Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Աղվան Հովսեփյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը |hetq.am|
10:02 - 05 մայիսի, 2022

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Աղվան Հովսեփյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մայիսի 4-ին տեղի ունեցավ դատական նիստ, որը հրավիրվել էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել կամ չլինելու հարցի քննության համար: Նիստը, սակայն, բուն խափանման միջոցի հարցին չհասավ:

Գործի մեկնարկին դատավոր Մարտիրոսյանը փորձեց պարզել՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու հիմքեր կա՞ն, թե՝ ոչ: Հարցին պատասխանելու համար Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ մի քանի հանգամանք պետք է ճշտել: Սարգսյանը, մասնավորապես, փորձեց պարզել՝ ճի՞շտ է, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործը Մարտիրոսյանին ձեռքով՝ դատարանի նախագահի կողմից է մակագրվել: Գործն, ինչպես ենթադրվում էր, դատավորին ձեռքով է մակագրվել:

Նշենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում 2021  թվականի հուլիս ամիսն գործերի համակարգչային մակագրման ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվել են: Այս իրավիճակը դիտարկվել է որպես անհաղթահարելի ուժի առկայություն, և բացի մարզերի դատարաններից ու Վճռաբեկից, Հայաստանի մյուս բոլոր դատարաններում գործերը դատարանների նախագահների կողմից՝ ձեռքով են մակագրվում:

Շուրջ մեկ ամիս առաջ՝ նախքան Աղվան Հովսեփյանի գործը դատարան ուղարկելը, Դատախազությունը հայտարարեց, որ բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենին, սակայն ԲԴԽ-ն հերքեց այս հանգամանքը: Տևական ժամանակ պետական երկու կառույցները այս հարցով հայտարարություներ էին տարածում ու հերքում միմյանց, ի վերջո, ԲԴԽ-ն հայտնեց, որ բանալիները ստացվել են, սակայն մակագրումը առ այսօր շարունակում են դատարանների նախագահներն իրականացնել: ԲԴԽ-ն ասում է՝ տեխնիկական խնդիրներ կան, որոնք շուտով կշտկվեն, ու դատարանները կանցնեն գործերի համակարգչային մակագրման:

Աղվան Հովսեփյանի գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրվել է ապրիլի 18-ին՝ այն ժամանակաշրջանում, երբ Դատական դեպարտամենտն արդեն ստացել էր սերվերի մուտքի և կառավարման բանալիները, սակայն մակագրումը շարունակում էր ձեռքով իրականացվել: Նման պայմաններում պաշտպանական կողմը ցանկանում է համոզվել, որ դատարանը, որն այժմ քննում է Հովսեփյանի գործը, օրենքի հիման վրա ստեղված դատարան է:

Սարգսյանը դատարանին հայտնեց, որ ինքը  հարցում է ուղարկել Երևանի դատարանի նախագահին՝ պարզելու համար՝ Մնացական Մարտիրոսյանը հանդիսանո՞ւմ է օրենքի հիման վրա ստեղծված դատարան, թե՝ ոչ:  Պաշտպանը, մասնավորապես, հարցրել է, թե Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը ո՞ր օրը և կոնկրետ ո՞ր ժամին է մուտքագրվել Երևանի դատարանի գրասենյակ,  ի՞նչ դատական համար է տրվել դրան, այդ նույն օրը քանի՞ այլ գործ է մուտքագրվել գրասենյակ և դրանց ի՞նչ հարմարներ են տրվել, ո՞ր ժամերին են դրանք մուտքագրվել, ո՞ր ժամին են գործերը մուտքագրվել համակարգ և դրանք տրվել համար, ո՞ր դատավորներին են մակագրվել դրանք: Պաշտպանը խնդրել է նաև տրամադրել ապացույց առ այն, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրվել է Դատարան օրենսգիրք Սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, այսինքն՝ դատավորների ազգանունների այբբենական հաջորդականությունը պահպանելով: Պաշտպանը հարցումն ուղարկելուց 13 օր անց դեռևս դրա  պատասխանը չի ստացել: Որոշ հարցերի պատասխաններ Սարգսյանն արդեն «Դատալեքս»-ի միջոցով պարզել է, այժմ Մնացական Մարտիրոսյանին միջնորդեց դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանից պարզել միայն, թե Աղվան Հովսեփյանի գործը մակագրելու օրը՝ ապրիլի 18-ին, ստացված մյուս գործերը ո՞ր ժամին են մուտքագրվել դատարան, ո՞ր ժամերին՝ համակարգ և ո՞ր դատավորներին են մակագրվել:

Երեմ Սարգսյանը նշեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն է այս գործով արդար դատաքննության իրականացման երաշխավորը, սակայն դատավոր Մարտիրոսյանը որոշեց միջնորդությունը, որպես ոչ ժամանակին արված, թողնել առանց քննության:

«Քրեական դատավարության օրեսգրքի 291-րդ հոդվածով սահմանված է, որ «դատարան մուտք եղած քրեական գործը դատավորները օրենքով սահմանված կարգով  իրենց վարույթ են ընդունում, իսկ տվյալ դեպքում սահմանված կարգը դատարանի նախագահի կողմից մակագրումն է»,- ասաց Մարտիրոսյանը, ապա հավելեց, որ տվյալ վարույթի շրջանակներում նախատեսված չէ պաշտպանի կողմից բարձրացված նշված հարցերին անդրադառնալ, այլ անհրաժեշտ է մեղադրյալի լսված լինելու իրավունքն ապահովել:

Նշենք, որ այժմ, երբ մակագրումը դատարանի նախագահի կողմից, այլ ոչ թե համակարգչով է իրականացվում, Երևանի դատարանի գրասենյակ ստացված բոլոր գործերը օրվա ընթացքում հավաքվում են, ապա՝ մուտքագրվում համակարգ ու բաշխվում՝ ըստ համակարգ մուտքագրման, այլ ոչ թե դատարան մուտքագրման հաջորդականության: Երեմ Սարգսյանը համոզված է, որ մակագրման նման կարգը հնարավորություն է տալիս գործերը դատավորներին ընտրողաբար մակագրելու, բայց առերևույթ տպավորություն է ստեղծվում, թե  գործերի  բախշումը դատավորների միջև կատարվում  է այբբենական կարգով՝ ըստ նրանց ազգանունների հաջորդականության:

Պաշտպանը դատավոր Մարտիրոսյանին խնդրեց հայտնել, թե ի՞նչ օբյեկտիվ չափանիշի հիման վրա և սահմանված ի՞նչ ընթացակարգով է գործը մակագրվել դատավորին: Մարտիրոսյանը պատասխանեց, թե պատշաճ  ընթացակարգով է գործն իրեն մակագրվել, որևէ խնդիր իրեն հայտնի չէ:

Պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն էլ փորձեց պարզել՝ ինչպե՞ս է ստացվել, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, տեղյակ լինելով, որ համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն  արդեն Դատական դեպարտամենտի տիրապետության ներքո են գտնվում, չի հետաքրքրվել՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործն ինչո՞ւ է իրեն դատարանի նախագահի կողմից մակագրվել:

Դատավոր Մարտիրոսյանը պատասխանեց, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գործերից մեկով նախադեպային որոշում ունի, համաձայն որի՝ պետք է ելնել պետական մարմինների, պաշտոնատար անձանց  գործողությունների օրիանականության կանխավարկածից, և դատարանը որևէ հիմք չուներ ենթադրելու, որ դատարանի նախագահը սխալ է թույլ տվել, սխալ է աշխատում կամ դիտավորություն ունի:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել