Դոնբասի համար վճռորոշ մարտեր են կանխատեսվում, ո՞վ կհաղթի դրանցում․ Meduza
16:22 - 13 ապրիլի, 2022

Դոնբասի համար վճռորոշ մարտեր են կանխատեսվում, ո՞վ կհաղթի դրանցում․ Meduza

Ուկրաինայում շարունակվում է պատերազմը, որը սկսվել է այս տարվա փետրվարի 24-ին, երբ Ռուսաստանն իր զորքերը մտցրել է այդ երկիր։ ՌԴ-ն դա «հատուկ ռազմական գործողություն է անվանում»։ Եվ վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ Դոնբասի համար վճռորոշ մարտեր են սպասվում։ Meduza պարբերականը գրում է այն մասին, թե ով կհաղթի այդ մարտում, և ինչից է դա կախված։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կանխատեսում է, որ այս շաբաթ ռուսական զորքերը վճռական գրոհի կդիմեն Դոնբասի հյուսիսում և հարավում։ Ըստ ամենայնի՝ ռուսական հրամանատարության պատրաստությունները գրոհին (և ուկրաինականինը՝ գրոհը հետ մղելուն) իրոք ակտիվորեն ընթանում են։ Ենթադրյալ մարտի վայր ստորաբաժանումների տեղափոխում է նկատվում երկու կողմերից էլ, սակայն դրանք դեռ չեն նկատվել մարտի դաշտում։ Երբ (և եթե – այստեղ էլ են հնարավոր տարբերակներ) բոլոր ուժերը մտցվեն մարտի մեջ, պատերազմը սկզբունքային նոր փուլ կմտնի։

Ինչո՞վ է պատերազմի նոր փուլը տարբերվելու նախորդից

Ուկրաինայի և ՌԴ զորքերը, որոնք ավելի վաղ գործարկվել էին ճակատի կտրտված գծում՝ Սումիից դեպի Կիև հարյուրավոր կիլոմետրերի վրա, այժմ դեմ դիմաց կհայտնվեն տասնյակ կիլոմետրանոց ճակատագծում։ Կրակի ինտենսիվությունն ու զորքերի խտությունը կմեծանան․ առանձին մարտական խմբերի և հրետամարտկոցների բախումների փոխարեն, ենթադրվում է, ճակատի նեղ հատվածում մարտը կվարեն կազմավորումները, որոնցում տասնյակ հազարավոր զինծառայողներ կան։ Առաջին տիպի պատերազմում ռուսական զորքերը չեն հաջողել․ նրանք, կարծես, չեն ունեցել ոչ թվային առավելություն, ոչ մարտի դաշտի մասին իրազեկվածության առավելություն։ Նոր մարտի ելքը կախված է նրանից, թե արդյոք ռուսական բանակն այդ առավելությունները կստանա նոր պայմաններում։

Ի՞նչ է այժմ կատարվում ենթադրյալ գրոհի հատվածում

Խարկովի շրջանի հարավում և Իզյումի հատվածում մարտերը սկսվել են դեռևս մարտին։ Ամսվա կեսերին ռուսական զորքերը քաղաքի սահմաններից դուրս մի քանի պոնտոնային կամուրջներ են անցկացրել Սևերսկի Դոնեց գետի վրայով, իսկ մարտի վերջին գրավել են Իզյումի հարավը և Կամենկա գյուղը։ Այդպիսով ապահովագրել են գետանցումները։

Մարտի 24-ին դադարել են մարտերն Իզյումի համար, մարտի 25-ին՝ Կամենկայի համար։ Այժմ նախակամրջային դիրքերը լրջորեն ամրացված են։

Սակայն մարտ ամսին ի հայտ են եկել այդ տեղանքի թերություններն՝ ապագա գրոհի իմաստով․

  • Հարավային ուղղությամբ գրոհի նեղ ճակատ և բաց թևեր արևմուտքում և հարավ-արևելքում՝ Կրամատորսկի և Սլավյանսկի հատվածներում։ Ուկրաինական ուժերը կարող են գրոհել ռուսական հարձակման թեևերն, ինչպես արել են մարտին Կիևից դեպի հյուսիս և արևմուտք։
  • Պլացդարմից դեպի հարավ՝ այն մասում, որտեղ պետք է զարգանա գրոհը, ուկրաինական զորքերի և հրետանու զբաղեցրածբլրաշատ տեղանքն է, որը վեր է խոյանում Սևերեսկի Դոնեցի դաշտավայրի վրա։ Մինչ օրս այդ դաշտավայրը հաղթահարելու փորձերն անհաջողությամբ են ավարտվել։

 

Այսինքն՝ կրկնվելու է Կիևի համար մարտերի սցենա՞րը


Հազիվ թե։ Հայտնի չէ, թե ով կհաղթի, սակայն եթե երկու կողմերի ռազմական փորձագետներն իրավացի են, ապա գործողությունը լրջորեն տարբերվելու է նրանից, ինչ մինչ օրս տեսել ենք։ Ընդամենը երկու գլխավոր ուղղությամբ ներգրավված զորքերի խտությունը, համենայնդեպս ռուսական կողմից, պետք է շատ ավելի մեծ լինի, քան ողջ Ուկրաինայի առանձին հատվածներում, ինչպես մեկ ամիս առաջ էր։

Կենտրոնացնելով ուժերն ու կրակային միջոցները՝ ռուսական զորքերը փորձելու են ճեղքել ուկրաինական շարժական պաշտպանությունը մի շարք հաջորդական գործողությունների միջոցով։ Ելքը կախված կլինի նրանից, թե արդյոք նեղ ճակատում ուժերի կենտրոնացումը թույլ կտա լուծել պատերազմի առաջին ամսում ի հայտ եկած մարտավարական խնդիրները։

Ի՞նչ խնդիրներ ունեն ռուսական զորքերը

  • Հետևակային զորքերի պակաս՝ մարտական խմբերում։ Ռուսական բանակը դեռ խաղաղ ժամանակների բանակ է։ Պայմանագրային զինծառայողներից կազմված ստորաբաժանումներում պլանային կերպով անձնակազմի պակաս է նկատվում։ Պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց այս խնդիրը սրել են զորքերի՝ կենդանի ուժի կորուստները։ Արդյունքում՝ ռուսական մարտական խմբերը հարկ եղած ձևով չեն կարողանում վերահսկել տեղանքը։ Ուկրաինական բանակը պահուստայինների մասնակի մոբիլիզացիա է անցկացրել և համալրվել կամավորներով, այդ պատճառով էլ կենդանի ուժի պակաս չի զգում։
  • Մի քանի շաբաթ մեծ կորուստներով նոր ինտենսիվ մարտերից հետո կենդանի ուժի պակասը կարող է կրիտիկական դառնալ։ Այս դեպքում ռուսական քաղաքական ղեկավարությունը ստիպված կլինի վերանայել պահուստայինների և/կամ պայմանագրայինների մասնակի մոբիլիզացիայի հարցը։
  • Ռուսական հրամանատարությունն այս խնդիրը մասնակիորեն կարող է լուծել՝ հրաժարվելով անհեռանկարային հատվածներում մարտերից, նեղացնելով գրոհի գիծը և ավելացնելով զորքերի խտությունը։
  • Սակայն կրակային հզորության առավելությունների օգտագործման հետ, կարծես, նույնպես խնդիրներ կան։ 2014 թ-ին ռուսական զորքերը Դոնբասում մարտական գործողությունները վարում էին առանձին գումարտակային մարտավարական խմբերով (ԳՄԽ)։ 2015-ին ռուսական ԳՄԽ-ներն ուկրաինականների նկատմամբ մեծ առավելություն ունեին մարտի դաշտի մասին իրազեկվածության հարցում։ Իսկ հիմա համեմատաբար հավասար հակառակորդի դեմ ինտենսիվ պատերազմի պայմաններում այդ կառուցվածքը չի աշխատում։
  • Հնարավոր է, որ հիմնական խնդիրը կրկին հետևակային պաշտպանության պակասն է, որը կարող է հետևել մարտի դաշտին և հիմնական ուժերին օգնել ռազմական գործողություններ վարել։ Հավանական խնդիրներից մեկը նաև այն է, որ ռուսական զորքերն, ի տարբերություն 2014–2015 թթ-ի, ուկրաինականի նկատմամբ առավելություն չունեն տեխնիկական հետախուզության միջոցների առումով։ 
  • Ադրյունքում՝ ռուսական գրոհի փորձերը կասեցնում է հիմնականում ուկրաինական հրետանին, որը թվաքանակով և որակապես ռուսականից թույլ է, պակաս շարժուն է, բայց (գոնե երբեմն) առավելություն ունի նպատակակետերի հայտնաբերման արագության հարցում։
  • Գլխավոր հարվածների հատվածներում քանակական առավելություն ստանալու համար պետք է հակառակորդից ավելի արագ այնտեղ տեղափոխել պահեստազորը։ Կիևում ռուսական զորքերը չեն կարողացել կասեցնել ուկրաինական ուժերի համալրումը հարևան շրջաններից։ Հայտնի է, որ այժմ Ուկրաինական պահեստազորայինները հասնում են Ուկրաինայի արևելք, այդ թվում՝ երկաթուղային տրանսպորտով։ Ռուսական հրամանատարությունը փորձում է խանգարել դրան։ Բայց դեռ պարզ չէ՝ արդյոք հաջողում է։
  • Միաժամանակ ուկրաինական զորքերը փորձում են թույլ չտալ ռուսական պահեստազորայինների կենտրոնացումը։ Կիևի տվյալներով՝ Խարկովի շրջանի Վելիկի Բուրլուկ քաղաքի մերձակայքում ոչնչացվել է ռուսական պահեստազորի հարյուրավոր մեքենաներից կազմված շարասյունը։ Ճիշտ է, լիակատար ոչնչացումը ծայրահեղ կասկածելի է, բայց սա պարզապես հոխորտանք չէ։

Ի՞նչ խնդիրներ ունեն ուկրաինական զորքերը

  • Եթե ռուսական բանակը պատրաստվում է շրջափակել հակառակորդի խոշոր ուժերը, այն պետք է նախապես որոշի, թե ինչպես շրջափակման միջոցով հասնել պատերազմի քաղաքական նպատակներին։ Մի կողմից՝ ռուսական բանակն արդեն մեկ ու կես ամիս պայքարում է Մարիուպոլում շրջափակման մեջ գտնվող ուկրաինական խմբավորման դեմ, որը մի քանի անգամ ավելի փոքր է։ Մյուս կողմից՝ Մարիուպոլի խմբավորումը շրջափակումից առաջ, ըստ ամենայնի, մեծ քանակությամբ զենք-զինամթերք է ունեցել։ Շատ ավելի դժվար կլինի այդպիսի պահուստներ կուտակել ողջ Դոնբասի շատ ավելի խոշոր խմբավորման համար, որն արդեն այս ողջ ընթացքում օգտագործել է դրանց մի մասը։ Այդ պատճառով էլ ուկրաինական հրամանատարության համար կարևոր է խուսափել գլխավոր ուժերի շրջափակումից, որի համար բանակը պետք է ոչ միայն պաշտպանվի, այլև հակագրոհներ կազմակերպի։
  • Սա էլ իր խնդիրներն ունի․ ուկրաինական բանակը ծանր տեխնիկայի պակաս է զգում։ Նախևառաջ, խոսքը հեռահար ՀՕՊ համակարգերի մասին է, որոնք ունակ են դիմակայելու ռուսական ավիացիային ցանկացած բարձրության վրա, ինչպես նաև մարտական մեքենաների, որոնք ուկրաինական բանակը շարժուն կդարձնեն գրոհի ժամանակ։ Սպասվող ծանր մարտերում տեխնիկայի կորուստները կարող են կրիտիկական խնդիր լինել ուկրաինական բանակի համար։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել