ՊՆ-ն մերժել է տեղեկության տրամադրումը գաղտնիքի հիմքով այն դեպքում, երբ Հայկ Սարգսյանը հրապարակել է դրա վերաբերյալ որոշ տվյալներ
16:54 - 26 ապրիլի, 2022

ՊՆ-ն մերժել է տեղեկության տրամադրումը գաղտնիքի հիմքով այն դեպքում, երբ Հայկ Սարգսյանը հրապարակել է դրա վերաբերյալ որոշ տվյալներ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերից մեկին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ներկայացնելով իր հեղինակած նախագիծը, ի թիվս այլնի, հրապարակեց օրինական հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի վերաբերյալ որոշ ամփոփ տվյալներ։ Նա, մասնավորապես, ասաց․ «Մենք ունենք տարեկան մոտավորապես 8000-10․000 զինծառայող, ովքեր ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից առողջական խնդիրների հիման վրա կամ այլ խնդիրներ ունենալով... Վերջին 8 տարվա մեջ մենք 60․000-ից ավելի զորակոչիկի ազատել ենք պարտադիր զինվորական ծառայությունից»։

Նիստից հետո՝ փետրվարի 25-ին, մենք գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հետաքրքրվելով, թե 2000-2021 թթ ընթացքում ամեն տարի ՀՀ քանի՞ քաղաքացի է ազատվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից եւ քանի՞ քաղաքացի՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Խնդրեցինք հայտնել նաեւ, թե ազատումներից յուրաքանչյուրը օրենքով նախատեսված ո՞ր հիմքով է եղել (առողջական, այլ պետությունում ծառայած լինելու, բացառիկ եւ այլն)։

Մարտի 4-ին ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա․ «Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»,- ասված էր գրության մեջ։

Օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, սական, ՊՆ-ն պատասխանը չտրամադրեց։ Մեկ ամիսը լրանալուն պես՝ մարտի 26-ին, մենք զանգահարեցինք թե՛ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, թե՛ վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն, սովորության համաձայն, մեր զանգերը մի քանի օր շարունակ մնացին անպատասխան։ Միայն մարտի 29-ին մեզ հաջողվեց կապ հաստատել նրանց հետ, որից հետո՝ մարտի 30-ին, ստացանք հարցման պատասխանը հետեւյալ բովանդակությամբ․ «Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում եմ, որ հարցն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ տեղեկացնում եմ, որ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկություաների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 2015թ. հուլիսի 9-ի N 9-Ն հրամանի 55-րդ կետի պահանջները»:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, իսկ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի հիշյալ դրույթը ամրագրում է, որ գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են եւ հրապարակման ենթակա չեն: Նախարարի հիշյալ հրամանի համաձայն էլ՝ գաղտագրման ենթակա տեղեկությունների թվում են ՊՆ համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ուղղությունների ընդհանրացված ամփոփ տեղեկություններ, հանրագումարային տվյալներ պարունակող վերլուծական փաստաթղթեր (նյութեր)` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի։

ՊՆ այս պատասխանը, իհարկե, սպառիչ կլիներ, եթե պատգամավորը նույնաբովանդակ տվյալներ հրապարակած չլիներ։ Այնուհանդերձ, համոզվելու համար, որ Հայկ Սարգսյանի հրապարակած տվյալների աղբյուրը հենց պաշտպանական գերատեսչությունն է, գրավոր հարցում ուղարկեցինք նաեւ Հայկ Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե պետական որ կառույցը կամ պաշտոնատար անձն է տրամադրել իր հրապարակած թվային տվյալները, որն է դրանց աղբյուրը, եւ խնդրեցինք հնարավորության դեպքում տրամադրել դրանք ավելի ամբողջական տեսքով։

Մեր հարցմանն ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը հայտնեց, որ ներկայացված տեղեկության հիմքում ընկած են հաշվարկներ, իսկ հաշվարկների համար օգտագործվել են գաղտնի եւ ոչ գաղտնի տվյալներ, որոնք տրամադրել են ՀՀ ՊՆ-ն եւ ԳՇ-ն․ «Առավել մանրամասներ չեմ կարող հայտնել այս մասով, միայն կարող եմ հավելել, որ ազատվածների 15․3 տոկոսը պիտանի են ծառայության համար եւ ազատվել են այլ հիմքերով։ Հաշվարկների համար օգտագործված թվերը միչեւ 2020 թվականը ընկած, վերջին 10 տարիների միջինացված թվերն են»,- ասված էր պատգամավորի պատասխանում։

Լրացուցիչ հարցմամբ խնդրեցինք տրամադրել հաշվարկների հիմքում ընկած ոչ գաղտնի տեղեկությունները, ինչին ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը տրամադրեց 1984-2001 թթ ծնված տղաների թվաքանակը ՀՀ-ում՝ կից գրությամբ․ «Այս տարեթվերին գումարելով 18՝ ստանում ենք որքան զինծառայող պետք է զորակոչվի 18 տարի հետո։ Այսինքն 2000 թվականին ծնվածները զորակոչվում են 2018 թվականին։ Իհարկե, սա հաշվարկների մեջ շատ չնչին դեր ունեցող տվյալ է, սակայն այստեղ տարակուսելին այն է, որ 1984 -ից 2001 թվականների ընթացքում՝ ընդամենը 17 տարում, ծնված տղաների թիվը կրճատվել է 23502-ով կամ 2,3 անգամ»։

Պարզ է, որ Սարգսյանի տրամադրած այս տվյալները կապ չունեն ՊՆ-ի կամ ԳՇ-ի հետ, նա ինքն էլ նշել է, որ դրանց աղբյուրը Քաղաքացիական կացության ծննդյան վերաբերյալ ակտերն են։ Ուստի անհասկանալի է մնում՝ եթե օրինական հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների թվային տվյալները գաղտնիք էին, ապա ինչու է պատգամավորը դրանցից որոշները հրապարակել Հանձնաժողովի նիստում, իսկ եթե գաղտնիք չէին, ապա ինչու ՊՆ-ն, հետագայում նաեւ՝ պատգամավորը, չեն տրամադրում դրանք լրատվամիջոցին։

Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարությունը Infocom-ի հարցմանն ի պատասխան մերժել է տեղեկության տրամադրումը պետական եւ ծառայողական գաղտնիք համարվելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ պատգամավոր Հայկ Սարգսյանը հրապարակել է նույն այդ տեղեկության վերաբերյալ որոշ տվյալներ։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել