Աշակերտի նկատմամբ բռնությունը որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ. ՄԻՊ
18:20 - 05 մայիսի, 2022

Աշակերտի նկատմամբ բռնությունը որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքին: ՄԻՊ-ը խիստ դատապարտելի է համարում նման մոտեցումը և նշում, որ այն որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։

«Ֆիզիկական, հոգեկան և այլ տեսակի բռնությունից երեխայի պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու են ինչպես ծնողներն ու օրենքով երեխայի համար պատասխանատու անձինք, այնպես էլ կրթության պատասխանատուներն ու մանկավարժները։ Կարևոր է նաև արձանագրել, որ ոլորտի քաղաքականության պատասխանատու մարմին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքը չի ուշացել, սակայն անհրաժեշտ են նաև համակարգային միջոցառումներ թե մանկավարժների ու վարչական աշխատողների՝ երեխայի իրավունքների թեմաներով մասնագիտական պատրաստումը խթանելու, և թե երեխայակենտրոն ու երեխայազգայուն մոտեցումները կրթության կազմակերպման գործելակերպերում ամրապնդելու համար»,-ասված է ՄԻՊ-ի հայտարարությունում։

Որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի մշտադիտարկման ազգային մեխանիզմ և երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման ու պաշտպանության մարմին, Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն, և այս մասով պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից։

Համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, որ Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան համար 24 դպրոցում ութերորդ դասարանի աշակերտին դասասենյակում գրքերով հարվածել է անգլերենի ուսուցչուհին: Դեպքն ուսումնասիրելու համար դպրոցում են եղել քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչները: Միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ԿԳՄՍ նախարարությունը՝ խստորեն դատապարտելով հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում: Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարությունը հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել