Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |armenpress.am|
11:59 - 05 ապրիլի, 2022

Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |armenpress.am|

armenpress.am: Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին ասաց Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը:

«Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոքը»,- ասաց Սարգսյանը:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը (նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից), վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը: Նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

ՀՀ նախագահի ապրիլի 1-ի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել