Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանավոր նկատողություն է հայտարարել 8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանին։ Վերջինս մեկ տարուց ավելի չէր ներկայացնում դեռ նախորդ տարի՝ 2021 թվականի հունվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնականի լիազորությունները ստանձնելու օրվա դրությամբ իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հայտարարագրի այդ տեսակը ներկայացնելու համար օրենքով նախատեսված է մեկամսյա ժամկետ, եւ Դանիելյանը այն պետք է ներկայացներ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը։ Չնայած նրան, որ դրանից մի քանի ամիս անց Հանձնաժողովը նրա անունը ներառել էր հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակում, ավելի ուշ՝ մեր գրավոր հարցումից հետո, նրան նաեւ գրավոր ծանուցում ուղարկել՝ լրացուցիչ ժամանակ տալով, հայտարարագիրը, մեկ է, չէր ներկայացվել։
2022 թվականի մարտի 17-ին արդեն պատգամավորը հրավիրվել էր Հանձնաժողով՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով արձանագրություն կազմելու։ Հիշյալ հոդվածը պատասխանատվություն է սահմանում հայտարարատու անձի կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերը սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար (պատժվում է 200․000 ՀՀ դրամ տուգանքով)։
Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հանձնաժողովին՝ հետաքրքրվելով՝ Դանիելյանը հրավիրված օրը ներկայացե՞լ է արդյոք, եթե այո, ապա ինչպե՞ս է պատճառաբանել իր հայտարարագրի բացակայությունը։ Խնդրել էինք հայտնել նաեւ՝ հարուցվե՞լ է արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ, եւ ի՞նչ որոշում է կայացվել դրա արդյունքում։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Դավիթ Դանիելյանը, պատշաճ ծանուցված լինելով, մարտի 17-ին չի ներկայացել եւ դրա վերաբերյալ որեւէ պարզաբանում չի տվել։ Արդյունքում, նրա բացակայությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, եւ նույն օրը հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Գործի քննությունը նշանակվել է ապրիլի 5-ին։
Արձանագրությունը, վարույթ հարուցելու մասին որոշումը, ինչպես նաեւ վարչական իրավախախտման գործի քննության տեղի եւ ժամանակի մասին տեղեկությունը համապատասխան ուղեկցող գրությամբ փոստային առաքմամբ ուղարկվել են Դավիթ Դանիելյանին: Պատշաճ ծանուցված լինելով՝ պատգամավորը ապրիլի 5-ի նիստին եւս չի ներկայացել եւ չի ներկայացրել որեւէ տեսակի միջնորդություն։
Սակայն նիստի նախորդ օրը՝ ապրիլի 4-ին, նա ներկայացրել է համապատասխան հայտարարագիրը, որն արդեն հասանելի է ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրի համապատասխան բաժնում․ «Ուստի ընդունված պրակտիկայի համաձայն եւ հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հանձնաժողովը որոշեց Դավիթ Դանիելյանին ազատել վարչական պատասխանատվությունից եւ հայտարարել բանավոր նկատողություն՝ կարճելով գործի վարույթը»,- ասված է մեր հարցման պատասխանում։
Հիշյալ 21-րդ հոդվածը սահմանում է, որ եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից եւ բավարարվել բանավոր դիտողությամբ:
Գործի վարույթը կարճելու որոշման մեջ Հանձնաժողովը նշել է, որ արարքի նվազ նշանակությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ թեեւ ձեւականորեն արարքը կարող է պարունակել իրավախախտման հատկանիշներ, սակայն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը, պետությանը այնպիսի էական վնաս չի պատճառվել, որի հիմքով սահմանված պատախանատվությունը դիտարկվի համաչափ: Հանձնաժողովը նշել է նաեւ, որ նվազ նշանակությունը կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել խախտման բնույթը, դրա որակական կողմը, ինչպես նաեւ խախտում թույլ տված անձի վերաբերմունքը խախտման նկատմամբ․ «Հանձնաժողովն արձանագրում է, որ 169.28-րդ հոդվածը նպատակ է հետապնդում ապահովել պետական պաշտոն զբաղեցնող անձի (ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամի) հանրային հաշվետվողականությունը, հանրային գործունեության նկատմամբ վստահությունը, կոռուպցիոն ռիսկերից զերծ գործունեությունը: Խախտման հիմքով պատասխանատվություն սահմանելու հարցը որոշելու համար Հանձնաժողովը գտել է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր գործով գնահատել, թե արդյոք այդ խախտումը հանգեցրել է նորմով պաշտպանվող իրավահարաբերությունների բուն էության խաթարմանը: Այս առնչությամբ էական է խախտման որակական կողմը»,- նշել է ԿԿՀ-ն՝ եզրահանգելով, որ տվյալ դեպքում Դավիթ Դանիելյանի կողմից մինչև գործի քննության օրը հայտարարագրերը ներկայացնելու արդյունքում այդ նորմով պաշտպանվող իրավահարաբերությունների էությունը չի խաթարվել։
Հայտարարագրերի ռեեստրում արդեն հասանելի է նաեւ Դավիթ Դանիելյանի կնոջ հայտարարագիրը, որը եւս նախորդ ամիս՝ սահմանված ժամկետը լրանալուց մեկ տարի անց, դեռ բացակայում էր։ Տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այն ներկայացվել է Հանձնաժողովի ծանուցումից հետո սահմանված ժամկետում, ուստի այս դեպքում վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմվել։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)