Ովքեր են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարում, ովքեր՝ ոչ․ Politico
12:16 - 27 մայիսի, 2022

Ովքեր են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարում, ովքեր՝ ոչ․ Politico

Եվրամիության մի շարք ընկերություններ Մոսկվայի կողմից ճնշման են ենթարկվում ռուսական գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելու առնչությամբ այն դեպքում, երբ Եվրահանձնաժողովի ուղեցույցը շփոթմունք է առաջացնում, գրում է Politico-ն, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Վերջին ամիսներին ԵՄ էներգետիկ ընկերությունները փորձում են հասկանալ Բրյուսելի մշուշոտ, երբեմն էլ հակասական հայտարարություններն այն մասին, թե արդյոք ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը ԵՄ պատժամիջոցների խախտում է։

Այս պահի դրությամբ ռուսական գազի մատակարարումները դադարեցվել են ԵՄ երեք երկրների համար այն պատճառով, որ նրանց էներգետիկ ընկերությունները հրաժարվել են կատարել Ռուսաստանի՝ մարտի 31-ին ընդունած որոշումը․ ըստ այդ որոշման՝ «ոչ բարեկամ երկրները» գազի դիմաց վճարումները պետք է իրականացնեն ռուսական «Գազպրոմբանկում» բացված երկու հաշիվներով, որոնցից մեկը պետք է լինի եվրոյով կամ դոլարով, մյուսը՝ ռուբլով, որպեսզի արտարժույթի փոխանակում իրականացվի։

Սակայն ավելի ու ավելի շատ էներգետիկ ընկերություններ են կամավոր կերպով վճարումներն իրականացնում ռուսական բանկի հաշիվների միջոցով։ Նրանք պնդում են, որ վճարումները չեն խախտում ԵՄ պատժամիջոցները։

ԵՄ երկրներին ուղարկված նախնական ուղեցույցում Եվրահանձնաժողովը զգուշացրել է, որ գազի դիմաց ռուբլով վճարումը «կհանգեցնի ԵՄ պատժամիջոցների խախտման»։

Սակայն ապրիլին հրապարակված ուղեցույցում նշվել է, որ ԵՄ պատժամիջոցները «չեն արգելում հաշիվներ բացել «Գազպրոմբանկում»»։ Իսկ ապրիլի վերջին թարմացված ուղեցույցում ոչ մի պարզաբանում չկա, թե արդյոք ռուբլով հաշիվները խախտում են ԵՄ պատժամիջոցները։

Մայիսի կեսերին ԵՄ դիվանագետների հետ հանդիպմանը Եվրահանձնաժողովի տնօրենության էներգետիկ հարցերով գլխավոր տնօրեն Դիտե Յուլ-Յորգենսենը ներկաներին ասել է, որ Եվրահանձնաժողովն ընկերություններին խորհուրդ է տալիս ռուբլով հաշիվներ չբացել, սակայն նա չի ասել, թե դա պատժամիջոցների խախտում է: Այդ մասին հայտնել են քննարկմանը լավատեղյակ երեք անձինք։

Ռուսական կառավարությունը հայտարարել է, որ արդեն այս շաբաթ հրապարակելու է օտարերկրյա ընկերությունների լիարժեք ցանկը, որոնք ռուբլով հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»։

Իսկ մինչ այդ ներկայացնենք այն, ինչ հայտնի է այս պահի դրությամբ։

 

Ընկերություններ, որոնք մերժել են կատարել ռուսական պահանջը

Լեհաստան, PGNiG: Ընկերությունը հրաժարվել է ռուբլով վճարումներ կատարել ապրիլի 12-ին։ Գազի մատակարարումները դադարեցվել են ապրիլի 27-ին։

Բուլղարիա, «Բուլղարգազ»։  Հրաժարվել է ռուբլով վճարել. մատակարարումները դադարեցվել են ապրիլի 27-ին։

Ֆինլանդիա, «Gasum»։ Ֆինլանդիայի կառավարությունը նույնպես մերժել է Ռուսաստանի պահանջը. մատակարարումները դադարեցվել են մայիսի 21-ին։

 

Ընկերություն, որը դեռ չի կողմնորոշվել

Նիդերլանդներ, «GasTerra»։ Մասամբ պետական ընկերությունը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել «Գազպրոմի» հետ իր պայմանագրից, սակայն նշել է, որ պատժամիջոցների հարցում անհստակությունը «շատ է նյարդայնացնում»։ Մայիսի 24-ին «GasTerra»-ն Politico-ին ասել է, որ իրավիճակը դեռ պարզ չէ։ «Նիդերլանդները դիմել է Եվրահանձնաժողովին՝ խնդրելով հստակեցնել ուղեցույցը ռուբլով հաշիվների մասով»,- ասել է Նիդերլանդների էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։

 

Ընկերություններ, որոնք շարունակում են վճարումները ռուսական «Գազպրոմբանկի» միջոցով

Այս ընկերությունները շարունակում են ռուսական գազի դիմաց վճարել և ստանալ այն, սակայն «Գազպրոմի» հետ իրենց համաձայնագրի մանրամասները, օրինակ, թե արդյոք ռուբլով հաշիվներ են բացել, կարող են չհրապարակել։

Հունգարիա, MVM: «Մենք վճարում ենք եվրոյով, «Գազպրոմբանկը» եվրոն փոխանակում է, և այդ գումարը վճարվում է «Գազպրոմ էքսպորտին»,- ապրիլին 11-ին ասուլիսի ժամանակ ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Գերմանիա, VNG: «Մենք կվճարենք գումարը, որը նախկինի պես արտահայտված կլինի եվրոյով, այն կփոխանցվի «Գազպրոմբանկի» հաշվին, […] որպեսզի մեր կողմից ապահովվի ժամանակին վճարումը մեր մատակարարին... Մենք նաև կարծում ենք, որ գումարը ռուբլով փոխանակելը դժվարություն չի առաջացնի․․․ հաշվի բացումը հարթ է ընթացել»,- ասել է ընկերությունը մայիսի 9-ին։

Գերմանիա, RWE։ «Մենք պատրաստ ենք եվրոյով վճարել և համապատասխան հաշիվ ենք բացել»,- ասել է ընկերությունը մայիսի 16-ին։

Գերմանիա, «Uniper»: ««Uniper»-ը հաշիվ է բացել «Գազպրոմբանկում» և կարգավորումներ իրականացրել՝ պայմանագրով նախատեսված եվրոյով վճարումներն այդ հաշվին փոխանցելու համար՝ վճարային նոր մեխանիզմի համաձայն»,- ասել է ընկերությունը մայիսի 18-ին։

Ֆրանսիա, «Engie»: ««Engie»-ն «Գազպրոմի» հետ բանակցություններ է վարում՝ ռուսական գազի մատակարարման դիմաց վճարման սխեմայի փոփոխման վերաբերյալ Ռուսաստանի պահանջի մասով։ Ընկերությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել՝ պատրաստ լինելու կատարել իր վճարային պարտավորությունները,- ասել է ընկերությունը մայիսի 17-ին։

Իտալիա, «Eni»: ««Eni»-ն «Գազպրոմբանկում» երկու հաշիվների բացման ընթացքի մեջ է (մեկը՝ եվրոյով, մյուսը՝ ռուբլով)»,- հայտնել է ընկերությունը մայիսի 17-ին։

Ավստրիա, OMV: «Ներկա պահին մենք սկսել ենք պատժամիջոցներին համապատասխանող վճարման գործընթաց, որն ապահովում է գազի մատակարարման դիմաց ժամանակին կատարվող վճարումները»,- նշել է ընկերությունը մայիսի 20-ին։

Չեխիա, ČEZ: «Մենք եվրոյով վճարում ենք կատարել՝ Եվրահանձնաժողովի հանձնարարականին համապատասխան։ Մանրամասներ չենք հաղորդելու»,- ասել է ընկերությունը մայիսի 20-ին։

Սլովակիա, SPP: «Սլովակիան ապրիլյան վճարումներն իրականացրել է եվրոյով՝ գործող պայմանագրի համաձայն․․․ ԵՄ այն մոտեցման հիման վրա, որ նման վճարումը պատժամիջոցների խախտում կամ շրջանցում չէ»,- հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարարությունը մայիսի 20-ին։

Սլովենիա, Geoplin: ««Geoplin»-ն իր ռուս գործընկերոջ հետ պայմանավորվել է վճարման ընթացակարգի մասին, որը համապատասխանում է պայմանագրին, ինչպես նաև ԵՄ ինստիտուտների միջոցներին և հանձնարարականներին»,- ընդգծել է ընկերությունը մայիսի 20-ին»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել