Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը
15:14 - 08 ապրիլի, 2022

Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը

ՀՀ ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ քննարկել են  Արցախում եւ Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ներկա անկայուն իրավիճակը:

Ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ հույն պատգամավորը կարեւորել է մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, դատապարտել հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը եւ այդ համատեքստում շեշտել միջազգային հանրության ադեկվատ արձագանքի կարեւորությունը:

Կողմերն անդրադարձել են հայ-հունական ջերմ հարաբերությունների պատմական ընթացքին եւ համոզմունք հայտնել, որ եղբայրական ժողովուրդների միջեւ կապերը գնալով էլ ավելի կխորանան: Պարոն Գյուլեկասն իր շնորհավորանքն է հղել հայկական պատվիրակության ներկայացուցիչներին` Հայաստանի նախագահի ընտրության կապակցությամբ, եւ փոխանցել խորհրդարանի նախագահի եւ իր գլխավորած հանձնաժողովի անդամների ողջույնները:

Զրուցակիցները խոսել են նաեւ հայկական Սփյուռքի, նրա դերի ու ներուժի մասին:

Հանդիպմանը ներկա է եղել եւ խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Նշվում է, որ այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում` Հունաստանի, Իտալիայի եւ Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել