Քայլք բարակ սառույցի վրայով․ 7 իրողություն, որ ձևավորում են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը ․ Politico
21:27 - 06 ապրիլի, 2022

Քայլք բարակ սառույցի վրայով․ 7 իրողություն, որ ձևավորում են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը ․ Politico

Ամերիկյան «Politico» ամսագիրը գրում է ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին, որոնց վրա ազդել են մի շարք առանցքային իրադարձություններ։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը տարօրինակ հարևաններ են․ երբեմն՝ ռազմավարական լավ գործընկերներ, երբեմն էլ՝ տարածաշրջանային ոխերիմ ախոյաններ»։

Ներկա պահին Թուրքիայի առաջնորդը միջնորդի դեր է ստանձնել և նախորդ շաբաթ այցելել Բոսֆորի ափին գտնվող Դոլմաբահչե պալատ՝ անձամբ ողջունելու խաղաղ բանակցություններ վարող ռուսական և ուկրաինական պատվիրակություններին։

Այս դերը ստանձնելով՝ Էրդողանը բարակ սառույցի վրայով է քայլում։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարդ են, և դա գալիս է պատմական իրողություններից։ Այդ հարաբերությունները կրում են Ղրիմի թաթարների հետ կապված իրավիճակի, էներգետիկ անվտանգության, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցած պատերազմների լարվածությունը։ Վերջին տարիներին Թուրքիան խոցել է ռուսական ռազմական օդանավ, ռուսական ավիահարվածների հետևանքով Սիրիայում զոհվել է 33 թուրք զինվորական, և սպանվել է Անկարայում Մոսկվայի դեսպանը։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ուկրաինական հակամարտությունն առանց կաշկանդվելու անվանում է «պատերազմ», արգելափակում ռուսական ռազմանավերի երթուղին դեպի Սև ծով և ուկրաինական զորքերին Bayraktar կործանարար անօդաչու թռչող սարքեր վաճառում՝ ի հեճուկս Մոսկվայի մեծ վրդովմունքի։ Մյուս կողմից Անկարան նյարդայնացնում է նաև Կիևին՝ հրաժարվելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել, իսկ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ «այրել Ռուսաստանի հետ կամուրջները»։

Ներկայացնում ենք յոթ առանցքային իրողություն, որոնք վերջին տասը տարում ազդել են Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների ձևավորման վրա։

  1. Անձնական շփումներ

Էրդողանի և Պուտինի միջև հարաբերությունները թշնամականից վերածվել են բարեկամականի՝ շնորհիվ 2016թ․-ին Էրդողանի դեմ իրականացված պետական հեղաշրջման փորձի։

Այդ հարաբերությունները ջերմ էին մինչև 2015թ․-ի նոյեմբերը, երբ թուրքական F-16-ը թուրք-սիրիական սահմանի վրա խոցեց ռուսական ռմբակոծիչը։ Պուտինը զայրալից տոնով հայտարարեց, որ այդ միջադեպը «մեջքից հարված էր»։ 10 ամիս տևած առճակատման ընթացքում Մոսկվան տնտեսական պատժամիջոցներ սահմանեց, կոչ արեց իր քաղաքացիներին չայցելել Թուրքիա, որը մեծապես կախված է ռուսաստանցի զբոսաշրջիկների այցերից։ Սա, ի վերջո, Էրդողանին ստիպեց ներողություն խնդրել Պուտինից։

Սակայն հենց պետական հեղաշրջման փորձը Թուրքիայում 2016թ.-ի հուլիսին ինչպես երբևէ մտերմացրեց նրանց հարաբերությունները։

«Մինչ [ԱՄՆ նախկին նախագահ] Օբաման և նրա եվրոպացի գործընկերները մի կողմ էին քաշվել, Պուտինն անհապաղ դարձավ Էրդողանի փրկիչն ու առաջարկեց իր աջակցությունը։ Լուրեր էին պտտվում նաև, որ ռուսներն են Էրդողանին զգուշացրել»,- ասում է Բրուքինգսի ինստիտուտի պրոֆեսոր Քեմալ Քիրիշքին։

Իրականում, երկու առաջնորդների միջև կապերն այնքան սերտ էին, որ, ըստ փորձագետների, կարողացան հաղթահարել այնպիսի իրադարձություններ, որոնք սովորաբար բերում են երկկողմ հարաբերությունների խզման՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը 2016թ․-ին, սիրիական պատերազմում Ռուսաստանի մասնակցության առաջացրած լարվածությունն ու Սիրիայում 2020թ․-ին ռուսական ավիահարվածների հետևանքով տասնյակ թուրք զինծառայողների զոհվելը։

  1. Ղրիմի թաթարներ

Ղրիմի թաթարները նույնպես Մոսկվայի և Անկարայի միջև լարվածության աղբյուր են։

Թուրքիան պատմական կապեր ունի Ղրիմի թաթարների հետ, որոնք թյուրքական էթնիկ խմբին են պատկանում։

Հաշվի առնելով էթնիկ կապերն ու Թուրքիայում թաթարների մեծ համայնքի առկայությունը՝ Էրդողանը հաճախ է փորձում պաշտպանել նրանց։ 2014թ․-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, որը թարմացրեց համայնքի՝ խորհրդային ժամանակների հետ կապված վախերը (Իոսիֆ Ստալինի հրամանով 1944թ․-ին ավելի քան 200 000 թաթարներ են արտաքսվել Միջին Ասիա, որտեղ նրանց գրեթե կեսը զոհվել է)․ բարդ պահ էր Թուրքիայի համար։

Անկարան անմիջապես դեմ արտահայտվեց բռնակցմանը, պահպանեց կապերը տեղի համայնքային առաջնորդների հետ, Կիևում թաթարների նոր կենտրոն հիմնեց և անաղմուկ պայմանավորվեց բանտից ազատ արձակել երկու թաթար քաղաքական գործիչների։ 2014թ․-ին հավաստիացրեց, որ Պուտինը խոստացել է, որ նրանք պաշտպանված կլինեն։

  1. Սևծովյան անվտանգություն

Թուրքիան վերահսկում է մուտքը Սև ծով Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Մոնտրյոյի 1936թ․-ի կոնվենցիայի համաձայն՝ նա պետք է երաշխավորի դրանցով երթևեկող քաղաքացիական նավերի «լիակատար ազատությունը», նրան միայն թույլատրվում է արգելափակել ռազմական նավերը պատերազմի դեպքում։

Ուկրաինական հակամարտության ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 28-ին հայտարարել է, որ նեղուցները փակ են ռազմանավերի համար։ Սակայն թուրքագետ Սթիվեն Քուկն ասում է, որ այն նավերը, որոնք Ռուսաստան են վերադառնում, դեռ կարող են դա անել։

  1. Լեռնային Ղարաբաղ

Մինչդեռ Հարավային Կովկասում Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն:

Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վաղեմի դիմակայությունում Մոսկվան ու Անկարան տարբեր կողմերի են սատարում։

Ադրբեջանը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է, և Անկարան վաղուց է Բաքվին մատակարարում նույն «Bayraktar» ԱԹՍ-ները, որոնք Ուկրաինային է վաճառում։ Նույնպիսի սերտ կապեր Հայաստանի հետ ունի Ռուսաստանը, երկու երկրներն ընդհանուր ՀՕՊ համակարգ ունեն և Մոսկվայի առաջնորդությամբ գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ են։

Անգամ եթե Անկարան այժմ կարգավորում է իր հարաբերությունները Երևանի հետ, իսկ Մոսկվան վերջերս որոշել է ամրապնդել Բաքվի հետ համագործակցությունը, նրանք ստիպված են պաշտպանել իրենց պատմական գործընկերներին լարվածություն առաջանալու դեպքում։

Երբ 2016թ․-ին Լեռնային Ղարաբաղում էսկալացիա տեղի ունեցավ, [ռուսական և թուրքական] կողմերը խայթող արտահայտություններով փոխանակվեցին, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի հռետորաբանությունն «անընդունելի» անվանեց։ Սակայն երբ 2020թ․-ի նոյեմբերին այդ տարածքում լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, քննադատությունն ավելի մեղմ էր, քանի որ Ռուսաստանը միջնորդ էր և ապահովեց հրադադարը՝ Ադրբեջանին թույլ տալով պահպանել իր տարածքային նվաճումները։

«Չնայած այն բանին, որ նրանք հակամարտության հակառակ կողմերում էին, և Թուրքիայի աջակցությունն ունեցող ուժերն առավելության հասան Ռուսաստանի աջակցությունն ունեցողների նկատմամբ․․․ նրանք հրադադարի հաստատումը երաշխավորելու ուղիներ գտան»,- ասում է թուրքագետ Սթիվեն Քուկը՝ հավելելով, որ «երկու առաջնորդները կարողացան մի կողմ դնել տարաձայնությունները և հարաբերությունները չփչացնել»։

  1. Սիրիա և քրդական հարց

Սիրիան ևս մի ճակատ է, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան բախվել են միմյանց հետ, բայց վերադարձել դեպի համագործակցություն, թեև տարբեր կողմերի են սատարում։

Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո հակամարտությունը տեղափոխվեց Թուրքիայի հարավարևելյան սահման՝ նրա մտահոգությունն առաջացնելով իր սահմանին Սիրիայի քրդերի ինքնավար շրջանի ձևավորման և փախստականների հոսքի վերաբերյալ։ Երբ 2015թ․-ին Ռուսաստանը միջամտեց իրավիճակին՝ Բաշար Ասադի ռեժիմին օգնելու համար, Պուտինն ու Էրդողանը գժտվեցին։

Լարվածությունը սրվեց, երբ նույն տավա մեջ Թուրքիան ռուսական ռազմական օդանավ խոցեց, որը հայտնվել էր իր օդային տարածքում։ Սակայն, երբ Էրդողանը դրա համար ներողություն խնդրեց, կողմերը սկսեցին համագործակցել։

Թեև իրավիճակը կրկին լարվեց այն բանից հետո, երբ 33 թուրք զինվորական զոհվեց Իդլիբին հասցված ավիահարվածների հետևանքով, այս երկու երկրների առաջնորդները կրկին համաձայնության եկան։ Թեև [Իդլիբում] փխրուն հրադադարը պահպանվում է, Սիրիան մինչ օրս Էրդողանի վրա ճնշում գործադրելու գործիք է։

  1. Լիբիա

Լիբիայի հարցում դիմակայությունը սկսվել է 2011թ․-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի պաշտոնանկությունից հետո։ Դրան հետևած պատերազմում Մոսկվան սատարում էր Արևելյան Լիբիայում Խալիֆ Հաֆթարի ռեժիմը՝ զենք և ռազմական տեխնիկա մատակարարելով։ Անկարան, սակայն, աջակցում էր Ազգային համաձայնության կառավարությանը՝ զենք և ԱԹՍ-ներ տրամադրելով։

Սակայն, չնայած դրան՝ այս երկու երկրների առաջնորդները կարողացել են փոխըմբռնման հասնել, ինչպես Սիրիայի հարցում։

  1. Բնական գազ

Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը՝ կարևորագույն էներգետիկ կապերը Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերականորեն կայուն են։

Թուրքիան երկար ժամանակ եղել է ռուսական գազի սպառման խոշոր շուկա՝ 2005թ․-ից անմիջականորեն գազ ստանալով «Երկնագույն հոսք» խողովակաշարով։ Այսօր նա նույնպես ներկրում է բնական գազի 45%-ը Ռուսաստանից, թեև այդ կախվածությունը նվազում է։ Էրդողանն ու Պուտինը համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի վերաբեյալ։

Սակայն իր էներգետիկ անկախությունը մեծացնելու նպատակով Թուրքիան սեփական ռեսուրսներն է ուսումնասիրում և 2020թ․-ին հայտարարել է Սև ծովում բնական գազի աղբյուր հայտնաբերելու մասին։

Թեև Թուրքիան դեռ կշարունակի գնել ռուսական նավթն ու գազը, երկրի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքով Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից (ըստ ՌԴ-ի՝ «հատուկ ռազմական գործողություն»- Infocom) հետո գազի ներկրման կրճատման Եվրոպայի ներկայիս ձգտումները կարող են Թուրքիային դարձնել մատակարարումների այլընտրանքային հնարավոր երթուղիների կենտրոն»:

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել