Աշակերտների նորարար էկոլոգիական լուծումները․ «Այբ» դպրոցի հետ Climate Uturn-ը անցկացրեց էկոլոգիական ծրագիր
16:53 - 13 մայիսի, 2022

Աշակերտների նորարար էկոլոգիական լուծումները․ «Այբ» դպրոցի հետ Climate Uturn-ը անցկացրեց էկոլոգիական ծրագիր

«Այբ»-ում տեղի ունեցավ Climate Uturn ծրագրի շրջանավարտների էկոլոգիական նախագծերի շնորհանդեսը։

Krisp և 10Web ընկերությունների աջակցությամբ երեք ամիսների ընթացքում «Այբ» ավագ դպրոցի 13 աշակերտ մասնակցեցին Climate Uturn ծրագրին, որի ընթացքում ուսումնասիրեցին արդի էկոլոգիական խնդիրներ, համաշխարհային դրական լուծումներ, ինչից հետո մարզիչների հետ մշակեցին և իրագործեցին իրական խնդիրներ լուծող 7 էկոլոգիական նախագիծ։

Ծրագրի արդյունքում իրագործված նախագծերը լուծումներ են առաջարկում թափոնների կառավարման, կենսաբազմազանության, կայուն արտադրության, իրազեկվածության բարձրացման, գյուղատնտեսության և բնական ռեսուրսների օգտագործման ոլորտներում։

Նախագծերն են՝ էկոլոգիապես կայուն սրճարան ստեղծելու ուղեցույց, կանաչապատում 7 մակարդակներով, հյուրանոցներ վայրի մեղուների համար, էկոլոգիապես կայուն դիզայն Ագարակաձորում, հեծանվային երթևեկության կանոնների մասին իրազեկող հոլովակ և պաստառ, կայուն տեքստիլի արտադրություն և կտորե թափոնների վերաօգտագործում։

Ծրագրի պիլոտային փուլը տեղի ունեցավ 2020 թվականին «Այբ» ավագ դպրոցի աշակերտների հետ։ Վերջին 2 տարվա ընթացքում ծրագրին մասնակցել են դեռահասներ Երևանից, Արմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերից ինչպես նաև Ռուսաստանի Մոսկվա, Կոլոմնա, Նիժնի Նովգորոդ քաղաքներից։ Ծրագիրն արդեն ունի 160-ից ավել շրջանավարտ։

Climate Uturn-ը օգնում է դպրոցականներին և ուսանողներին դարձնել իրենց քաղաքներն էկոլոգիապես կայուն։ Ծրագրի մարզիչները միանում են Քեմբրիջից, Լոնդոնից, Մոսկվայից, Թել Ավիվից և Երևանից։ Մարզիչների մեջ կան University College London-ի և Cambridge University-ի շրջանավարտներ։

Climate Uturn-ն իր ծրագրերն իրականացնում է Future Armenian նախաձեռնության աջակցությամբ։ Ծրագրի ղեկավարն է Դիանա Բադեյանը։ Գործընկերներն են «Այբ» դպրոցը, GIZ Armenia բնապահպանական ծրագիրը, HeadHunter (Ռուսաստան), 10Web, Krisp և EasyPay (Հայաստան) տեխնոլոգիական ընկերությունները։

«Այբ» ավագ դպրոցն առաջին կրթական սոցիալական նախաձեռնությունն է Հայաստանում։ Աշակերտների 75%-ից ավելին ստանում է ֆինանսական աջակցություն։ Սա նշանակում է՝ որևէ աշակերտ, որ ընդունվում է «Այբ» ավագ դպրոց, այստեղ սովորելու հնարավորությունից չի զրկվում ընտանիքի վճարունակության պատճառով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել