Իսրայելցի վարձկաններն Ուկրաինայում կռվում են ««Ազովի» գրոհայինների հետ՝ թիկունք-թիկունքի»․ Զախարովա
20:15 - 04 մայիսի, 2022

Իսրայելցի վարձկաններն Ուկրաինայում կռվում են ««Ազովի» գրոհայինների հետ՝ թիկունք-թիկունքի»․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում «փաստացի «Ազովի» գրոհայինների հետ թիկունք-թիկունքի կանգնած են իսրայելցի վարձկանները», հայտնում է Meduza-ն։

Զախարովայի պնդմամբ՝ ինքը տեսել է «տեսանյութեր, նյութեր», որոնք հաստատում են դա։ Այդ նյութերի մասին մանրամասներ նա չի հաղորդել։

«Ինչպե՞ս է պետք դրան վերաբերվել։ […] Ինչպե՞ս է դա հնարավոր»,- ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։ Նա նշել է, որ այդ տեղեկությունները «հազիվ թե ցանկանան լսել» Իսրայելի քաղաքական գործիչները, որոնք «հիմա տեղեկատվական արշավ են վարում»։

Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 1-ին իտակալան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Հիտլերը հրեական արյուն է ունեցել», իսկ «ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են»։ Այս խոսքերն ասվել են այն համատեքստում, թե Ուկրաինայի իշխանությունը «սատարում է նացիստներին»՝ չնայած երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագմանը։

Իսրայելի ղեկավարությունը Լավրովին մեղադրել է ստի և ռասիզմի համար։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել