխաղացումից հետո: Արման Եղոյանն ընգծել է, որ մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում, և որոնց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել։

«Ու այս դժվար օրերին, հայ ժողովուրդը, որ հազարավոր տարիներ ապրել էր իր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում, միջազգային հանրության կողմից չստացավ նույն աջակցությունը։ Ինչու՞։ Հարցն այստեղ աշխարհքաղաքականությու՞նն էր, թե՞ արժեքները։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ պատճառը աշխարհքաղաքականությունն էր, նույնիսկ այդ դեպքում, արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում պատերազմը այս կամ այն կերպ կապված չէր այսօր Ուկրաինայում տեղի ունեցողի հետ։ Ես սա թողնում եմ, որպես բաց հարց, որի շուրջ կարող եք մտածել։ Եվ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է որևէ պետություն, որևէ կառավարություն, վտարել որևէ բնակչության իր հայրենի քաղաքից ու գյուղից, եվրոպական որ՞ պետությունը կարող է նման բան անել առանց եվրոպական արձագանքին արժանանալու։ Ո՛չ մեկը։ Բայց ինչու՞ սա հնարավոր եղավ Լեռնային Ղարաբաղում։ Սա մեկ այլ հարց է, որը ես թողնում եմ բաց ու առաջարկում մտածել դրա շուրջ»,-եզրափակել է Արման Եղոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել