armtimes.com: Ես իմ գործընկերների հետ հիմա քննարկումների մեջ եմ, երբ քննարկումներն ավարտվեն՝ բոլոր հարցերին կպատասխանեմ։ Այս մասին քիչ առաջ Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ իր՝ ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը ստանձնելու վերաբերյալ հայտարարության մասով զրուցե՞լ է ՍԴ մյուս անդամների հետ։
Վահե Գրիգորյանն ասաց, որ չի մասնակցել դատարանում այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստի որոշումների կայացմանը։ Ի դեպ՝ այդ նիստի ժամանակ ՍԴ անդամները Ռոբերտ Քոչարյանի դիմումն ընդունել են վարույթ։ Իսկ անդամների հետ իր կարգավիճակի քննարկման համար հանդիպել է առանձին, զրուցել է նաեւ ՍԴ նախագահի լիազորություններն այս պահին կատարող Հրայր Թովմասյանի հետ։
Լրագրողի հարցին՝ կառուցողակա՞ն էր հանդիպումը, Գրիգորյանը դրական պատասխան տվեց։
Վահե Գրիգորյանը Քոչարյանի դիմումը ՍԴ վարույթ ընդունելը չմեկնաբանեց։
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա նշեց, որ ստեղծված հնարավոր ճգնաժամային իրավիճակը լուծելու իրավական ճանապարահ կա, ինքն այդպիսի լուծումը տեսնում է, որի մասին կխոսի ժամանակին։
comment.count (0)